Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՍԵՊՍԻՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ԱՃԵԼ Է

ՍԵՊՍԻՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ԱՃԵԼ Է

2020-01-24

  Ամբողջ աշխարհում սեպսիսի հետևանքով մահացությունների թիվը նախորդ հետազոտությունների տվյալների համեմատ կրկնակի աճել է: Այս մասին հաղորդում է  «The Lancet» բժշկական շաբաթաթերթը՝ ներկայացնելով Պիտսբուրգի և Վաշինգտոնի համալսարանների բժշկության դպրոցների իրականացրած  վերջին հետազոտության տվյալները։ Հետազոտողները պարզել են, որ աշխարհում 2017 թ.-ին  սեպսիսով հիվանդացության 48.9 միլիոն դեպք է գրանցվել և 11 միլիոն մահ, այսինքն՝ 5 մարդուց  1-ը մահանում է։

Սեպսիսն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդու օրգանները դադարում են պատշաճ կերպով գործել, քանի որ իմունային համակարգը թուլանում է և չի կարողանում պայքարել հիվանդության դեմ։ Նույնիսկ եթե սեպսիսի հետևանքով մարդը չի մահանում, նա կարող է ողջ կյանքի ընթացքում մնալ հաշմանդամ։ Մահվան ամենատարածված պատճառներից է  շնչառական վարակները։

2017 թ-ին մահերի 85%-ը գրանցվել է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Աֆրիկայում, Սահարա անապատի երկրներում, Ավստրալիայի մերձակայքում գտնվող Հարավային Խաղաղ օվկիանոսյան կղզիներում և Հարավարևելյան Ասիայում: Կանանց շրջանում Սեպսիով հիվանդացության դեպքերն ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ: Հիվանդությունը գնալով երիտասարդանում է. ավելի քան 40%-ը  5 տարեկանից ցածր երեխաներ են:

«Ես աշխատել եմ Ուգանդայի գյուղական վայրերում, և առնչվում էի այս հիվանդության հետ ամեն օր: Ցավալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է երեխան աչքիդ առաջ մահանում այս հիվանդությունից, որը հնարավոր էր կանխել խնամքի տարրական միջոցներ ձեռնարկելով», - ասում է բժշկության ամբիոնի դոցենտ Քրիստինա Ռուդը,-«Ես ուզում եմ ներդրում ունենալ այս ողբերգությունը կանխելու գործում, ուստի՝ մասնակցում եմ բազմաթիվ հետազոտությունների: Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մենք առաջընթաց ենք ապրում, եթե նույնիսկ չգիտենք խնդրի չափը, քանի որ աշխարհում հիվանդությունների հետևանքով մահացությունների ցուցակի տասնյակում սեպսիսն ընդգրկված չէ»։

Նախկինում մեծամասշտաբ տվյալները սեպսիսի վերաբերյալ սահմանափակ էին, քանի որ դրանք հիմնված էին միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների հիվանդանոցային տվյալների բազաների վրա: Նախորդ ուսումնասիրությունները անտեսում էին հիվանդանոցից դուրս գրանցված սեպսիսի իրական թվերը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այսօրվա ուսումնասիրության արդյունքները աննախադեպ են, քանի որ դրանք ներառում են և՛ արտահիվանդանոցային, և՛ հիվանդանոցային դեպքերը։

«Մեզ անհանգստացնում են հիվանդացության աննախադեպ բարձր թվերը, նամանավանդ,  երբ այն ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխարգել և բուժել», - ասում է Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի դոկտոր, բ.գ.դ., Մոհսեն Նաղավին: Նա գտնում է, որ անհրաժեշտ է նորածինների շրջանում սեպսիսի կանխարգելման նոր ուղղվածություն մշակել, ինչը կլինի կարևոր շարժիչ ուժ հակամանրէային դիմադրության  խնդիրը լուծելու համար:

               Ըստ Քրիստինա Ռուդի՝ խնդրի լուծումը պետք է սկսել հանրային առողջության հիմնական ենթակառուցվածքներից,-«Պետք է լինեն պատվաստանյութեր, բոլորն ունենան սանհանգույցի և մաքուր խմելու ջրի հասանելիություն,  պետք է ապահովել երեխաների պատշաճ սնունդը և պահպանել մայրական առողջությունը»։ Անդրադառնալով ԱՄՆ-ին՝ Ռուդն արձանագրում է, որ  սեպսիսը դեռևս խնդիր է  այնտեղ և գտնվում է հիվանդանոցային մահացության վերին հորիզոնականում: Նա կարծում է, որ զարգացման հավանականությունը նվազեցնելու համար պետք է ստանալ գրիպի դեմ համապատասխան բուժում, և անհրաժեշտության դեպքում ` թոքաբորբի դեմ պատվաստանյութ: Դրանից բացի, պետք է ավելի պատշաճ աշխատանք կատարել՝ կանխելու հիվանդանոցային վարակները և քրոնիկ հիվանդությունները, ինչպիսին, օրինակ, շաքարախտն է, որը մարդկանց ավելի խոցելի է դարձնում։ Ռուդն առաջարկում է նաև օժանդակել բարձր եկամուտ ունեցող երկրներին, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ցածր եկամուտ ունեցող երկրներում սեպսիսի տարածման տեմպերի նվազման ուղղությամբ տարվող աշխատանքներում:


Բժշկական Նորություններ