Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Մեր ապագա հաղթանակի գրավականը  ռազմական կրթությունն է». Մարիամ Մեհրաբյան

«Մեր ապագա հաղթանակի գրավականը ռազմական կրթությունն է». Մարիամ Մեհրաբյան

2020-12-11

  Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո մարդկանց տարբեր շերտերի մոտ ի հայտ են գալիս հոգեբանական տարաբնույթ խնդիրներ: Առավել խոցելիները զոհվածների և վիրավորների ընտանիքներն են:  Իսկ պատերազմում պարտված լինելը վերաբերում է  ամբողջ ազգին: Այս օրերին յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, ընկճված  և անորոշ վիճակում է:

  Ինչպե՞ս հաղթահարել այս իրավիճակը և առաջ նայել, այս և այլ հարցերի մասին «Victoria health news» ը զրուցել է իրավաբանական հոգեբան, հ.գ.թ. Մարիամ Մեհրաբյանի հետ («Ժեստ» հոգեբանական կենտրոն):

Պատերազմի շրջանում շեշտադրված էր տագնապը, խուճապը

  -Ազգաբնակչության մեջ պատերազմի շրջանում շեշտադրված էր տագնապը, խուճապը: Երբ ինֆորմացիան ավելի հստակ էր,  կարծես տիրում էր համատարած ուրախություն, որովհետև գիտեինք՝ որտեղ ինչ է կատարվում:  Հաշթեգով տեղեկացվում էր,  որ  հաղթելու ենք, նույնիսկ  շատ հաճախ հաղթում ենք կարգախոսն էր շրջանառվում, ինչը մարդկանց բավականին  ուժ և  հավատ էր տալիս:  Անգամ տագնապային  մարդիկ  ընդգրկվել էին համատարած կառավարելիության շարքերը, այսինքն՝ մարդկանց ինքնակառավարումը այդ պահին բարձր էր:

   Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից սպիտակների  և հոգեբանների բանակը կողք կողքի են եղել: Ես կարող եմ ասել մեր թիմի և գործընկերների մասին, որ մեզանից ոչ մեկը ջանք ու եռանդ չի խնայել ու չի խնայում  տարբեր խնդիրների ոչ միայն  հաղթահարման, այլև՝ կանխագելման համար:

Հիմա կա անորոշություն, ընկճվածություն

  Հետպատերազմյան շրջանը   հոգեբանության մեջ արտակարգ իրավիճակների շարքին է պատկանում:  Գոյություն ունի հետտրավմատիկ,  սթրեսային իրավիճակ հասկացություն, որը բնորոշ է ոչ միայն անմիջապես  մարտական գործողությունների մասնակիցներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ ունեցան տարբեր ապրումներ, դրանք նաև մարտական գործողություներին մասնակցած  անձանց հարազատներն են, բարեկամները՝  մեծից փոքր՝  երեխաները, կանայք, հայրերը, մայրերը:

  Հիմա կա անորոշություն, ընկճվածություն:  Կարելի է խոսել արդեն դեպրեսիվ տրամադրվածության մասին, բայց ամեն դեպքում անորոշությունը էլ ավելի գերակայում է և հանգեցնում է շատերի մոտ ընդհուպ մինչև տագնապային խանգարման: Եվ այս դեպքում ուղղակի քիչ է քննարկել  նեվրոզը, պետք է բացառապես խոսել խուճապի մասին: Այն հղի է տարբեր վտանգավոր հետևանքներով:  Օրինակ,  հետևանքներից մեկը՝   կարող է սկսվել արտագաղթ, որովհետև հիասթափությունը և անորոշությունը  ոչ բոլորին է ուժ տալիս՝   հաղթահարելու   «մեկ քայլ ետ, երկու քայլ առաջ»  սկզբունքով: Հիմա  հաճախ ենք լսում  այսպիսի  արտահայտություններ՝ «այստեղ վտանգավոր է», «այստեղ ապագա չկա» և նման դեպքերում արտագաղթը փրկության նման է դիտվում:

