Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Պատերազմից հետո․ հոգեբան Իրինա Ծատուրյանի  խոսքը մայրերին և հայրերին

Պատերազմից հետո․ հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքը մայրերին և հայրերին

2020-12-28

   Սթրեսի  առաջին՝ շոկի  փուլում մարդը չի կարողանում ընդունել իրականությունը: Եվ վարքագծային դրսևորումներն էլ լինում են տարբեր. որոշներն՝  աղաղակում են, որոշներն էլ՝  պարզապես լռում:  

  Նոյեմբերի 9-ից հետո հոգեբան Իրինա Ծատուրյանը ապրելով  նույն ցավը, երկար ժամանակ   իր մեջ ուժ չի գտել խոսելու: Անկեղծանում է, որ  պատերազմ բառն ասելիս չի կարողացել զսպել հուզմունքը: Իհարկե, գիտակցելով իր մասնագիտության կարևորությունն այս օրերին, Իրինա Ծատուրյանը վերսկսեց տեսաշարերով դիմել՝  սթրեսային վիճակում հայտնված տարբեր խմբերի մարդկանց, ովքեր իսկապես ունեն այդ ամոքիչ խոսքի կարիքը:

   «Victoria healt news»- ը ներկայացնում է Իրինա Ծատուրյանի խոսքն ուղղված որդեկորույս մայրերին և հայրերին, այրիներին և ընդհանրապես հարազատ կորցրած կանանց ու տղամարդկանց:

 Խոսք մայրերին

   -Որպես քրիստոնյա, մենք պետք է հասկանանք, որ մահ չկա: Մահանում է մարմինը, իսկ հոգին անմահ է: Մենք ունենք  մեծ թվով զոհեր, որոնք ինչպես ռազմի դաշտում էին մեզ պաշտպանում, հիմա էլ նույն կերպ նրանց հոգիներն են  շարունակում մեզ պաշտպանել: Մայրերը, կանայք պետք է իմանան, որ իրենց նահատակված   որդիները, ամուսնիները, եղբայրները կուզեն իրենց տեսնել  շատ առողջ:

   Խոսքս ուղղում եմ  մայրերին:  Դուք,  գոնե ձեզանից շատերը, ունեք այլ զավակներ,  բացի այն, որ դուք ձեր զոհված որդուն առողջ եք պետք, դուք պետք է հաշվի առնեք, որ ձեր մյուս զավակները  տեսնում են, թե մայրն  ինչպես է ողբում իրենց եղբոր համար:  Նրանց մոտ տեղի է ունենում շատ ծանր հոգեբանական վիճակ. նրանց  թվում է, թե մայրիկը  ավելի շատ սիրել է մահացած եղբորը, քան իրենց:  Նրանք չեն պատկերացնում, որ, Աստված չարասցե, եթե իրենց հետ էլ նույն բանը տեղի ունենար,  մայրիկը  նույն ձևով կսգար:  Բայց  այս պահին նրանց մոտ ձևավորվում է այն կարծիքը,  թե իրենք այդքան էլ սիրված չեն:  Սուգը տանելու ժամանակ, դուք միշտ ձեր մյուս բալիկներին ասեք, որ ինչ լավ է նրանք ձեր կողքին են, որ նրանց  սիրում եք ու  ինչքան լավ է, որ  բոլորով միասին եք:

   Մեկ խորհուրդ էլ, հիմա կարող եք ինձ ասել, որ դրա ժամանակը չի, բայց լավ էլ ժամանակն է: Ձեր մեջ կան շատ երիտասարդ կանայք, որ կարող են նորից երեխաներ ունենալ: Այդպես եղավ 1915 թ-ի ցեղասպանությունից հետո. շատ կանայք մեծ հասակում սկսեցին երեխաներ ունենալ, այդպես եղավ նաև 1988 թ-ի   երկրաշարժից հետո, երբ անգամ  երևանցիները սկսեցին երեխաներ ունենալ:  Ունենալով սեփական պատմության փորձը՝ մեր մայրիկները պետք է կրկին երեխաներ ունենան, նրանք, ովքեր կորցրել են  և երիտասարդ աղջիկները նույնպես, որպեսզի  լրացնեն մեր ազգի քանակը:  Դա կլինի լավագույն պատասխանը: Մենք դեռ նոր հաղթանակներ ենք ունենալու, մենք պետք է հասկանանք, որ ոչինչ մեզ չի կարող ընկճել:

