Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կապիկի ծաղիկ. ախտանշաններ, կանխարգելում

Կապիկի ծաղիկ. ախտանշաններ, կանխարգելում

2022-06-09

  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ  80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

Կապիկի ծաղիկ. ի՞նչ  հիվանդություն է

  Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Ինչպե՞ս են վարակվում

  Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Որո՞նք են ախտանշանները

  Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Ո՞րն է բուժումը

  Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Ինչպե՞ս կանխարգելել

  Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից, չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ, կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից, կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

  Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։


Բժշկական Նորություններ