Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հեպատիտ C-ն  լիարժեք բուժվող հիվանդություն է

Հեպատիտ C-ն լիարժեք բուժվող հիվանդություն է

2020-08-28

   Հեպատիտ B-ն և C-ն, որպես լյարդային քրոնիկ հիվանդություններ առաջացնող վարակներ, շատ տարածված են աշխարհում:  Հուլիսի 28-ը  նշվում է վիրուսային հեպատիտների պայքարի օր.  այդ օրը  ևս մեկ անգամ բարձրաձայնվում է   խնդրի մասին,  տեղի են ունենում  քննարկումներ՝ կանխարգելման,  հաղթահարման և  բուժման  մասին:

  Ոլորտում գրանցված այս տարվա  մեծ ձեռքբերման  մասին՝  «Victoria health news»-ը զրուցել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ դասախոս, ՀՀ ԱՆ աղեստամոքսաբանության գծով  խորհրդատու Մանիկ Գեմիլյանի հետ:

  -Գաստրոէնտորոլոգիայի ոլորտը շատ բազմազան է, ընդգրկում է մարսողական տարբեր օրգանների, այդ թվում լյարդի հիվանդությունները և դրանց բուժումը: Վերջին 5-6 տարում կարող ենք ասել մեր ոլորտի ամենամեծ՝  հեղափոխական ձեռքբերումներից է հեպատիտ C-ի՝  աննախադեպ արդյունավետ բուժման բացահայտումը:

  Հեպատիտ C-ն վիրուսային վարակ է, որն առաջացնում է լյարդի քրոնիկ հիվանդություն, և չբուժելու դեպքում  կարող  է առաջացնել լյարդի ցերոզ, որը բավականին լուրջ և ծանր լյարդի հիվանդություն է:

  Հեպատիտ C-ն լիարժեք բուժելի վարակ է և մինչ 2030 թ-ը ԱՀԿ-ն  նպատակադրվել է վերացնել հեպատիտները երկրի երեսից, այդ թվում հեպատիտ C-ն ու հեպատիտ B-ն:

  Ըստ Մ. Գեմիլյանի՝  հեպատիտ B-ի դեպքում  ամենաէֆեկտիվը պատվաստումն է. որքան շատ մարդիկ  պատվաստվեն, այնքան հնարավոր կլինի կոտրել վարակի շղթան:  

  Ինչպե՞ս է  բուժվում հեպատիտ C-ն: Մարդն   ընդունում է դեղահաբեր, առանց որևէ սրսկման, և հիմնականում 3 ամսվա ընթացքում ամբողջովին ձերբազատվում  վիրուսից: Լիարժեք բուժման մասին  դատում են, բուժման ավարտից 6 ամիս հետո՝ ևս մեկ անգամ ստուգելով վիրուսը:  Սակայն պետք է հիշել, որ կրկին վարակվելու վտանգը չի անցնում, որովհետև այն չի ապահովում կայուն իմունիտետ:

  -Մենք ոչ թե ճնշում, թուլացնում կամ  քնացնում ենք վարակը, այլ լիարժեքորեն վերացնում ենք այն: Որևէ այլ վիրուս, որը դեղորքայքով հնարավոր է հեռացնել օրգանիզմից, խոսքը թե սուր, թե քրոնիկ վիրուսների մասին է, չկա: Վիրուսային ինֆեկցիաները  օրգանիզմը, սովորաբար, ինքնուրույն՝ իմունիտետի շնորհիվ է մաքրում, իսկ եթե վարակը դառնում է քրոնիկ, ապա՝ դեղորքայքով այն լիարժեքորեն մաքրել կամ ոչնչացնել օրգանիզմից հնարավոր չէ:  Ինձ հայտնի միակ բացառությունը հեպատիտ C  վարակն է:

  Մանիկ Գեմիլյանն ասում է, որ այս ամենը  հասանելի է Հայաստանում: Այս տարի,  պետությունը հնարավոր է դարձրել պացիենտների բուժումը և ապահովել դեղորայքի հասանելիությունը՝  պետպատվերի շրջանակում:

  -Դեղորայքային այն համակցությունը, որը բավականին էֆեկտիվ է, արդեն իսկ գնվել  է: ՀՀ քաղաքացիները կարող են դիմել  համապատասխան հիվանդանոցներ, այդ թվում  նաև մեր՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոց,  հերթագրվեն և ստանան  դեղորայքը: 

  18 տարեկանից բարձր մարդկանց շրջանում հեպատիտ C-ով վարակվածությունը կազմում է 2.8 տոկոս: Այս թիվը, 2 տարի առաջ,  ներկայացրել է Հայաստանում ԱՀԿ-ի մասնագիտական խումբը՝ հիմնվելով այլ հետազոտությունների տվյալների վրա: Այդ  աշխատանքային խմբում ընդգրկված է եղել նաև Մանիկ Գեմիլյանը:

  - Պետությունը, ելնելով այդ տվյալից, կազմել է  ծրագիր, ըստ որի՝  տարեկան 1000 պացիենտ  ապահովվելու է դեղորքայքով:  Այս պահին,  ինձ հայտնի է, որ գնվել է 500 պացիենտի հաշվարկով և մշակված է կարգը, թե ովքեր պետք է առաջնահերթ ստանան բուժումը:  Հասկանալի է, որ առաջնային տեղում կլինեն ավելի բարդացած դեպքերը: Սա Ազգային ծրագիր է, որը նախատեսված է 5 տարվա կտրվածքով՝ տարեկան  առնվազն 1000 պացիենտի համար:

  Մանիկ Գեմիլյանը, խոսելով լյարդի քրոնիկ հիվանդությունների առանձնահատկությունների մասին, նշեց, որ մարդը շատ երկար ժամանակ կարող է չիմանալ, որ  ինքը հիվանդ է՝ վարակված, անգամ երբ արդեն զարգացել է լյարդի ցերոզ: Պատճառն այն է, որ սկզբնական փուլերում լինում է, որ այն ընդհանրապես չի արտահայտվում՝  շնորհիվ լյարդի  հարմարվողական հնարավորությունների և  լյարդը    շատ երկար ժամանակ կարողանում է պահպանել իր ֆունկցիան: Այդ իսկ պատճառով  մարդը  չի զգում, որ  ծանր հիվանդ է.

  -Եվ դա հաճախ բժշկի ու հիվանդի միջև առաջացնում է հակասություն.  հիվանդը չի հավատում,  երբ բժիշկն իրեն ասում է, որ  շատ երկար տարիներ  ունեցել է այս խնդիրը, բայց  գանգատներ նոր են ի հայտ եկել, ինչն էլ  վկայում է  ծանր վիճակի մասին:

   Մանիկ Գեմիլյանի խորհուրդն է՝ ստուգվել  ժամանակին և խուսափել  բարդություններից:  Եթե չկա հեպատիտ B, պատվաստվեք, իսկ հեպատիտ C-ն կանխարգելելու համար՝   կարևոր է միշտ հիշել, որ արյան հետ առնչություն ունեցող ցանկացած գործիքի հետ շփվելու դեպքում  վստահ եղեք, որ այն պատշաճ ախտահանված է:


Բժշկական Նորություններ