Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կտրուկ վեր կենալիս գլխապտույտ ունենալը կարող է խոսել մեծ տարիքում դեմենցիայի զարգացման մասին

Կտրուկ վեր կենալիս գլխապտույտ ունենալը կարող է խոսել մեծ տարիքում դեմենցիայի զարգացման մասին

2020-08-14

  Գլխապտույտը պայմանավորված է արյան ցածր ճնշմամբ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դուք կտրուկ վեր եք կենում։

  Ըստ «Victoria health news»-ի,   «Daily mail»  անգլիական օրաթերթը ներկայացնում է Կալիֆորնիայի համալսարանի հետազոտությունը, ըստ որի՝  արյան ցածր ճնշմամբ տառապող մարդիկ՝ 40%  հավանականությամբ հակված են դեմենցիայով հիվանդանալու, հատկապես նրանք, ովքեր ունեն սիստոլիկ արյան ճնշման անկում, այլ ոչ թե դիաստոլիկ:

  Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ սսսահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ սսսահմաններում (ստորին ցուցանիշ)։ Երբ մարդը դուրս է գալիս նստած կամ պառկած դիրքից, մարմինը պետք է աշխատի, որպեսզի հարմարվի այս դիրքի փոփոխությանը: Հետազոտողները ենթադրում են, որ դեպի ուղեղ արյան հոսքի ժամանակավոր պակասը կարող է տարիների ընթացքում ազդել ուղեղի ճանաչողական գործառույթների վրա։

 Երբ մարդիկ մեծանում են, նրանց գլխավոր զարկերակները կոշտանում են, ինչը կարող է նշանակել, որ արյան շրջանառությունը ոչ այնքան արդյունավետ է տեղի ունենում, քան նախկինում: Ենթադրվում է, որ դա է պատճառը, որ նման խնդիրը, ինչպիսին է օրթոստատիկ հիպոթենզիան, ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ։

  Օրթոստատիկ հիպոթենզիան կապված է մարմնի դիրքի կտրուկ փոփոխության հետ։ Այս դեպքում նստած կամ պառկած դիրքում մարդու ճնշումը նորմալ է, սակայն ճնշումը հանկարծակի նվազում է, երբ մարդը կտրուկ ոտքի է կանգնում։

  Պոստուրալ կամ օրթոստատիկ հիպոթենզիան առաջացնում է գլխապտույտ, ընդհանուր թուլություն և այլն։

  Ենթադրվում է, որ այս խնդրով տառապում են  50 տարեկանից ցածր մարդկանց մոտ 5 տոկոսը և 70-ից բարձր մարդկանց 20 տոկոսից ավելին։ Սակայն մարդկանց մոտ երկու տոկոսի մոտ է միայն օրթոստատիկ հիպոթենզիայի դեպքում դիտվում գլխապտույտ, տեսողության թուլացում եւ սրտխառնոց։

 Հետազոտության հեղինակներից  բժիշկ Լոր Ռուշն ասում է. « մարդկանց արյան ճնշումը պետք է վերահսկվի, երբ նրանք նստակյաց դիրքից անցնում են կանգնած դիրքի»։ 

 Միանգամայն հնարավոր է, որ արյան ճնշման այս տատանումների նկատմամբ վերահսկողությունն օգնի պահպանելու տարեց մարդկանց մտածողությունն ու հիշողությունը։

 Դեմենցիայի պատճառները այդքան էլ լավ ուսումնասիրված չեն, սակայն հայտնի է, որ արյան ճնշման, դեպի ուղեղ արյան հոսքի եւ սրտանոթային համակարգի առողջության գործոնները պայմանավորված են դեմենցիայի զարգացման ռիսկի հետ, հատկապես անոթային դեմենցիայի:

 Անոթային դեմենցիայով տառապող մարդկանց ուղեղի սկանավորումը հաճախ ցույց է տալիս ինսուլտի փոքր օջախներ, ուղեղում դիտվում է թթվածնի պակաս։

 Վերջին ուսումնասիրությունը հերթական անգամ հաստատում է, որ ուղեղի առողջության պահպանման համար անհրաժեշտ է արյան մշտական հոսք և ուղեղի բջիջների համար կենսականորեն այդքան անհրաժեշտ թթվածին:


Բժշկական Նորություններ