«Victoria health news» -ը ներկայացնում է «Nature Reviews Cardiology» ամսագրում հրապարակված Յեյլի համալսարանի կողմից իրականացված հետազոտությունը: Ուսումնասիրության արդյունքում հետազոտողները հայտնաբերել են COVID-19-ով հիվանդացության և դրա հետևանքով մահացության հիմնական պատճառների հիմքում ընկած մեխանիզմները: Հետազոտության հեղինակներից մեկը բժշկական գիտությունների պրոֆեսոր Ջոն Հվան է:
Թոքերի և մյուս խոշոր օրգանների մեծ և փոքր արյունատար անոթներում մեծ թրոմբների առաջացումը COVID-19-ով ծանր հիվանդացության և դրա հետևանքով հոսպիտալացման պատճառ է հանդիսանում։ Հետազոտողները պարզել են, որ ինչպես թրոմբոցիտները, այնպես էլ էնդոթելային դիսֆունկցիան ծանր COVID-19-ի հիմնական բաղադրիչներն են:
Ուսումնասիրության ընթացքում թիմն ամփոփել է ողջ աշխարհից ստացված հետազոտությունների արդյունքները՝ COVID-19-ի բուժման նոր ռազմավարություններ առաջարկելու նպատակով ՝ հիմնված սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի վերոհիշյալ գործոնների վրա:
Թրոմբոցիտները անոթների վնասվածքներից մեր օրգանիզմի պաշտպանության առաջնային մեխանիզմներն են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ը վնասում է թրոմբոցիտները և հանգեցնում դրանց դիսֆունկցիային: Արյան և ավշային անոթների պատերի էնդոթելիալ բջիջների հետագա վնասվածքները COVID-19-ով հիվանդացության ընթացքի վատթարացման և նույնիսկ մահվան պատճառ կարող են լինել: Ե՛վ թրոմբոցիտները, և՛ էնդոթելային բջիջները սերտ շփման մեջ են՝ արյան անխափան և բնականոն հոսքն ապահովելու համար: COVID-19-ի ընթացքում այս երկուսի ֆունկցիաները խանգարվում են բորբոքումների ու կոագուլոպաթիայի հետ միաժամանակ:
Թիմը նաև հայտնաբերել է մեխանիզմներ, որոնցով հնարավոր է հաշվարկել կապը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների և COVID-19-ի ծանրության աստիճանի միջև։ Այնպիսի ռիսկի գործոնները, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ծերացումը և գիրությունը հիվանդների մոտ արդեն իսկ հանգեցնում են թրոմբոցիտային և էնդոթելային դիսֆունկցիաների, իսկ SARS-CoV2- ի սրացմամբ կարող են բերել արյան գերծանր մակարդելիության և նույնիսկ մահվան։
Հետազոտողները նշում են, որ թրոմբների առաջացման և ծանր էնդոթելային հիվանդության դեմ պայքարը կարող է ապահովել բուժման փոխկապակցված տարբերակներ, որոնք կօգնեն բարձր ռիսկայնության հիվանդներին Քովիդ-19-ի դեմ պայքարում:
Ներկայումս ԱՄՆ Սննդի և դեղորայքի տեսչության կողմից հաստատված մի քանի դեղամիջոցներ ուսումնասիրվում են COVID-19- ի դեմ կիրառման համար:
Թիմը ենթադրում է, որ բուժման մեթոդների համատեղ կիրառությունը կարող է շատ ավելի արդյունավետ լինել: