Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ավելի ուժեղ ոսկորներ ՝ ջերմության և միկրոբիոտայի շնորհիվ

Ավելի ուժեղ ոսկորներ ՝ ջերմության և միկրոբիոտայի շնորհիվ

2020-09-20

  Օստեոպորոզը ոսկրային հիվանդություն է, որը կապված է ծերության հետ, բնութագրվում է ոսկրային խտության կորստով, ոսկորների միկրոկառուցվածքային վատթարացմամբ եւ կոտրվածքների բարձր ռիսկայնությամբ: Այն լուրջ խնդիր է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մեկ երրորդի մոտ։

  Համաճարակաբանական անալիզների, լաբորատոր փորձարկումների և ժամանակակից մետագենոմային և մետաբոլիկ գործիքների միջոցով Շվեյցարիայի Ժնևի համալսարանի հետազոտական խումբը հայտնաբերել է, որ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի (34 °C) ազդեցությունը բարձրացնում է ոսկրերի ամրությունը՝ կանխելով ոսկրային խտության կորուստը, որը բնորոշ է օստեոպորոզին, այս մասին, ըստ «Victoria health news»-ի, գրում է ամերիկյան  «Medical Xpress» առողջապահական կայքը։  Այս երեւույթը կապված է նաև ջերմության հետեւանքով առաջացած աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխության հետ: Փոխպատվաստելով տաք միջավայրում ապրող մկների մանրէները, օստեոպորոզ ունեցող մկներին, հետազոտողները տեսել են, որ նրանց ոսկրերը դարձել են ավելի ամուր և խիտ։ Այս արդյունքները թույլ են տալիս ներկայացնել արդյունավետ եւ նորարարական միջամտություններ օստեոպորոզի կանխարգելման եւ բուժման համար:

  Շատ կենսաբաններ ծանոթ են 19-րդ դարի բնագետ Ջոել Ալլենի կանոնին, ըստ որի տաք տարածքներում ապրող կենդանիներն ունեն ավելի մեծ ոսկրային մակերես, քան սառը միջավայրում ապրողները: Իսկապես, մաշկի մեծ մակերեւույթը թույլ է տալիս իրականացնել ավելի արդյունավետ ջերմարձակում: «Մեկ փորձարկման ընթացքում մենք նորածին մկներին տեղադրել ենք 34 °C ջերմաստիճանային պայմաններում, որպեսզի նվազագույնի հասցնենք նրանց ծնվելու պրոցեսի ընթացքում առաջացած ջերմային ցնցումը։ Պարզվեց, որ նրանք ավելի ամուր ոսկրեր են ունեցել, ինչը հաստատում է, որ ոսկրերի աճը կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից», - նշում է հետազոտության ղեկավար, բջջային ֆիզիոլոգիայի եւ նյութափոխանակության ամբիոնի պրոֆեսոր Միրկո Տրայկովսկին։

   Հաջորդական համաճարակաբանական տվյալներ

  Մի քանի խմբերի չափահաս մկներին տեղադրելով տաք միջավայրում, գիտնականները պարզել են, որ թեեւ ոսկրային չափը մնացել է անփոփոխ, ոսկրային ամրությունը եւ խտությունը մեծապես բարելավվել է: Այնուհետեւ նրանք կրկնել են իրենց փորձը մկների մոտ ձվարանների վիրահատությունից հետո, մենոպաուզալ օստեոպորոզը մոդելավորելու համար: «Ազդեցությունը շատ հետաքրքիր էր», - ասում է պրոֆեսոր Տրաիկովսկու լաբորատորիայի գիտաշխատող եւ այս հետազոտության առաջատար հեղինակ Կլեր Շեւալիեն,-«Մկների բնակավայրի ջերմաստիճանը պաշտպանել է նրանց օստեոպորոզին բնորոշ ոսկրային զանգվածի կորստից»։

  Ինչ վերաբերում է մարդկանց, հետազոտողների խումբը վերլուծել է օստեոպորոզ հիվանդության գլոբալ համաճարակաբանական տվյալները բնակավայրի միջին ջերմաստիճանի, աշխարհագրական լայնության, կալցիումի սպառման եւ վիտամին D-ի մակարդակներում և պարզել են, որ որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ցածր է ոսկրային կոտրվածքների հավանականությունը, որն օստեոպորոզի զարգացման հիմնական գործոններից է: «Սա նշանակում է, որ հյուսիսային երկրներում օստեոպորոզով հիվանդացությունն ավելի բարձր է, քան հարավում», - ասում է Միրկո Տրայկովսկին: Մեծ կարևորություն ունեցող վիտամին D- ի կամ կալցիումի վերլուծությունը չի փոփոխել ստացված տվյալները: Սակայն, սա չի նշանակում, որ կալցիումը կամ վիտամին D-ն ոչ մի դեր չեն խաղում հիվանդության զարգացման կամ կանխարգելման պրոցեսներում։ Սակայն որոշիչ գործոնը ամեն դեպքում ջերմաստիճանն է։

  Միկրոբիոտայի դերը մետաբոլիկ փոփոխություններում

  Միկրոբիոտայի շվեյցարացի մասնագետները, ցանկանալով հասկանալ դրա դերը մետաբոլիկ փոփոխություններում, իրենց լաբորատորիայում մշակված ժամանակակից մետագենոմային գործիքների շնորհիվ փոխպատվաստել են 34° ջերմաստիճանային միջավայրում ապրող մկների միկրոբիոտան օստեոպորոզով հիվանդ մկներին, և դրանց ոսկրերի որակն արագ բարելավվել է:

  Բուժման նոր մեթոդների մշակում

  Միկրոբիոտայի ազդեցությունը նյութափոխանակության պրոցեսների վրա լայնորեն ուսումնասիրված է, սակայն, որպեսզի հնարավոր լինի օգտագործել այդ գիտելիքները թերապեւտիկ ռազմավարություններ զարգացնելու համար, գիտնականները պետք է ճշգրիտ որոշեն կոնկրետ բակտերիաների դերը կոնկրետ հիվանդությունների դեպքում: Օստեոպորոզի վերաբերյալ իր աշխատանքի համատեքստում պրոֆեսոր Տրայկովսկու թիմը կարողացավ բացահայտել որոշ կարեւոր բակտերիաներ: «Մենք դեռ պետք է կատարելագործենք մեր անալիզները, բայց մեր համեմատաբար կարճաժամկետ նպատակը կլինի ԹԵԿՆԱԾՈՒ բակտերիաների նույնականացումը եւ մետաբոլիկ եւ ոսկրային խանգարումների բուժման համար մի քանի «բակտերիալ կոկտեյլների» մշակումը, որոնք կօգնեն կանխել օստեոպորոզը, ինչպես նաեւ բարձրացնել ինսուլինի նկատմամբ զգայունությունը»,- եզրակացնում են հեղինակները։


Բժշկական Նորություններ