Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Միգրենի ինքնուրույն բուժումը սպառնում է ստեղծել փակ շրջան

Միգրենի ինքնուրույն բուժումը սպառնում է ստեղծել փակ շրջան

2020-08-06

  Գլխացավերի միջազգային դասակարգման համաձայն ՝ միգրենը առաջնային գլխացավ է, ինչը նշանակում է, որ միգրենի նոպաները կապված չեն այլ հիվանդությունների հետ: Նոպայի ընթացքում ուղեղի այն գոտին, որը պատասխանատու է ցավի համար, ակտիվանում է առանց անմիջական արտաքին ազդեցության:

  «Victoria health news»-ը  ներկայացնում է «Meddaily.ru» կայքում հրապարակված հոդվածը, որտեղ  բժիշկ-նյարդաբան Կիրիլ Սկորոբոգատիխը ասում է. «Անատոմիայի տեսանկյունից եթե նայենք, միգրենով տառապող մարդու ուղեղը բացարձակապես առողջ է, սակայն դրա աշխատանքը խախտված է։ Միգրենի առաջացմանը նպաստում են   երկարատեւ դիետաները, թերսնումը, հորմոնալ փոփոխությունները, էմոցիոնալ ֆոնը: Սակայն այս ամենն առաջին հերթին գենետիկ բնույթ է կրում և 50% հավանականությամբ ծնողից փոխանցվում է երեխային։

  Միգրենի ախտորոշումը տրվում է կլինիկական պատկերի հիման վրա: Գործիքային եղանակով ախտորոշում տալ չի ստացվի: Իսկ բժիշկները, լինում է, նշանակում են ուլտրաձայնային կամ  էլեկտրոէնցեֆալոգիական հետազոտություն, գտնում այնտեղ նվազագույն շեղումներ, հետո ախտորոշում են վեգետատիվ-անոթային դիստոնիա։ Այս ախտորոշումը կարող է ներառել և՛ միգրենը, և՛ գլխացավերը, և՛ լարվածության գլխացավերը, և՛ դեպրեսիան, և՛ խուճապային խանգարումները, ինչպես նաեւ գլխապտույտի տարբեր տեսակները։ Եթե ձեզ նման ախտորոշում են տալիս, ապա դիմեք մեկ այլ բժշկի»։

  Փորձագետը նշում է  նաև միգրենով տառապող մարդկանց կողմից տեղի-անտեղի չափից շատ ցավազրկող դեղամիջոցների ընդունումը, և հավելում է. «միգրենի բուժման համար գոյություն ունեն երեք հիմնական մոտեցումներ՝ նոպայի բուժում, նոպաների թվի կրճատում, այսինքն ՝ կանխարգելում և կենսակերպի փոփոխություն։ Նոպաների բուժման համար օգտագործվում են պարզ եւ համակցված առանց դեղատոմսի բաց թողնվող եւ հակամիգրենային հատուկ պրեպարատներ՝ էրգոտամինային շարք, տրիպտաններ: Իրենց հերթին, հակափսխումային դեղամիջոցները կարող են ուժեղացնել ցավազրկողների ազդեցությունը։ Սակայն, եթե երեք ամսվա բուժման կուրսի ժամանակ ավելի քան 15 օր մեկ ամսվա ընթացքում, հիվանդն ընդունի հասարակ ցավազրկողներ (օրինակ, իբուպրոֆեն, պարացետամոլ) կամ մեկ ամսվա ընթացքում ավելի քան 10 օր ընդունի համակցված ցավազրկողներ, տրիպտաններ, հիվանդի մոտ կարող է զարգանալ դեղորայքի ընդունման չարաշահմամբ պայմանավորված գլխացավ։

  Ստացվում է փակ շղթա. որքան հաճախ է հիվանդը ցավազրկողներ  ընդունում, որպեսզի կարողանա հաղթահարել միգրենը, այնքան ավելի հաճախ է ունենում գլխացավեր։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի հիվանդը  ունենա գլխացավերի օրագիր և մեկ ամսվա ընթացքում 4 օր և ավելի միգրենի նոպաներ ունենալու դեպքում անցնի կանխարգելիչ թերապիա: Միգրենի կանխարգելման համար օգտագործվում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են հակադեպրեսանտները, հակաէպիլեպտիկ միջոցները, զարկերակային գերճնշումը նվազեցնող դեղամիջոցները եւ հատուկ դեպքերում նույնիսկ բոտուլինոթերապիան»:

  Այն հիվանդների համար, ում դեղորայքային թերապիան հակացուցված է կամ ոչ նպատակահարմար, ժամանակակից բժշկությունն առաջարկում է նեյրոստիմուլյացիայի մեթոդիկան։ Միգրենի դեղորայքային կանխարգելման նորագույն մեթոդներից է Մոնոկլոնալ հակամարմինների թերապիան: Միգրենի նոպայի ընթացքում նյարդային համակարգում արտադրվում է հատուկ սպիտակուց. նոր դեղամիջոցների ներարկումները, որոնք անհրաժեշտ է կատարել ամիսը մեկ անգամ կամ երեք ամիսը մեկ անգամ, անջատում են հենց այս սպիտակուցը կամ այս սպիտակուցի ընկալիչը:


Բժշկական Նորություններ