Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՍԹՐԵՍԸ ՄԱԶԵՐԻ ՃԵՐՄԱԿԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ․ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ

ՍԹՐԵՍԸ ՄԱԶԵՐԻ ՃԵՐՄԱԿԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ․ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ

2020-02-03

     Բրիտանական գիտահանրամատչելի «Nature» ամսագիրը հրապարակել է Հարվարդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը, թե ինչպե՞ս կարող է սթրեսն ազդել մարդու օրգանիզմի վրա:  

     Նրանք պարզել են նյարդային համակարգի և գունանյութը վերականգնող ցողունային բջիջների միջև կապը: Փորձարկումն իրականացվել է մկների վրա: Պարզվել է, որ մկների մոտ պաշտպանական ռեակցիայի համար պատասխանատու նյարդի տեսակը վնասում է մազի ֆոլիկուլում  պիգմենտը վերականգնող ցողունային բջիջները:

    «Յուրաքանչյուր ոք իր պատմությունն ունի, թե ինչպես է սթրեսն ազդել իր օրգանիզմի, հատկապես մաշկի և մազերի վրա, որոնք մարդու համար տեսանելի միակ հյուսվածքներն են»,-ասում է Հարվարդի համալսարանի ավագ գիտաշխատող, բջջաբանության և կենսաբանության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր Յա-Չին Հսուն։

    Նրանք ցանկացել են պարզել, թե  ինչպես է սթրեսը հանգեցնում տարբեր հյուսվածքների փոփոխությունների։ Քանի որ սթրեսը ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, հետազոտողները նախ պարզել են, թե մարմնի որ համակարգն է պատասխանատու, երբ  սթրեսն ազդում է  մազերի գույնի վրա: Թիմը սկզբում ենթադրել է, որ սթրեսը առաջացնում է իմունային հարձակում գունանյութ արտադրող բջիջների վրա: Երբ իմունային բջիջներ չունեցող մկների մոտ  դիտվում էր մազածածկույթի ճերմակում, հետազոտողները դիտարկել են նաև կորտիզոլ հորմոնը: Սակայն, դա ևս փակուղի էր:

    Յա-Չին Հսուն ասում է, որ սթրեսը միշտ բարձրացնում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակը, ուստի  կարծում էին, որ կորտիզոլը ևս կարող է դեր ունենալ: Բայց երբ մկների մարմնից հեռացնում են վերերիկամային գեղձը, որպեսզի նրանք չկարողանան արտադրել կորտիզոլի շարքի հորմոններ, մկների մազերը սթրեսի ժամանակ շարունակում էին  ճերմակել:

    Մի շարք վարկածներ բացառելուց հետո՝ գիտնականներն անցել են սիմպաթիկ նյարդային համակարգի ուսումնասիրությանը, որը պատասխանատու է օրգանիզմում պաշտպանական ռեակցիաների համար:

    Սիմպաթիկ նյարդաթելերը տարածվում են մաշկի յուրաքանչյուր մազի ֆոլիկուլի վրա: Հետազոտողները պարզել են, որ սթրեսի հետևանքով սիմպաթիկ նյարդաթելերը արտազատում են քիմիական նորադրենալին, որը ներծծվում է պիգմենտը վերականգնող ցողունային բջիջների կողմից:

   Մազի ֆոլիկուլում որոշ ցողունային բջիջներ հանդես են գալիս որպես պիգմենտ արտադրող բջիջների «պահեստ»: Երբ մազերը վերականգնվում են, ցողունային բջիջների մի մասը վերածվում են մազերի գույնը գունավորող բջիջների:

   Հետազոտողները պարզել են, որ սիմպաթիկ նյարդաթելերից արտադրված նորադրենալինը առաջացնում է ցողունային բջիջների գերակտիվացում: Բոլոր ցողունային բջիջները վերածվում են գունանյութ արտադրող բջիջների՝ պաշարը վաղաժամ քայքայելով:

   «Երբ մենք սկսեցինք ուսումնասիրել այս պրոցեսը, ես ակնկալում էի, որ սթրեսը վնասակար կլինի օրգանիզմի համար, բայց սթրեսի վտանգավոր հետևանքները, որ մենք բացահայտեցինք արդյունքում, վեր էին իմ պատկերացումներից: Մի քանի օր անց պիգմենտ արտադրող բոլոր ցողունային բջիջները ոչնչացել էին և այլևս երբեք չէին կարող գունանյութ արտադրել: Վնասն անդառնալի է»,- ասում է Յա-Չին Հսուն,- «ինչպես գիտենք, պերիֆերիկ նեյրոններն օրգան-համակարգի, արյունատար անոթների և իմունային համակարգի աշխատանքը կարգավորող հզոր գործիք են, սակայն շատ քիչ բան է  հայտնի այն մասին, թե ինչպես են պերիֆերիկ նեյրոնները  կարգավորում ցողունային բջիջների աշխատանքը»:

   Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նեյրոնները կարող են վերահսկել ցողունային բջիջներն ու դրանց գործառույթը, ինչպես նաև՝ բջջային և մոլեկուլային մակարդակում նրանց փոխազդումը սթրեսի հետևանքով մազերի ճերմակման ժամանակ:

   Ստացված արդյունքները կնպաստեն բացահայտելու սթրեսի մյուս ազդեցությունները տարբեր օրգանների և հյուսվածքների վրա՝ հնարավորություն տալով կատարելու նոր ուսումնասիրություններ, որոնք կօգնեն կանխելու սթրեսի վնասակար հետևանքները:


Բժշկական Նորություններ