Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՀԵՐՊԵՍ ՎԻՐՈՒՍԻ ԳԵՆՈՄՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՆՈՐ ԳԵՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՐՊԵՍ ՎԻՐՈՒՍԻ ԳԵՆՈՄՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՆՈՐ ԳԵՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

2020-04-29

       Հերպես վիրուսի ԴՆԹ-ի ամբողջական վերծանումը ցույց է տվել, որ գիտնականները լրջորեն թերագնահատել են դրա գեների քանակը: Դրանց թիվը մոտ երեք հարյուր է, և ոչ թէ ութ տասնյակ, ինչպես նախկինում կարծում էին կենսաբանները: Այս մասին, «Victoria health news»-ի փոխանցմամբ,  գրում է «Nature Communications» ամսագիրը:

    Հերպեսը մարդկանց շրջանում ամենատարածված ինֆեկցիաներից մեկն է: Գոյություն ունեն հերպես վիրուսի մի քանի տարբեր տեսակի պատճառական հարուցիչներ, որոնք վարակում են մարդու մարմնի տարբեր մասերը: Օրինակ, HHV1- ը առաջանում է շրթունքների վրա և մրսածության նշան է, HHV2- ը ախտահարում է սեռական օրգանները, իսկ HHV6 և HHV7 տեսակները առաջացնում են կեղծ-կարմրախտ, ուղեկցվելով կարճատև տենդով և ցանավորմամբ:

    Տևական ժամանակ գիտնականները հերպես վիրուսը, հատկապես HHV1-ը, համարում էին բավականին անվնաս: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա ներկայությունը օրգանիզմում կարող է առաջացնել Ալցհայմերի հիվանդություն, բազմակի սկլերոզ, էնցեֆալիտ, սեռական օրգանների քաղցկեղ և այլ հիվանդություններ:

    «Վերջին տարիներին մեզ համար հետզհետե պարզ դարձավ, որ հերպես վիրուսի գենոմը գործում է անսովոր բարդ եղանակով: Բազմաթիվ ուսումնասիրություններ մատնանշում էին, որ առկա են վիրուսի ԴՆԹ-ն ընթերցելու հարյուրավոր անհայտ տարբերակներ, ինչպես նաև նոր գեներ, բայց դրանք դեռ համակարգված ուսումնասիրության չեն ենթարկվել։ Մենք նախապատրաստել ենք վիրուսի գենոմի լիովին նոր մեկնաբանված առաջին տարբերակը», - ասում է ուսումնասիրության հեղինակներից ՝ Վյուրցբուրգի (Գերմանիա) համալսարանի պրոֆեսոր Լարս Դյուլկեն:

      Վիրուսի նոր գաղտնիքները

     Իրավիճակը բարդանում է նրանով, որ հերպեսի դեմ պատվաստանյութ դեռ չկա: Հետևաբար, մարդը շարունակում է վարակվել վիրուսով ամբողջ կյանքի ընթացքում: Լարս Դյուլկեն և նրա գործընկերները մեծ քայլ կատարեցին HHV1- ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև այն անվտանգ կիրառում են քաղցկեղային ուռուցքների որոշ տեսակների քայքայման համար։ Գիտնականներն այս տվյալները համեմատել են վիրուսի գենոմի հարյուրավոր այլ ապակոդավորված տարբերակների հետ, ինչի շնորհիվ նրանք առանձնացրել են ավելի քան երկու հարյուր նախկինում անհայտ գեներ, որոնք մասնակցում են բջիջների ախտահարման և դրանց ոչնչացման գործընթացներին: Դրանցից մոտ 50-ը խոշոր գեներ են, որոնք վերահսկում են վիրուսի սպիտակուցային բաղադրիչների զգալի մասի արտադրությունը, իսկ ևս 134-ը փոքր օժանդակ մոլեկուլներ են: Դրանցից յուրաքանչյուրի առկայությունը կենսաբանները ստուգել են առանձին բջիջների վրա դրանք փորձարկելու միջոցով, ինչպես նաև դրանց սպիտակուցային պարունակության ուսումնասիրության ժամանակ: Այս գեներից որոշները կարևոր դեր են խաղում վիրուսի կեղևի ձևավորման և դրա այլ կարևոր բաղադրիչների առաջացման համար, որոնք ուղղակիորեն կապված են հերպեսի` մարդու բջիջները վարակելու և իմունիտետի ուշադրությունից թաքնվելու ունակության հետ:

     Գիտնականները հույս ունեն, որ այս գեների հետագա ուսումնասիրությունը կօգնի ստեղծել հերպես վիրուսի համար առաջին արդյունավետ պատվաստանյութերը, ինչպես նաև հասկանալ, թե դրա գենոմի որ մասերը պետք է հանվեն, որպեսզի դրա հիմքի վրա հակաքաղցկեղային դեղամիջոցներ ստեղծվեն, որոնք լիովին անվտանգ կլինեն պացիենտների համար:


Բժշկական Նորություններ