  Ինչ վերաբերում է բավական բարձր մարտունակություն ունեցող զինվորներին, որոնց  իբրև վիրավոր այս շրջանում առիթ ունեցանք հանդիպելու, աչքի են ընկնում «լավ է լինելու»-ից մինչև  «ոչ մի լավ բան չկա» տրամադրությամբ: Իրականում  շերտերը շատ տարբեր են և շատ տարբեր է նաև տրամադրվածությունը:  

  Այս  ընկճվածությունը իր ետևից կարող է բերել նաև մարմնական խնդիրներ՝ ստամոքսաաղիքային տրակտից մինչև սրտանոթային ու շնչառական համակարգերի խանգարումներ: Այս  ամենն ինքնին նաև ախտահարում է  հոգեվիճակը և հոգեմարմնային խնդիրը դառնում է «հիվանդություն», այսինքն՝ հիվանդագին ապրում, բայց դրանք  իրականում ապրումներից եկող հոգեմարմնային խնդիրներ են:

Մինչև վերջ կռվելու, մինչև վերջ գնալու հատկանիշները պետք է դառնան նաև ապագա հայի բնավորության առանձնահատկությունները

  -Շատ լուրջ և շատ կարևոր հարց է ՝ բոլորիս ցավ պատճառող անդառնալի կորուստները: Անպայման ուզում եմ անդրադառնալ զոհվածներին ու նրանց ընտանիքներին, քանի որ մենք ոչ միայն պարտավոր ենք լինել նրանց կողքին, այլ նաև պարտավոր ենք նրանց պահել մեր կողքին:  Սրանք երկու շատ իրար նման, բայց շատ տարբեր իմաստ արտահայտող նախադասություններ են: Ինչ ասել է՝ նրանց պահել մեր կողքին. նրանք պետք է շատ արագ ընդգրկվեն հասարակության տարբեր գործողությունների մեջ, քանի որ վշտի թերապիան իր տարբեր փուլերով, կորստի հետ աշխատանքը իր կարևոր փուլերով, ուղղակի նաև պարտադրում է որպեսզի մենք այդ շերտը պահենք  հասարակության  իբրև ակտիվ օղակ՝ իրենց ասելիքով: Եվ ուզում եմ, այստեղ մի շատ հետարքրիր կարմիր գծով մեջբերում անել, որ զոհված հերոսների ընտանիքները  աչքի են ընկնում տիպիկ հայ ընտանիքին բնորոշ առանձնահատկություններով: Առիթ եմ ունեցել շփվելու  շատերի հետ և այդ ներընտանեկան միջավայրը, այդ դաստիարակության առանձնահատկությունները, այդ մինչև վերջ կռվելու, մինչև վերջ գնալու հատկանիշները պետք է դառնան նաև ապագա հայի բնավորության առանձնահատկությունները:  Ազգային անվտանգության տեսանկյունից՝   մենք այս ազգային առանձնահատկությունները ձևավորելու և եղածը շատ լավ ընդգծելու կարիք ունենք:

Հերոսների ընտանիքները շատ նման են իրար մի քանի հատկանիշներով և  դա ազգապահպանման ու առաջ նայելու տեսանկյունից շատ լուրջ հենք է:

  Զոհվածների ընտանքիների հետ աշխատող մեր հոգաբանական թիմն՝  իր խոսքը չի սկսել ցավակցությամբ, այլ ՝ ողջույնով, ծանոթանալով  ու հավատացեք դա ծնողներին անչափ դուր է գալիս, որովհետև շատ  ծնողներ   մարդկանց արգելել են իրենց ցավակցել:

  Ծնողները  նշում էին, որ մեր երեխաները ազգի երեխաներն են, այսինքն՝ ընդհանուրի մի մասը: Ազգային էգոիզմի ոչ մի հատկանիշ չկա նրանց ընտանիքներում: Օրինակ, մի հայրիկ   ասաց, որ   իր երեխան ծնվել էր 2000 թ-ին այս օրվա համար:  Կրթվածության շատ բարձր աստիճան կա այս ընտանիքներում, նկատի չունեմ բուհական կրթությունը: Մենք կորցրել ենք առաջ նայող մի շատ հետաքրքրիր սերունդ, այդ տղաները  շատ ուրախ են գնացել, դա կարծես ազգային զարթոնքի մի պահ լիներ, նրանք հավատ ունեին իրենց գործի, անելիքի ու հաղթանակի հանդեպ: Պետք է ընդգծեմ նաև, որ այս ընտանիքները շատ նվիրված են հողին, նրանց  հետ շփվելիս՝ հասկանում ես, թե  ինչպես կարող է հողը ծնել իր հերոսին:

 Մեծից փոքր, անկախ սեռից,  պետք է ընդգրկված լինենք ռազմարդյունաբերության մեջ.  դա է մեր ապագա հաղթանակի գրավականը

  - Ազգ-ժողովուրդ-պետություն-մշակույթ,  այս հասկացությունների մեջ կուզենամ առաջ գնալը նայել: Առհասարակ,  ի՞նչն է հաղթանակի գրավականը, իհարկե միասնականությունը, բոլորով մի կետին նայելը: Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ ապագա հաղթանակին կհավատան, եթե իրենց աչքով  տեսնեն ռազմարդյունաբերությունը:  Այստեղ պետք է նշեմ նաև, որ  մարդիկ պետք է դուրս գան սոցցանցերից ու ապրեն իրական կյանքում, որը շատ բացասական երանգ է, որովհետև այնտեղ կատարվում է մի բան, որն իրականության մի քանի տոկոսի հետ է համընկնում:  Այս պահին բոլորս պետք է ընդգրկվենք ռազմարդյունաբերության մեջ ու բոլորս պետք է վերապատրաստվենք: Ինչպես  ենք, օրինակ, երեխային սովորեցնում ինքնասպասարկման հմտություններ, այդպես էլ մենք բոլորս պետք է լինենք «ողջ մնալու արվեստ»-ի մեջ: Բոլորս պետք է զենք կրենք, իսկ այդ զենքը պետք է  կրակող  լինի, դա կարող է լինել մեր գիտելիքը, մեր կրթվածությունը, մեր ռազմարդյունաբերությունը, մեր ընդգրկվածությունը մեր մշակույթի ոլորտում: Մեր պայքարը պետք է լինի նաև մշակույթով՝  մեր երգով, պարով, գրականությամբ:  Մենք պետք է շատ գիտակ լինենք, որպեսզի  կարողանանք խոսել ու ներկայացնել մերը, որ ադրբեջանցին հանկարծ հայկականն  իրենը չդարձնի:

   Հիմա շատ լավ կլինի, որ հեռուստատեսությունը ողողվի կրթամշակութային հաղորդումներով: Մենք անհատական հոգեբանական թերապիա ենք անում, իսկ խմբայինի դեպքում պետք է շեշտը դրվի ԶԼՄ-ների վրա: Նախակրթարաններից սկսած պետք է պարտադիր    ռազմահայրենասիրական դաստիարակություն տալ և այն պետք է լինի գործողություն:

   Եթե հակառակորդը մտածում է, որ մենք հիմա ունենք պարտվածի հոգեբանություն,  պետք է թողնել, որ ինքն այդպես էլ մտածի, իսկ մենք  շատ արագ  հասնենք  լավ արդյունքների:  

  Ես միշտ զինվորներին ասում եմ, եթե հիմա թշնամին Սյունիքի մոտ է, 2 տարի հետո դուք կարող եք լինել Արարատի փեշերին: Իրենց համար դա մի անհավատալի բան էլ չի, որովհետև իրենց մարտունակությունը շատ բարձր է: Մենք համարձակ ու շատ լավ հոգեբանությամբ սերունդ ունենք և իրենցից հետո եկողն էլ ավելի լավն է՝ զինված տեխնոլոգիաներով, ի դեպ,  խոսքս վերաբերում է թե՛  աղջիկներին, թե՛  տղաներին: Ու մենք դա չպետք է կորցնենք, մենք հիմա պետք է հենվենք սերունդների վրա: Մեծից փոքր, անկախ սեռից,  պետք է ընդգրկված լինենք ռազմարդյունաբերության մեջ. դա է մեր ապագա հաղթանակի գրավականը:


Հարցազրույցներ