  Շատ ծանր է այն մայրիկների վիճակը, որոնք ունեցել են միայն այդ տղային: Իմ խորհուրդն է այդ մայրիկներին՝  ընդգրկվեք  տաբեր կրթադաստիարակչական կենտրոնների՝ երեխաների հետ տարվող աշխատանքներում, որովհետև եթե դուք  կարողացել եք դաստիարակել հայրենասեր զավակ, ուրեմն՝  պետք է շարունակեք նույն կերպ կրթել նաև մեր սերունդներին:  Ես համոզված եմ, որ իրենց տղաների հոգիները կխաղաղվեն, երբ  իրենց մայրերին տեսնեն, որ  այդպես են դարմանում իրենց վիշտը:

   Մենք պետք է շարունակենք ապրել  և ապրել այնպես, որ  առողջ լինենք:

 Խոսք հայրերին

   -Ռազմի դաշտում քաջաբար  մարտնչած տղաներն  ունեցել են նաև տղամարդու դաստիարակություն: Նա  կարող է  լինել հայրը, մորեղբայրը, հորեղբայրը, պապիկը կամ այն հերոսը,  ում ընտրել էր և ուզում էր նմանվել  նրան: Հենց  նրանց շնորհիվ է, որ   նա  դարձավ հաղթող ու չպարտվող զինվոր: Հայրերի աշխատանքն  անգնահատելի է:

   Մեր մշակութային առաձնահատկությունն է, որ   տղամարդիկ իրենց վշտի մասին չեն խոսում: Եվ այդ չարտահայտվելը  բերում է նրան, որ  տղամարդկանց մոտ շատ են ինֆարկտներն ու   ինսուլտները:   Մենք պետք է հասկանանք, որ եթե հայրերը չեն լացում, դա չի նշանակում, որ նրանք թեթև են տանում: Հետևաբար, մենք պետք է հրաժարվենք այդ  կարծրատիպից,  որ տղամարդը պետք է լաց չլինի: Եթե տղամարդու եղբայրը, որդին, եղբորորդին, բարեկամը մահացել է , ինչպես կարող է նա  չհուզվել: Այո՛,  պետք է հուզվեն:

   Պատերազմին  մասնակցած և վիրավոր վերադարձած տղամարդիկ  այս փուլում շատ դժվարություններ են հաղթահարում: Նրանց դեռևս հետապնդում է պատերազմի պատկերը, և մեծ մասը տառապում է անքնությամբ:  

   Տղամարդկանց մյուս խումբը  պատերազմին ինչ-ինչ պատճառներով չմասնակցածներն են: Նրանք ունեն մեղքի զգացում, որ իրենց տղամարդկային գործառույթը չեն կատարել, բայց դա  տեղին չի, քանի  որ հայ ազգին ողջ մնացած տղամարդ էլ է պետք: Նման ապրումներ ունեցող մարդիկ   արդեն իսկ հաղթող են, որովհետև դա խոսում է նրանց  ազնվության,  մերձավորի և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի մասին: Դուք շարունակում եք ապրել և պետք է շարունակեք ապրել առողջ, այլ ոչ թե ձեր վիշտը սփոփեք շատ ծխելով կամ  խմելով:

   Հայաստանն ունեցել է տղամարդու մեծ կորսուստ և  մնացած  տղամարդկանց նկատմամբ հիմա շատ ավելի նուրբ և ուշադիր պետք է լինել, քան երբևէ:


Հարցազրույցներ