Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՀԿ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ

ԱՀԿ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ

2020-01-21

 Ծխելու դեմ պայքարին ուղղված տարբեր երկրների կառավարությունների  ծրագրերն օգնում են փրկել կյանքեր, պահպանել առողջությունը, հաղթահարել ծխելու ցանկությունը

    Victoria Health News-ը ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին զեկույցը:

    ԱՀԿ-ի 2018 թ. տվյալների համաձայն՝  «2000-2025 թթ. ծխախոտի օգտագործման տարածվածության գլոբալ միտումների մասին» զեկույցի երրորդ հրապարակման մեջ նշվում է, որ նախորդ երկու տասնամյակի ընթացքում  ծխախոտ օգտագործողների ընդհանուր թիվը նվազել է մոտ 60 միլիոնով ( 2000 թ-ի 1.397 միլիարդից իջնելով մինչև 1.337 միլիարդ մարդ)։ Սա հիմնականում պայմանավորված է կանանց շրջանում սպառողների թվի նվազմամբ (2000 թ.-ին գրանցված է եղել 346 միլիոն, իսկ  2018 թ.՝ 244 միլիոն): Նույն ժամանակահատվածում, տղամարդկանց շրջանում ծխախոտ օգտագործողների թիվն աճել է մոտ 40 միլիոնով ( 2000 թ. 1,050 միլիարդ, 2018 թ.` 1,093 միլիարդ):

    «Տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման նվազումը ծխախոտի դեմ պայքարի ծրագրի շրջադարձային պահերից է», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրիեսոսը,-«Երկար տարիներ մենք գրանցում էինք տղամարդկանց շրջանում ծխախոտի արտադրանքի սպառողների թվի կայուն աճ: Բայց այժմ, ծխախոտի արդյունաբերության հարցում կառավարությունների դիրքորոշման խստացման շնորհիվ, մենք առաջին անգամ տեսնում ենք այս ցուցանիշի նվազում: ԱՀԿ-ն կշարունակի սերտ համագործակցել երկրների կառավարությունների հետ`  նվազման  միտումը պահպանելու համար»:

    ԱՀԿ-ի կանխատեսմամբ ՝ մինչև 2020 թ-ը, 2018-ի համեմատ, ծխախոտ օգտագործող տղամարդկանց և կանանց թիվը կնվազի 10 միլիոնով, իսկ մինչև 2025 թ-ը  ևս 27 միլիոնով և կկազմի 1.299 միլիարդ մարդ: Երկրների մոտ 60% -ում ծխախոտի սպառումը 2010 թ-ից ի վեր անկում է ապրում:

    ԱՀԿ Առողջապահության խթանման դեպարտամենտի տնօրեն, դոկտոր Ռուդիգեր Կրեշի խոսքով՝ համապարփակ, գիտական ապացույցների վրա հիմնված միջոցառումների իրականացումը և պահանջների խստացումը թույլ է տալիս կառավարություններին պաշտպանել իրենց քաղաքացիների և հասարակության բարեկեցությունը, ինչը վկայում է աշխարհում ծխախոտի օգտագործման կրճատման մասին:

    Մինչև 2025 թ-ը նվազումը կկազմի 23%: Միայն 32 երկիր կկարողանա հասնել 30% -ի ցանկալի կրճատմանը: Այնուամենայնիվ, ըստ ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի բաժնի ղեկավար, դոկտոր Վինայակ Պրասադի, սպառողների մեծամասնություն կազմող տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման կանխատեսվող նվազումը կարագացնի գլոբալ նպատակին հասնելու ջանքերը:

«Ծխախոտ օգտագործողների թիվը նվազում է, և սա կարևոր քայլ է համաշխարհային հանրային առողջության պահպանման գործում», - ասում է Դոկտոր Պրասադը,-«Բայց աշխատանքն այստեղ չի ավարտվում: Առանց ազգային գործողությունների ակտիվացման, ծխախոտի սպառման թվի կանխատեսվող նվազումը չի հասնի իր թիրախային կետին: Իսկ մենք իրավունք չունենք նահանջել ծխախոտի խոշոր բիզնեսի դեմ պայքարում»:

Միտումներն Ասիայում

    ԱՀԿ-ի տվյալներով, ծխախոտի սպառման ամենաբարձր թիվը գրանցվել է հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում ՝ այստեղ ծխում է 15 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց ավելի քան 45% -ը, բայց ակնկալվում է, որ այդ ցուցանիշն արագորեն կնվազի և 2025 թ-ին կհասնի մոտ 25% -ի, ինչը մոտավորապես համապատասխանում է Եվրոպական և Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դիտարկված մակարդակին: Կանխատեսվում է, որ ծխող տղամարդկանց միջին տեսակարար կշիռի առումով, Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը, այդ թվում նաև Չինաստանը, կզիջի Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:

Միտումներն Ամերիկա մայրցամաքի երկրներում

    Ամերիկա մայրցամաքի 15 երկրներ կայուն տեմպերով են մոտենում նպատակին ՝ մինչև 2025 թ-ը ծխախոտի սպառումը 30% -ով կրճատելու առումով  այս տարածաշրջանը կլինի առաջատարը ԱՀԿ 6 շրջաններում:

Քաղաքական միջոցառումներ

    Գնալով աճում է այն երկրների թիվը, որոնք ձեռնարկում են ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ և ցանկալի ազդեցություն են թողնում ծխախոտի սպառման նվազման վրա: Ծխախոտի սպառման թվի կրճատման  և առողջության պահպանման համար շատ երկրներում այս ծրագրի ֆինանսավորման, եկամտի աղբյուր  է ծխախոտի արտադրանքի հարկումը:

Միտումներն Հայաստանում (Անծուխ Հայաստան)

    Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը): Ծխելու դեմ պայքարի համար մշակված է քայլերի հաջորդականության ռազմավարություն: «Անծուխ Հայաստան»-ի շրջանակում   սոցիալական արշավների միջոցով իրականացվում են   իրազեկման միջոցառումներ: Իսկ օրենսդրական  փոփոխությունների արդյունքում    արգելվելու է ծխախոտի վաճառքն ու ծխելը  հանրային վայրերում: Ծխողների քանակի նվազումը թեև տեսանելի կլինի տարիների ընթացքում, սակայն, շատ կարևոր են, այս պահին արվող միջոցառումները, որոնք էլ՝  ապագայում սպասվելիք  դրական արդյունքների գրավականն են:

    Իսկ վերջում ԱՀԿ-ն հիշեցնում է, ամեն տարի ծխախոտն ավելի քան 8 միլիոն մարդու կյանք է խլում: Մահացողների  7 միլիոնն անմիջապես ծխողներն են, մոտ 1,2 միլիոնը՝ երկրորդային ծխողները: Ծխելու հետևանքով մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնք ագրեսիվ մարքեթինգի թիրախ են  ծխախոտ արտադրող ընկերությունների  համար։



Բժշկական Նորություններ