Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


210 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

210 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

2019-09-09


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 15 % անպտղություն ունեցող երկիրը համարվում է ճգնաժամային և ունի  ժողովրդագրական լրջագույն խնդիր: Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում անպտղությունը բավականին տարածված է՝ 14.08  % է: Միայն Հայաստանում առաջնային անպտղություն ունեցող 20 հազար զույգ է գրանցված: Հետևաբար՝ Հայաստանը շատ մոտ է ճգնաժամային ցուցանիշներին:        

Առողջապահության նախարարության՝ Մայրական և վերարտադրողական  առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր ներկայացրեց անպտղություն ունեցող զույգերին՝ պետության կողմից արտոնյալ և անվճար պայմաններով ծրագիրը:  

Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի համար՝ մինչև տարեվերջ պետությունը տրամադրել է 210 մլն. դրամ, որի շրջանակում իրականացվելու են՝

·       Անպտղության պատճառագիտության ախտորոշում և և բուժում,

·       Մինչև վերարտադրողականության  օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,

·       Ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական  սերմնավորում՝  առավելագույնը 6 փորձ,

·       Արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ՝ սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:

Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50 %  մասնակցությամբ:

Պետությունը չի փոխանցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը:

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները կարող են դիմել 5 բժշկական կազմակերպության՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ, Ֆերտիլիթի ԲԿ: Բուժհաստատությունում գործող հանձանժողովն էլ տալու է եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ: Ծառայություններն էլ մատուցվում են ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային գրանցման հաջորդականության:

Ծրագրից կարող են օգտվել 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ հետևյալ զույգերը՝

1.     Երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողին հավասարեցված անձ

2.     Զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ պատճառական կապով զոհվածի ծնողներ

3.     Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

4.     Զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթէ կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

5.     Սոցիալական աջակցություն ստացող  սահմանամերձ համայնքների բնակիչներ:

 

Լրացուցիչ պահանջներն  են՝

1.     Ամուսններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2.     Կինը 20-35 տարեկանում հաշվառվելու դեպքում  նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվորի որդի կորցրած մայրերի դեպքում՝ մինչև 42 տարեկանը:

Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր  (բնօրինակներ) և էպիկրիզ՝ նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:

Գայանե Ավագյանի խոսքով՝ անպտղության տեխնոլոգիաները աշխարհում տասնապատիկ անգամ թանկ են, քան Հայաստանում է, իսկ արդյունավետությունը նույնն է, ուստի՝ ծրագրի շրջանակում սպասվում է 130-140 հղիություն ու ծննդաբերություն:


Բժշկական Նորություններ