«Կուզեմ՝ զինվորները վստահ լինեն, որ իրենց թիկունքում գտնվող սպիտակ բանակը պատրաստ է իրենց հավասար կռիվ տալ ոչ միայն համաճարակի, այլ նաև թուրքի դեմ». Միքայել Ադամյան
Ադրբեջանի սանձազերծած Արցախում ընթացքող պատերազմի մասին «Victoria health news»-ը զրուցել է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանի հետ:
Թշնամին խախտել է համաշխարհային բոլոր նորմերը
Պատերազմը շատ դաժան բան է, սակայն անգամ ամենադաժան իրողությունն էլ ունի մարդկային և օրենքի կանոններ, որոնք պետք է պահպանել: Բայց, ինչպես տեսանք, թշնամին պատերազմում է ոչ միայն առաջին գծում, այլ նաև խախտելով համաշխարհային նորմերը՝ պատերազմում է խաղաղ բնակչության և անգամ բժիշկների դեմ։ Ինչ է սա, եթե ոչ ահաբեկչություն, երբ դիվերսիոն խմբերը ոչ միայն ռմբակոծում են շտապօգնության մեքենան, այլ նաև զենքով հարձակվում են, սպանում բժիշկներին ու վիրավորներին: Սա անգամ ահաբեկչություն էլ չի, սա ավելի դաժան մի բան է:
Բժշկական հզոր թիմ է աշխատում
Առաջնագծում եղել եմ հոկտեմբերի սկզբին, 3 օրով, օգնել եմ իմ կոլեգաներին՝ կազմակերպչական հարցերում: Մեր բժիշկներից շատերը առաջնագծում են. վիրավորներ են տարհանում, իրականացնում վիրահատություններ հիվանդանոցներում: Բայց կուզեմ ասեմ՝ ոչ միայն մեր, այլ ամբողջ սպիտակ բանակն է այնտեղ ներգրավված, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Ամերիկայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից եկած բժշկական մի հզոր թիմ է աշխատում: Դժբախտաբար, ենթարկվեցինք նաև ռմբակոծության, իսկ վերջին օրերի հարձակումներն ու ռմբակոծությունները շտապօգնության մեքենաների, Ստեփանակերտի հիվանդանոցի, «Մոր և մանկան» կենտրոնի վրա խոսում է թշնամու անմարդկային բնութագրի մասին:
Վիրավոր տղերքի աչքերում մի բան կա՝ շուտ ապաքինվեն և հասնեն առաջնագծում կռվող իրենց ընկերներին
«Նորք-Մարաշ» ԲԿ-ը այս պահին զբաղված է նաև վիրավորների հետ տարվող աշխատանքներով, ինչպես բոլոր հիվանդանոցները: Վիրավոր տղերքի աչքերում մի բան կա՝ շուտ ապաքինվեն և հասնեն առաջնագծում կռվող իրենց ընկերներին: Դա ոգևորում է նաև մեզ: Ես կուզեի՝ մեկ առ մեկ համբուրել բոլորի ճակատը՝ իրենց կատարած հերոսությունների համար և կուզեմ՝ իրենք էլ վստահ լինեն, որ իրենց թիկունքում գտնվող կամ իրենց կողքը կռվող սպիտակ բանակը պատրաստ է իրենց հավասար կռիվ տալ ոչ միայն համաճարակի, այլ նաև թուրքի դեմ: Թող իրենք պինդ մնան, առողջ մնան ու մենք իրենց դիմավորենք իրենց իսկ ընտանիքներում: