Ըստ »Victoria health news»-ի, Միացյալ Թագավորությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարբերակը, որը կապված է վերջին շրջանում Անգլիայում հիվանդացության կտրուկ աճի հետ, այս մասին հաղորդում է CNN-ը:
Նոր մուտացիան ստացել է VUI-202012/01 անվանումը: Մինչ գիտնականները շարունակում են նոր բացահայտումներ անել այս տարբերակի վերաբերյալ, դրա ազդեցությունն արդեն զգացվում է, և տասնյակ երկրներ սահմանափակումներ են մտցնում Մեծ Բրիտանիայից ժամանող մարդկանց համար:
Ի՞նչ պետք է իմանալ վիրուսի նոր տարբերակի մասին և ինչո՞ւ է մասնագետներին այդքան մտահոգում հենց այս տարբերակը
Վիրուսի մուտացիա տեղի է ունենում այն ժամանակ, երբ փոխվում է դրա գենետիկ կառուցվածքը։ Բոլոր վիրուսները ժամանակի ընթացքում մուտացվում են, եւ ի հայտ են գալիս դրանց նոր ձևերը, բացառություն չէ նաև կորոնավիրուսը։
Ինչպես եւ մյուս տարբերակները, այս մեկը ևս կրում է գենետիկ հետք, որը թույլ է տալիս հեշտությամբ հետեւել դրանում կատարվող փոփոխությունները։ Այս տեսակն այժմ լայնորեն տարածված է Հարավարեւելյան Անգլիայում, սակայն սա չի նշանակում, որ այն ավելի վարակիչ է կամ վտանգավոր, չնայած որ Մեծ Բրիտանիայի կառավարության առողջապահական ոլորտի խորհրդական-գիտնականները հաշվարկել են, որ կորոնավիրուսի նոր՝ մուտացված տարբերակի տարածման ինտենսիվությունը 70% -ով ավելի բարձր կարող է լինել, քան մյուսների դեպքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վիրուսի նոր տարբերակում փոփոխությունները ներառում են 14 առանցքային մուտացիա, եւ որ դրանցից մի քանիսը «կարող են ազդել մարդկանց շրջանում վիրուսի արագ փոխանցման վրա», և հավելել է, որ անհրաժեշտ են հետագա լաբորատոր հետազոտություններ:
Nervtag-ի անդամ, գիտնական Նիլ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ այս տարբերակը կարող է ավելի վարակիչ լինել երեխաների համար, սակայն հավելել է, որ ավելի շատ գիտական ապացույցներ են պահանջվում այս հարցում: Covid-19-ի՝ մեզ ծանոթ տարբերակի ծանր տանելիությունը դեռեւս հազվադեպ երևույթ է երեխաների մոտ:
Հետազոտության արդյունքները մեծ կարևորություն ունեն վիրուսների դեմ պայքարելու հարցում: ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր տարբերակը առաջին անգամ հայտնվել է Անգլիայում սեպտեմբերին և դանդաղ տարածում է գտել մինչեւ նոյեմբերի կեսեր։
«Նոր տարբերակի դեպքերի թվի աճն առաջին անգամ ի հայտ է եկել նոյեմբերի վերջին, երբ Անգլիայի առողջապահության կազմակերպությունը հետազոտել է, թե ինչու Անգլիայի հարավ-արեւելքում՝ Քենթում, վարակման մակարդակը չի նվազում, չնայած կարանտինային սահմանափակումներին: Այնուհետեւ մենք հայտնաբերեցինք վիրուսի նոր տարբերակի հետ կապված կլաստեր, որն արագորեն տարածվում է Լոնդոնում եւ Էսեքսում», - նշում է կազմակերպությունը։
Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթթին հայտնել է, որ նոր տարբերակը կազմում է Լոնդոնում վարակվածության դեպքերի 60%-ը: Դեպքերը կրկնապատկվել են վերջին շաբաթվա ընթացքում:
Ո՞ր երկրներն են վտանգված
Մեծ Բրիտանիայից բացի, այդ տարբերակը հայտնաբերվել է նաեւ Դանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում եւ Ավստրալիայում:
Արդյո՞ք նոր տարբերակն ավելի մահացու է
Այս պահին չկա ոչ մի ապացույց, որ նոր տարբերակն ավելի մահացու է, չնայած դեռ վաղ է խոսել այդ մասին: Որոշ փորձագետներ նշում են, որ որոշ դեպքերում վիրուսի մուտացիաները, որոնք մեծացնում են դրա փոխանցելիությունը, պակաս մահացու են:
Արդյո՞ք մշակված պատվաստանյութերը կազդեն նոր տարբերակի վրա
Ըստ փորձագետների և դեղարտադրողների՝ դեռ չկան ապացույցներ, որ ստեղծված պատվաստանյութերը չեն ազդի վիրուսի նոր տարբերակի վրա։
ԱՄՆ-ում կիրառման թույլտվություն ստացած՝ Pfizer/BioNTech-ի եւ Moderna ընկերությունների առաջին երկու պատվաստանյութերը այժմ փորձարկվում են, որպեսզի ստուգվի դրանց արդյունավետությունը կորոնավիրուսի մուտացված նոր տարբերակի դեմ:
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նոր տարբերակի տարածումը նվազեցնելու համար
Լոնդոնը եւ Անգլիայի հարավ-արեւելյան շրջանները ներկայումս գտնվում են խիստ սահմանափակումների տակ, սակայն առողջապահության ոլորտի բրիտանացի փորձագետները ենթադրում են, որ այս տարբերակի դեմ պայքարելու համար լրացուցիչ սահմանափակումներ կարող են պահանջվել:
Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ամերիկայի տասնյակ երկրներ արդեն իսկ հայտարարել են դեպի Մեծ Բրիտանիա թռիչքների արգելման կամ այնտեղից ժամանող զբոսաշրջիկների համար թեստավորման եւ կարանտինի նոր պահանջների մասին:
ԱՀԿ-ն հերթական անգամ հիշեցնում է վիրուսից պաշտպանվելու հիմնական միջոցների մասին. խուսափե՛ք վարակված մարդկանց հետ սերտ շփումից, հաճախ լվացե՛ք ձեռքերը եւ կրե՛ք դիմակ։