Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Արդյո՞ք COVID-19 -ի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև նոյեմբեր

Արդյո՞ք COVID-19 -ի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև նոյեմբեր

2020-07-16

   Այն բանից հետո, երբ մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները խոստումնալից արդյունքներ ցույց տվեցին, բժիշկ Մեհմեթ Օզը չորեքշաբթի հայտարարեց, որ դա չի նշանակում, որ արդյունավետ պատվաստանյութը պատրաստ կլինի նոյեմբերին, այս մասին,  ըստ «Victoria Health news»-ի, փոխանցում է  ամերիկյան «Foxnews.com» լրատվական կայքը:

   Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը փորձարկվել է ԱՄՆ-ում, ամրապնդել է հետազոտության մասնակիցների իմունային համակարգը եւ կարեւոր քայլ է դարձել COVID-19-ի դեմ պայքարում հաջողության հասնելու ճանապարհին։

   Առողջապահության ազգային ինստիտուտի և Moderna Inc.- ի հետազոտողների կողմից մշակված պատվաստանյութը կփորձարկվի 30,000 կամավոր  ընդգրկող ուսումնասիրության ընթացքում, որը կսկսվի հուլիսի 27-ին, ինչի ընթացքում պարզ կդառնա, արդյոք այն այդքան արդյունավետ է, որքան կարծում ենք։

   Սա իր տեսակի մեջ՝ մինչ օրս արված  ամենալայնածավալ ուսումնասիրությունն է։ Հետազոտողները դրական լուրեր են հայտնել իրենց ունեցած նախնական տվյալներից, որոնք ստացվել են 45 կամավորի վրա մարտ ամսին անցկացված փորձարկումներից։

  Օզը նշել է, որ 45 կամավորից յուրաքանչյուրը ստացել է պատվաստանյութերի «կրկնակի չափաբաժին», ինչն ուղեկցվել է թեթև կողմնակի բարդություններով՝ հոգնածություն, թեթև գլխացավեր եւ թույլ ցավ ներարկման վայրում։ Մասնակիցների արյան մեջ նկատվել է վիրուսը չեզոքացնող հակամարմինների արտադրություն, որոնք նման են եղել COVID-19- ով  արդեն իսկ վարակված մարդկանց արյան մեջ արտադրված հակամարմիններին, ասված է New England Journal of Medicine- ի զեկույցում:

   Օզը նշել է նաև, որ գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ, սակայն ասել է նաև, որ պատվաստանյութերի մասնագետ, բժիշկ Պիտեր Հոթեսի  հետ զրույցում բժիշկն իրեն ասել է, որ ամերիկացիների պատվաստումները սկսելու գործընթացը զարգացնելու և կիրառության մեջ դնելու համար կպահանջվի մինչև մեկ տարի. «2021 թ-ի սկզբին մենք արդեն բավականին լավ պատկերացում կունենանք այն մասին, թե ինչ պատվաստանյութերի վրա արժե խաղադրույք կատարել։  Ներկայումս մարդկանց վրա փորձարկումներում կիրառվում է 17 տեսակի պատվաստանյութ, եւ կան դեռևս 150 տեսակի հնարավոր պատվաստանյութեր : Բայց դրանցից ոչ մեկը պատրաստ չի լինի մինչ նոյեմբեր», ասել է նա:


Բժշկական Նորություններ