Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՕԴԱՓՈԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ  ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ԹՈՔԵՐԸ

ՕԴԱՓՈԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ԹՈՔԵՐԸ

2020-04-21

     Բժիշկները նախազգուշացրել են, որ օդափոխիչ սարքերի՝ ժամանակից շուտ կիրառումը կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան՝ օգուտ:  «Victoria health news»-ի փոխանցմամբ այս մասին գրում է  «Daily mail»  բրիտանական կայքը:

     Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում COVID-19-ով  տառապող հիվանդների երկու երրորդը, որոնց  միացված են եղել օդափոխիչ սարքեր, չեն ապրել։  Կայքը վկայակոչում է  Չինաստանի, Իտալիայի և ԱՄՆ-ի հաշվետվությունները, որտեղից պարզ է դառնում, որ  օդափոխիչ սարքերին միացված հիվանդների  քիչ տոկոսն է ապաքինվում: Փորձագետները չգիտեն, թե ինչու է մահացության մակարդակը այդքան բարձր:  Նյու Յորքում մահացել է կորոնավիրուսային հիվանդների առնվազն 80 տոկոսը, որոնց միացված են եղել օդափոխիչ սարքեր։

     Կայքը նշում է, որ ամբողջ աշխարհում առողջապահական ոլորտի մասնագետները ճնշում են գործադրում կառավարությունների վրա, որպեսզի  հիվանդների բուժման համար ավելի շատ օդափոխիչներ ձեռք բերեն, իսկ որոշ բժիշկներ էլ  հնարավորության դեպքում չեն կիրառում շնչառական ապարատներ։ Պատճառն այն է, որ որոշ հիվանդանոցներ հաղորդել են օդափոխիչներին միացված կորոնավիրուսով հիվանդների անսովոր բարձր քանակությամբ մահացության դեպքերի մասին, և  որոշ բժիշկներ անհանգստանում են, որ ապարատները կարող են վնասել  հիվանդների մի մասին: Մեխանիկական օդափոխիչները թթվածին են մղում հիվանդի թոքեր, սակայն արդյունքի չեն հասնում,  քանի որ կոկորդի մեջ խողովակի տեղադրումը լրացուցիչ անհանգստություն է պատճառում հիվանդին:

     Ընդհանուր առմամբ, շնչառության ծանր խանգարում ունեցող հիվանդների 40-50 տոկոսը մահանում է օդափոխիչներին միացված ժամանակ, ասում են մասնագետները: Պատճառը պարզ չէ: Որոշ փորձագետներ դա  կապում են  այն բանի հետ, որ հայտնի չէ, թե ապարատների տեղադրման պահին հիվանդները նախքան վարակվելը  ինչպիսի առողջական վիճակում են եղել  կամ էլ վարակվածության որ փուլում:

    Մասնագետների մի մասն ասում է, որ օդափոխիչները ժամանակի ընթացքում կարող են վնասել հիվանդին, քանի որ բարձր ճնշմամբ թթվածինը ներթափանցում է թոքերի ամենափոքր օդային պարկերը։ Մյուս մասը ենթադրում է, որ օդափոխիչները շատ վաղ են կիրառվում  և վնասում են կորոնավիրուսային հիվանդներին: Մարդկանց մեծ մասի մոտ COVID-19- ը առաջացնում է մեղմ կամ չափավոր ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս մի քանի շաբաթվա ընթացքում: Սակայն հիվանդների մոտ 20 տոկոսը, հիմնականում տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները, շնչառական խնդիրներ ունեն: Թթվածնի շատ բարձր մակարդակը նույնպես վնասակար է, քանի որ  արագացնում է ազատ ռադիկալների ձևավորումը, ինչը հանգեցնում է թոքերի վնասված թաղանթների բջջային կառուցվածքների էլ ավելի արագ քայքայման։ Ինտենսիվ թերապիայի մասնագետները դիմում են օդափոխիչների օգնությանը որպես ամենավերջին միջոց, երբ հիվանդների մոտ թթվածնի մակարդակը իջնում է,  և անհնար է դառնում դեղերով կամ բուժման այլ միջոցներով բարձրացնել այն։ Նշվում է նաև, որ ինտենսիվ խնամքի պայմաններում գտնվող կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը՝ շուրջ 71 տոկոսը, տղամարդիկ են։


Բժշկական Նորություններ