Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID-19-ի դեմ մշակված երկու տեսակի պատվաստանյութերը ցույց են տվել խոստումնալից արդյունք

COVID-19-ի դեմ մշակված երկու տեսակի պատվաստանյութերը ցույց են տվել խոստումնալից արդյունք

2020-07-22

   «Victoria health news»-ը ներկայացնում է «The Lancet» հանդեսում հրապարակված երկու ուսումնասիրություն, որտեղ նկարագրված են չինական եւ բրիտանական արտադրության Քովիդ 19-ի դեմ թեկնածու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների արդյունքները։

   «CanSino», Չինաստան 

   Չինական դեղագործական «CanSino» ընկերության արտադրած պատվաստանյութը 1  դեղաչափի պատվաստանյութ է, որը կիրառում է ռեկոմբինացված ադենովիրուսային վեկտորը: Ուսումնասիրությունն անց է կացվել երկու փուլով,  ներգրավված են եղել 508 առողջ կամավոր Չինաստանի Վուհան քաղաքից: Փորձարկվել է երկու դեղաչափ, և երկուսն էլ ուսումնասիրության մեկնարկից 4 շաբաթ հետո ցույց են տվել բարձր արդյունքներ (96% եւ 97% համապատասխանաբար)՝ արտադրելով չեզոքացնող հակամարմինների զգալի քանակություն։ Փորձարկված բարձր դեղաչափով պատվաստանյութը անբարենպաստ ազդեցություն է  թողել կամավորների 9% -վրա, իսկ ցածր դեղաչափով պատվաստանյութը կամավորների ընդամենը 1%-ի վրա է ունեցել բացասական ազդեցություն,  ինչը նշանակալի տարբերություն է։ Հիմնվելով այս արդյունքների վրա, հետազոտողները մոտ ապագայում մտադիր են եռափուլ փորձարկում իրականացնել պատվաստանյութի ավելի ցածր դեղաչափի համար։

   «AstraZeneca», Մեծ Բրիտանիա

   Մեծ Բրիտանիայում թողարկված թեկնածու պատվաստանյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի եւ «AstraZeneca» ընկերության համագործակցության շնորհիվ: Հետազոտողները պատվաստանյութը փորձարկել են 543 առողջ չափահաս կամավորի վրա, որոնցից 533-ը ստացել է մեկանգամյա չափաբաժին, իսկ մյուս 10-ը առաջնային խթանման դեղամիջոց: Կամավորների շրջանում առողջական լուրջ ռեակցիաներ չեն նկատվել, իսկ կողմնակի բարդությունները կրճատվել են այն անձանց շրջանում, ովքեր միևնույն ժամանակ պրոֆիլակտիկ կերպով ստացել են նաև paracetamol (հայտնի է նաեւ որպես acetaminophen)։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ հայտնաբերվել են մարդկանց 91%-ի մոտ, ովքեր ընդունել են պատվաստանյութի մեկանգամյա չափաբաժին, իսկ նրանց մոտ, ովքեր ընդունել են առաջնային խթանման դեղամիջոցը, վիրուսը չեզոքացնող հակամարմիններ հայտնաբերվել են այդ մարդկանց 100%-ի արյան մեջ։  Ըստ հետազոտողների, այս արդյունքները կապահովեն տվյալ պատվաստանյութի լայնածավալ ուսումնասիրությունը ընթացիկ 3-րդ փուլի ծրագրի շրջանակում։


Բժշկական Նորություններ