Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Արսեն Թորոսյանը երեկ եղել է Գորիսում և Ստեփանակերտում

Արսեն Թորոսյանը երեկ եղել է Գորիսում և Ստեփանակերտում

2020-10-02

   ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ:

   Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ  իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ:

  Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել  մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը:

  Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով:

  Այնուհետև առողջապահության նախարարը մեկնել է Արցախ։ Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այստեղ Արսեն Թորոսյանը նախ ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին: Այնուհետև հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները, կարգավորել որոշ հարցեր:

  Մարտական գործողությունների սկզբից Արցախին աջակցելու նպատակով Ստեփանակերտ գործուղված առողջապահության նախարարության ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի տրամադրման հարցը` շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումներ։ Նախարարի հանձնարարականով ավելացվել են նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը։


Բժշկական Նորություններ