Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս պետք է սնվի դիաբետով հիվանդ մարդը

Ինչպե՞ս պետք է սնվի դիաբետով հիվանդ մարդը

2020-12-30

   Եթե ձեզ մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, դուք պետք է որ արդեն իմանաք, թե որքան կարեւոր է պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայում։ Գլյուկոզայի շարունակական բարձր մակարդակը կարող է հետագայում լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսիք են սրտային ախտահարումը, ինսուլտը, նյարդային խանգարումները, տեսողության խնդիրները կամ երիկամային հիվանդությունը:

    Բժշկի ցուցմամբ անհրաժեշտ է ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Սակայն եթե ձեզ մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, շատ կարեւոր է հետեւել առողջ սննդակարգին՝ արյան  մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահելու համար։ Չափազանց մեծ քանակությամբ գլյուկոզա կամ ճարպեր պարունակող մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման:

   Չկան այնպիսի մթերքներ, որոնք լիովին արգելված են, նույնիսկ դիաբետի առկայության պարագայում, սակայն դրանք պետք է լինեն սննդարար նյութերով հարուստ, շաքարի, ճարպերի ցածր պարունակությամբ և պակաս կալորիական։

   «Victoria health news»-ը ներկայացնում է   «eastnewyork.com» ամերիկյան կայքում հրապարակված հոդվածը՝ դիաբետ ունեցող մարդկանց սննդակարգի վերաբերյալ:

 5 խորհուրդ՝  առողջ սննդակարգ կազմելու համար

   Ածխաջրերը մեր օրգանիզմի համար շատ կարևոր են, սակայն կա մեծ տարբերություն պարզ եւ բարդ ածխաջրերի միջև։ Բարդ ածխաջրերը պարունակում են դիետիկ մանրաթելեր, որոնք օրգանիզմի կողմից յուրացվելիս, օգնում են պահպանել արյան մեջ շաքարի կայուն մակարդակը։ Բանջարեղենը, մրգերը, հացահատիկային մթերքները (քվինոյան, շագանակագույն բրինձը և վարսակի ալյուրը), ընկույզը և ընդեղենը (լոբին և ոլոռը) բարդ ածխաջրեր են: Հնարավորության դեպքում ձեր սննդակարգի մեջ ներառեք թվարկված սննդամթերքները պարզ ածխաջրերի փոխարեն, ինչպիսիք են սպիտակ հացը, սպիտակ բրինձը, գազավորված ըմպելիքները, թխվածքաբլիթները, մրգահյութերը և ձավարեղենը, որոնց ընդունումը անհրաժեշտ է բացառել։

Ընդունե՛ք բավարար քանակությամբ սպիտակուց

   Ձեր սննդակարում ներառեք հավի, ձկան, տավարի, խոզի ոչ յուղոտ միս, ձու, կաթնամթերք, լոբի, ընկույզ եւ սոյայի պարունակությամբ մթերքներ: Հնարավորության դեպքում ընտրեք ցածր յուղայնությամբ սպիտակուցային մթերքներ, ինչպիսիք են հավի կրծքամիսը, ձուկը:

Ուշադրություն դարձրե՛ք ճարպերին

   Որոշ տեսակի ճարպեր կարող են մեծացնել սրտային հիվանդությունների կամ ինսուլտի առաջացման ռիսկը: Քանի որ դիաբետով հիվանդների մոտ արդեն իսկ մեծ է այս հիվանդությունների զարգացման ռիսկը, կարևոր է նվազեցնել հագեցած ճարպերի (առկա է տավարի, խոզի, յուղոտ կաթնամթերքի և կոկոսի յուղի մեջ), տրանս-ճարպերի (առկա են տապակած խորտիկներում և հացաբուլկեղենի մեջ) և դիետիկ խոլեստերինի (առկա է կենդանական ծագման ճարպերում և ձվի դեղնուցի մեջ) պարունակությամբ մթերքների կիրառումը: Փոխարենը, ընտրեք «լավ» ճարպեր, որոնք առկա են ավոկադոյի, ընկույզի և ձիթապտղի յուղի մեջ:

Կրճատե՛ք քաղցրավենիքի օգտագործումը

   Իհարկե, դժվար է ամբողջովին բացառել քաղցրավենիքը սննդակարգից, սակայն երբ օգտագործում եք քաղցրեղեն կամ ձեզ հյուրասիրում են, ամբողջությամբ մի՛ կերեք, մի փոքր բաժին թողե՛ք, պարզապես համտեսի համար: Բացի այդ, ուշադրություն դարձրե՛ք, թե ինչպես են որոշ սննդամթերքներ ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, եւ փորձե՛ք խուսափել այն մթերքներից, որոնք արագորեն բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Մի մոռացե՛ք խմիչքների մասին

   Միգուցե զարմանաք, թե որքան շաքար եւ կալորիաներ են պարունակում խմիչքները։ Հնարավորինս հաճախ օգտագործե՛ք ցածր կալորիականությամբ և շաքարի ցածր պարունակությամբ ըմպելիքներ, օրինակ՝ ջուր, ոչ քաղցր թեյ կամ սուրճ (մեկ բաժակից ո՛չ ավելի): Խանութ այցելելիս փորձե՛ք խուսափել սոդայից, քաղցր հյութերից, էներգետիկ կամ ախորժալի տեսք ունեցող ըմպելիքներից:

   Եվ հիշե՛ք, ձեր սննդակարգը անմիջականորեն ազդում է օրգանիզում գլյուկոզայի մակարդակների կառավարման վրա, սնվե՛ք կանոնավոր, ամեն օր մոտավորապես նույն ժամին: Սա ձեր օրգանիզմին ժամանակ է տալիս արդյունավետ օգտագործելու օրգանիզմում սինթեզվող կամ ներարկային ինսուլինը: Քանի որ սննդակարգը վերահսկելը կարող է բարդ լինել, մանավանդ, երբ վերջերս  է միայն ձեզ մոտ ախտորոշվել շաքարային դիաբետ, ձեզ մոտ գրի՛ առեք այն ամենն, ինչ ուտում եք։ Սա կօգնի հասկանալու, թե իրականում ինչպես եք սնվում, և ձեր այցը բժշկին կամ դիետոլոգին կանցնի ավելի արդյունավետ:


Բժշկական Նորություններ