Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Pfizer ընկերության COVID -19-ի դեմ պատվաստանյութը  ցույց է տվել լավ արդյունքներ

Pfizer ընկերության COVID -19-ի դեմ պատվաստանյութը ցույց է տվել լավ արդյունքներ

2020-07-02

    Ըստ «Victoria health news»-ի,   «NBCNEWS.com» ամերիկյան լրատվական գործակալությունը  հաղորդում է, որ գերմանական «BioNtech» բիոտեխնոլոգիական ընկերության եւ ամերիկյան Pfizer դեղագործական հսկայի կողմից մշակված՝  COVID-19-ի դեմ պատվաստանյութը  ցույց է տվել դրական արդյունքներ՝  մարդկանց վրա փորձարկումների վաղ փուլերում: Այս մասին  ընկերություններն հայտնել են  չորեքշաբթի:

     Այս դեղամիջոցը 17 դեղամիջոցներից մեկն է, որը փորձարկվել է մարդկանց վրա համավարակը դադարեցնելու համաշխարհային այս խելահեղ մրցավազքում։ Մի համավարակ, որը ախտահարել է 10,5 մլն մարդ, եւ որից մահացել է ավելի քան 500 հազար մարդ մինչ օրս:

    Այս պոտենցիալ բուժման միջոցը  COVID-19-ի վաղ փուլերում կիրառելու համար նախատեսված չորրորդ դեղամիջոցն է, որը ցույց է տվել խոստումնալից արդյունքներ մարդկանց թեստավորման ընթացքում «Moderna»-ի, «CanSino Biologics»-ի եւ «Inovio Pharmaceuticals»-ի հետ միասին:

     «BioNtech»-ում  նշել են, որ իրենց ընկերության BNT162b1 դեղամիջոցի երկու դեղաչափերի՝ 24 առողջ կամավորի վրա փորձարկումը ցույց է տվել, որ այդ մարդկանց մոտ 28 օր հետո արտադրվել են ավելի բարձր մակարդակի COVID-19-ի հակամարմիններ, քան սովորաբար նկատվում է վարակված մարդկանց մոտ: Երկու դեղաչափերն էլ, որոնք փորձարկվել են  թվով երկու ներարկման միջոցով՝ երեք շաբաթվա տարբերությամբ, չորս մասնակցից երեքի մոտ երկրորդ ներարկումից հետո առաջացրել են կարճատև տենդ: Երրորդ դոզան, որը փորձարկվել է ավելի բարձր կոնցենտրացիայով առանձին խմբի մարդկանց վրա, չի կրկնվել առաջին ներարկման ժամանակ առաջացրած ցավի պատճառով։ «Այս առաջին փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութը ցուցաբերել է իմունային ակտիվություն եւ իմունային համակարգի հզոր պատասխան է առաջացրել»,-ասել է bioNtech-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ուգուր Սահինը: Նա նշել է նաև, որ ընկերությունում նախապատրաստում են ավելի լայնածավալ փորձարկումներ, որպեսզի համոզվեն, թե արդյոք այս դեղամիջոցը իրականում կպաշտպանի վարակից։ COVID-19-ի դեմ ստեղծված և փորձարկված դեռ ոչ մի պատվաստանյութ չի հաստատվել և չի հանվել վաճառքի։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անցյալ տարվա վերլուծությունը ցույց է տվել, որ թեստավորման առաջին փուլին մասնակցած երեք պատվաստանյութերից մեկը հետագայում հաստատում է ստացել: «BioNTech»-ում նշել են, որ ստացված տվյալները ցույց են տվել, որ BNT162b1-ը կարելի է կառավարել այն դեղաչափով, որն ունի լավ տանելիություն  և միայն ժամանակավոր կողմնակի ազդեցություն:

     Պատվաստանյութի հաջորդ փորձարկումը տեղի կունենա հուլիսին

     Մարդկանց վրա պատվաստանյութերի վաղ փորձարկումները նախատեսված են որոշակի հակամարմինների եւ արյան մեջ այլ իմունային մարկերների չափման համար, որպես վարակի դեմ պայքարելու օրգանիզմի պատրաստվածության ցուցանիշ, որը հետագայում պետք է  վավերացնել: Դեղագործական արդյունաբերությունը պատրաստ է սկսել էլ ավելի լայնածավալ հետազոտություններ տեսնելու համար,  թե ինչպես են փորձարկումների կամավոր մասնակիցները արձագանքում իրական վարակներին՝ ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։

     «BioNTech»-ը եւ «Pfizer»-ը կընտրեն փորձարարական չորս պատվաստանյութից առավել խոստումնալիցներին՝ հետագա հետազոտությունների համար, որտեղ ներառված կլինեն մինչեւ 30 000 առողջ մասնակից։ Փորձարկումները, հավանաբար, կսկսվեն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հուլիսի վերջին։

      Եթե դեղամիջոցը ստանա շուկայական հաստատում, ընկերությունները պատրաստվում են արտադրել մինչեւ 100 մլն դեղաչափ մինչեւ 2020 թ., եւ եւս 1,2 մլրդ դեղաչափ մինչեւ 2021 թ. վերջ՝ Գերմանիայում եւ Միացյալ Նահանգներում։

     «BioNTech» ընկերության մյուս երեք պոտենցիալ պատվաստանյութի վաղ թեստավորման արդյունքները դեռ չեն հրապարակվել։

 


Բժշկական Նորություններ