Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Սպիտակուցի բացահայտումը կարող է բարելավել տիպ 2 դիաբետի բուժումը

Սպիտակուցի բացահայտումը կարող է բարելավել տիպ 2 դիաբետի բուժումը

2020-09-08

   Լյարդում պրոտեինի կենսագործունեության պրոցեսների՝ աշխարհում առաջին ուսումնասիրությունը կարող է հանգեցնել տիպ 2 դիաբետի դեմ ավելի արդյունավետ դեղամիջոցի ստեղծմանը, ըստ «Victoria  health news»-ի, այս մասին գրում է  ամերիկյան Medical Xpress»  առողջապահական կայքը:

  Մելբուռնի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ լյարդի կողմից  արտադրվող SMOC-1 սպիտակուցը կարող է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այսպիսով, SMOC1-ի վերամշակված ձեւը կարող է մարդկանց մոտ տիպ 2 դիաբետի պոտենցիալ բուժման միջոց հանդիսանալ։

  Տիպ 2 դիաբետով տառապում է չափահաս ավստրալացիների մոտ մեկ միլիոնը և 400 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ Ընդ որում, այս թիվն արագ աճում է։  Այն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, նյարդային համակարգի եւ երիկամային խնդիրների առաջացմանը։ Բուժման ժամանակակից մեթոդներն արդյունավետ են, սակայն օժտված են զգալի կողմնակի բարդություններով և դժվար տանելի են։

  Հույս կա, որ SMOC1-ի ուսումնասիրության վրա հիմնված բուժման նոր ձևը կարող է ավելի երկարաժամկետ արդյունավետություն ապահովել։

 Մելբուռնի համալսարանի առաջատար հեղինակ և ավագ գիտաշխատող դոկտոր Մագդալինա Մոնտգոմերին ասում է, որ տիպ 2 դիաբետով հիվանդացության թվերի աճը փաստում է, որ շտապ անհրաժեշտ են բուժման նոր մեթոդներ՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի կառավարման համար:

  «Ցանկացած թերապիա, որը կարող է արդյունավետ կերպով նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, կարող է դրական ազդեցություն ունենալ հիվանդների վիճակի վրա», - ասում է դոկտոր Մոնտգոմերին,- «Դրական ազդեցություն ունեցող ցանկացած թերապիա նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, երիկամների քրոնիկ հիվանդությունների, արյան անոթների վնասման ռիսկերը, որոնք հանգեցնում են կուրության, վերջույթների ամպուտացիայի եւ նյարդային բջիջների վնասմանը»:

  Հետազոտողները մշակել են երկարատեւ ազդեցության ձեւ SMOC-1-ի համար, որը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դիաբետով հիվանդ կենդանիների մոտ. «Մենք գիտեինք, որ SMOC 1-ը գոյություն ունի, սակայն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման նրա դերը անհայտ էր», - ասել է դոկտոր Մոնտգոմերին,- «Այն ավելի արդյունավետ է վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, քան ներկայիս առաջադեմ դեղամիջոցները։ Այն նաեւ նվազեցնում է լյարդի ճարպակալման ռիսկը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, որոնք տարածված առողջական խնդիրներ են տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների մոտ»:

  Ուսումնասիրության ավագ հեղինակ, Մելբուռնի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Ուոթն ասել է, որ իրենց հաջորդ քայլը կլինի SMOC-1 սպիտակուցի՝ կամավոր մարդկանց վրա փորձարկումը, և նշեց, որ SMOC1-ը բարելավում է նաև մարդու լյարդի բջիջներում գլյուկոզայի նյութափոխանակությունը, ուստի իրենք լավատես են, որ SMOC1-ը արդյունավետ կլինի մարդկանց համար:

  Չնայած այն հանգամանքին, որ հետազոտությունը ցույց է տվել մեծ հեռանկարներ, պրոֆեսոր Ուոթն ասում է, որ դժվար թե այն արդյունավետ լինի տիպ 1 դիաբետով հիվանդների համար, քանի որ նրանք ունեն ինսուլինի պակաս, եւ SMOC1-ի թերապիան չի հաղթահարի այս խնդիրը:


Բժշկական Նորություններ