Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՄԱՌԸ  ՉԻ  ԿԱՆԽԻ  ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ  ՏԱՐԱԾՈՒՄԸ. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ

ԱՄԱՌԸ ՉԻ ԿԱՆԽԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ

2020-04-15

     COVID-19- ի՝ ծանր շնչառական Sars-CoV-2 վիրուսի հարուցիչը, երկու օրվա ընթացքում մարդու թոքերում ավելի քան երեք անգամ ավելի շատ քանակությամբ  պաթոգեն մասնիկներ է արտադրում, քան դրան  նախորդող ՝ SARS-CoV-ը, որը 2002-2003 թթ-ին առաջացրել է ատիպիկ թոքաբորբի բռնկում,  ըստ «Vctoria  health news»-ի այս մասին գրում է «Российская  газета»  ռուսական թերթի պաշտոնական կայքը:

      Ըստ կայքի, նման տվյալներ ստացել են Հոնկոնգի համալսարանի միկրոկենսաբանները՝  ուսումնասիրելով նոր կորոնավիրուսով հիվանդների թոքերի հյուսվածքները: Նոր վիրուսը գործում է ծայրաստիճան թաքնված, 48 ժամվա ընթացքում այն գրեթե չի արտադրում ինտերֆերոններ, որոնք ազդանշան են հանդիսանում օրգանիզմի իմունային համակարգի համար: Գենային մարկերների 13 տեսակներից Sars-CoV-2- ն ակտիվացրել է ընդամենը հինգը, մինչդեռ SARS-CoV- ը ակտիվացրել էր թվով 11 գենային մարկեր։ Ինչպես բացատրում են միկրոկենսաբանները, վիրուսի նման դրսևորումը կարող է առաջացնել հիվանդության ախտանիշների բացակայություն նախնական փուլում, ինչը լրջորեն բարդացնում է դրա ախտորոշումը: Թե ինչու է նոր կորոնավիրուսը օրգանիզմի իմունային և բորբոքային ռեակցիաների առաջացման պրոցեսները դանդաղեցնում, դեռ հայտնի չէ։

     Ուսումնասիրության ղեկավար, մանրէաբան Եվան Կվոկ-Յունգը հիշեցնում է, որ ատիպիկ թոքաբորբի տարածումը հնարավոր եղավ կանգնեցնել վեց ամսում: Դրանով վարակվել էր մոտ 10 հազար մարդ, և ըստ պաշտոնական տվյալների ՝  մահացել էր  774-ը։ COVID-19 համաճարակի հետ կապված խնդիրը շատ ավելի բարդ է, քանի որ ընդամենը չորս ամսում դրանից արդեն մահացել է ավելի քան 100 հազար մարդ, և վարակվել է ավելի քան մեկուկես միլիոն մարդ: «Դժվար թե հնարավոր լինի հաղթահարել կորոնավիրուսի տարածումը առաջիկա ամիսներին: Հաշվի առնելով, որ բնակչության 90 տոկոսը չունի վիրուսի հանդեպ իմունիտետ, ես ենթադրում եմ, որ Sars-CoV-2- ի տարածումը կշարունակվի նաև ամառվանից հետո», - ասում է գիտնականը:

     Այս կարծիքը կիսում են նաև ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտողները: Նրանք նշում են,  որ, ինչպես սովորական գրիպը և SARS- ը, COVID-19-ը ևս չի նահանջի  շոգ եղանակին: 224 քաղաքներում անցկացրած նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածումը կախված չէ օդի ջերմաստիճանի կամ խոնավության տատանումներից: Դա է վկայում  նաև  տաք երկրներում վիրուսի բռնկումը, ինչպիսիք են Ավստրալիան և Իրանը։ Բացի այդ, Sars-CoV-2- ը նման է Մերձավոր Արևելքի MERS շնչառական համախտանիշի վիրուսին, որը տարածվում էր Արաբական թերակղզու երկրներում նույնիսկ  45-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Միակ բանը, որի վրա կարելի է հույս դնել, ինչպես հայտարարել է Նյու Յորքի բժշկական կենտրոնի բժիշկ Ռոբերտ Գլաթերը, մարդու օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի՝ բնական ճանապարհով բարձրացումն է, որը տեղի  կունենա ամառային երկար օրերի ֆոնին: Իսկ վիտամին D-ն, ինչպես գիտենք,  օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

 


Բժշկական Նորություններ