Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նոր գիրք բժիշկների համար՝ «Բուժում է Վարդանանցը»

Նոր գիրք բժիշկների համար՝ «Բուժում է Վարդանանցը»

2022-11-03

  Օրերս տեղի ունեցավ   «Բուժում է Վարդանանցը»  գրքի շնորհանդեսը, որին ներկա էր բժշկական հանրությունը: Գրքի շուրջ 600 էջում ամփոփված են տարածված հիվանդությունների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։

  «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն, գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար  Հարություն Մանգոյանը «Victoria health news»-ի հետ զրույցում ասաց, որ գրքի հասցեատերը առաջնային օղակի  բժիշկն է, որն ունի այս որակի տեղեկատվության կարիք. «Ամեն օր, երբ բժիշկը բուժում է իր հիվանդին, ուզում է վստահ լինել, որ օգտագործում է  լավագույն միջազգային փորձը: Իսկ այս ամենի վերևում կանգնած է պացիենտը, ով  ցանկանում է ստանալ լավագույն բուժում»:  Հ. Մանգոյանի խոսքով, գրքի վրա աշխատել են շուրջ մեկ ու կես  տարի. «Ընտրել ենք լավագույն աղբյուրները, թարգմանել և ադապտացրել. դրանից հետո ներդրել ենք «Վարդանանց» ՆԲԿ-ում, շուրջ 3 տարի աշխատել ենք, և միայն այս փուլերից հետո   խիզախեցինք, որ կարող ենք կիսվել  մասնագիտական հանրության հետ»:

  Գիրքը կազմելիս օգտվել են եվրոպական, ինչպես նաև հյուսիս-ամերիկյան   աղբյուրներից  (Dynamed. com, Cochrane. org, Uptodate. com): Այս պահին ընդգրկված է  առօրյա պրակտիկայում կիրառվող 137 գործելակարգի նկարագրություն։ Առաջիկայում նախատեսվում է համալրել ժողովածուն և ներառել 695 գործելակարգ, որոնք կարդիականացվեն տարին մեկ անգամ։

  ՀՀ առողջապահության նախարարության  ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Այրումյանը համոզված է, որ այս ձեռնարկը դառնալու է ընտանեկան բժիշկների սեղանի գիրքը: Վերջինս  նկատեց,  որ  որակյալ բուժօգնություն տրամադրելուց  բացի,  գիրքը  կպաշտպանի նաև բժշկին՝ նվազեցնելով  վերջինիս սխալվելու հավանականությունը:

  Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  արդեն ծանոթացել է գրքի հետ և բարձր է գնահատում նրա նշանակությունը. «Սպասված գիրք է, հայերեն լեզվով մենք այսպիսի գրականություն չունենք, արդիական է, որովհետև ընդհուպ մինչև վերջին՝ 2021 թ-ի տվյալներ են  ներկայացված: Եվ ամենակարևորը, կա գրքի նաև էլեկտրոնային տաբերակը և հնարավոր կլինի   միշտ այն թարմացնել»:

  Շնորհանդեսին ներկա առաջնային օղակի թերապևտները և ընտանեկան բժիշկները «Բուժում է Վարդանանցը» գիրքը ստացան որպես նվեր: Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել ՝ 1.000.000  դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։


Վերջին նորություններ