Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա. ներկայացնում է  գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Դավիթ Մարգարյանը

Կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա. ներկայացնում է գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Դավիթ Մարգարյանը

2021-08-30

Գաստրոսկոպիայի և կոլոնոսկոպիայի մասին «Victoria health news»-ը զրուցել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Դավիթ Մարգարյանի հետ:

Ի՞նչ հետազոտություն է էնդոսկոպիան

  Էնդոսկոպիան հետազոտման մեթոդ է , որը թույլ է տալիս էնդոսկոպի միջոցով  կատարել ստամոքս աղիքային տրակտի օրգանների հետազոտություն և բուժական միջոցառումների իրականացում։

 Էնդոսկոպը իրենից ներկայացնում է  բարակ, ճկուն խողովակ։ Էնդոսկոպը հագեցած է բարձր որակի տեսախցիկով՝  միացված տեսահամակարգին,  որն էլ պատկերը փոխանցում է    մեծ էկրանին և  հնարավորություն  տալիս մանրամասն ուսումնասիրել  ստամոքս-աղիքային ուղու պաթոլոգիաները։  

Ի՞նչ է գաստրոսկոպիան

Գաստրոսոկոպիան հետազոտության մեթոդ  է , որը թույլ է տալիս հետազոտել  կերակրափողը, ստամոքսը և 12 մատնյա աղին: Այն  թույլ է տալիս ինչպես հետազոտել, հայտնաբերել պաթոլոգիաներ, այնպես էլ կատարել որոշակի բուժական միջամտություններ։ Գաստրոսկոպիայի ընթացքում հնարավոր է արագ ուրեազային թեստի միջոցով ստուգել  հելիկոբակտերի առկայությունը, որը կարևոր դեր ունի հետագա բուժման ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Դիագնոստիկ գաստրոսկոպիան տևում է 1 ից 3 րոպե։ Հետազոտությունը բացարձակ ցավոտ չէ։  Հետազոտությունը կարելի է կատարել ինչպես ներերակային անզգայացմամբ (հակացուցումների բացակայության դեպքում), այնպես էլ առանց անզգայացման։     

Ո՞ւմ է ցուցված գաստրոսկոպիա

        Որովայնի վերին հատվածում տեղակայված ցավերի, կրծոսկրի հետնամասում  այրոցի, ցավի զգացողության,  վքնածության զգացողության, սրտխառնոցի, շուտ հագեցման զգացողության  դեպքերում պետք է կատարել գաստրոսկոպիկ հետազոտություն:

Գաստրոսկոպիայի շտապ ցուցումներն են համարվում  թարմ արյունային զանգվածով փսխումները, սրճանման զագնվածով փսխումերը,  սև ձյութանման կեղտի առկայությունը, անզուսպ փսխումները, օտար մարմինների առկայությունը։

Այն պացիենտները, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն ընտանիքի անդամները ունեցել են ստամոքսի, կերակրափողի ուռուցքային գոյացություններ, 40-ից 50 տարեկանում պետք է պարտադիր հետազոտվեն, անգամ գանգատ չունենալու դեպքում: Այն կանխարգելիչ նշանակություն ունի:  

Ի՞նչպես նախապատրաստվել պլանային գաստրոսկոպիայի

Հետազոտության նախորդ օրը երեկոյան  ժամը 18։00-ից հետո չսնվել և առավոտյան քաղցած ներկայանալ հետազոտության:

Ի՞նչ է կոլոնոսկոպիան

Կոլոնոսկոպիան հետազոտման մեթոդ է , որը թուլլ է տալիս կոլոնոսկոպի միջոցով ամբողջությամբ հետազոտել հաստ աղին  և բարակ աղու վերջնահատվածը։ Կոլոնոսկոպիան   կարող է տևել  20-ից 40 րոպե,կախված աղիքի անատոմիական առանձնահատկություններից։

Ո՞ւմ է ցուցված կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան ցուցված է այն հիվանդներին, որոնք ունեն երկարատև փորլուծություն, արյունային արտադրություն հետանցքից,  լորձի առկայություն կղանքում, ցավեր որովայնի շրջանում, վքնածության զգացողություն, փորկապություն, կեղծ նիքերի առկայություն:

   Քանի որ աշխարհում տարեկան հայտնաբերվում են մոտ 80 հազար հաստ աղիքի նոր հայտնաբերված ուռուցքի դեպքեր,  խորհուրդ  է տրվում պլանային, սքրինինգային ծրագրերի միջոցով կատարել կոլոնոսկոպիա 45-ից  բարձր անձանց, անգամ գանգատների բացակայության դեպքում։  Նպատակը   նախաուռուցքային վիճակների հայտնաբերումն է և կանխարգելումը:

Ի՞նչպես նախապատրաստվել պլանային կոլոնոսկոպիային

Հետազոտության նախորդ օրերին պացիենտին նշանակվում է համապատասխան սննդակարգ և դեղորայք, որի օգնությամբ աղիները ամբողջության դատարկվում են։  Դեղորայքի ընդունման հակացուցումների առկայության դեպքում , պացիենտին հիվանդանոցային պայմաններում պատրաստում են հետազոտությանը մաքրող հոգնաների միջոցով։

Հետազոտությունը հիմնականում  կատարվում է  ներերակային անզգայացմամբ (հակացուցումների բացակայության դեպքում) պացիենտի համար առանց ցավային և տհաճ զգացողությունների։

Պետք չէ խուսափել, ամաչել և վախենալ հետազոտություններից , քանի որ դա կարող է բերել էլ ավելի լուրջ և որոշ դեպքերում անդառնալի փոփոխությունների։ Ժամանակին հետազոտվելով և համապատասխան բուժում ստանալով,  մեծ մասամբ դեպքերում հնարավոր է լիարժեք ազատվել առկա խնդիրներից և հնարավոր հետագա բարդություններից։


Հարցազրույցներ