Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Թոքաբորբ. ի՞նչ ուտել և ի՞նչ մթերքներից խուսափել այս հիվանդության ընթացքում

Թոքաբորբ. ի՞նչ ուտել և ի՞նչ մթերքներից խուսափել այս հիվանդության ընթացքում

2021-01-15

    Թոքաբորբը թոքերից մեկի կամ երկուսի ախտահարումն է, առաջանում  է մանրէների, սնկերի և վիրուսների՝ դեպի թոքեր ներթափանցման հետևանքով: Վարակն առաջացնում է թոքերի օդային պարկերի բորբոքում, որոնք սովորաբար հայտնի են որպես ալվեոլներ: Ալվեոլներում հավաքվող հեղուկը կամ թարախը կարող են առաջացնել շնչառության դժվարություններ, ինչպես նաև ջերմություն, հազ և դողէրոցք:

  Թոքաբորբը սովորաբար զարգանում է նորածինների և 65 տարեկանից բարձր մեծահասակների մոտ, թույլ իմունային համակարգի հետևանքով: Թոքաբորբը կյանքին սպառնացող հիվանդություն է, ուստի պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե նկատում եք ախտանշաններ, օրինակ, կրծքավանդակի ցավ, ծանր շնչառություն, հազ, հոգնածություն, բարձր ջերմություն և դող, սրտխառնոց և փսխում:

   «Victoria health news»-ը ներկայացնում է «TheHealthSite.com» կայքի հոդվածն այն մասին, թե ինչ է պետք ուտել  և  չուտել թոքաբորբի ժամանակ: 

Որո՞նք են թոքաբորբին բնորոշ ախտանշանները

   Թոքաբորբի ամենատարածված ախտանշաններն են.

   Հազ

   Մկանային ցավ

   Սրտխառնոց և փսխում

   Շնչառության արագացում

   Ծանր շնչառություն

Սննդակարգ. ի՞նչպես սնվել թոքաբորբի ընթացքում

   Թոքաբորբը հանդիսանում է նաև COVID-19-ի լուրջ բարդացումներից մեկը: Կորոնավիրուսի ընթացքում զարգացած թոքաբորբով որոշ հիվանդների մոտ կարող է առաջանալ սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ARDS), ինչը կարող է դժվարացնել շնչառությունը: Նման դեպքերում հիվանդներին միացվում է շնչառական ապարատ։

   Հիշե՛ք, տնային պայմաններում ո՛չ մի միջոց և սննդատեսակ չե՛ն կարող բուժել թոքաբորբը: Այս պարագայում անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում` համապատասխան դեղամիջոցներով: Այնուամենայնիվ, սննդակարգում որոշ տեսակի մթերքների ներառումը կօգնի արագացնել հիվանդության նախնական կրիտիկական փուլից դուրս գալու պրոցեսը:

   Ներկայացնում ենք այդ մթերքների ցանկը

Ամբողջական հացահատիկային մթերքներ

   Ամբողջական հացահատիկային մթերքները, ինչպիսիք են քվինոան, շագանակագույն բրինձը, վարսակը և գարին, պարունակում են ածխաջրեր և հիվանդության ընթացքում օրգանիզմի համար  էներգիայի հրաշալի պաշար են:

Սպիտակուցներով հարուստ սնունդ

   Սպիտակուցներով հարուստ սննդակարգն օգտակար է թոքաբորբով հիվանդների համար: Ընկուզեղենը, հատիկավորները, լոբազգիները, սպիտակ միսը և այնպիսի ձկնատեսակները, ինչպիսիք են սաղմոնը և սարդինաձուկը, ունեն հակաբորբոքային հատկություններ:

Կանաչ տերևավոր բանջարեղեններ

   Կանաչ տերևավոր բանջարեղենի տեսակները, ինչպիսիք են կաղամբը, հազարատերևը և սպանախը, հարուստ են սննդանյութերով, որոնք նպաստում են թոքաբորդի ընթացքում օրգանիզմի արագ վերականգնմանը: Դրանք պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են վարակներից:

Ցիտրուսային մրգեր

   Վիտամին C-ով հարուստ մրգերը, ինչպիսիք են նարինջը, հատապտուղները և քիվին, ամրապնդում են իմունային համակարգը և արագացնում վերականգնողական պրոցեսը: Նրանք պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են վարակներից:

Մեղրը որպես թոքաբորբի բուժման միջոց

   Մեղրը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն ունի հակաբակտերիալ ազդեցություն, օգնում է հազի և մրսածության ժամանակ, որոնք բնորոշ են թոքաբորբին։

Քրքում

   Քրքումն ունի հակաբորբոքային հատկություններ, նվազեցնում է կրծքավանդակի ցավը, ինչը թոքաբորբի նախնական ախտանշաններից մեկն է: Քրքումը գործում է որպես խորխալույծօգնում է բրոնխներից լորձի և խորխի դուրսբերմանը և հեշտացնում է շնչառությունը:

Կոճապղպեղ

   Կոճապղպեղը հայտնի է նաև իր հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններով: Այն մեղմացնում է կրծքավանդակի ցավը թոքաբորբի ընթացքում։

Ի՞նչ  պետք է չուտել թոքաբորբի ընթացքում

   Թոքաբորբով հիվանդների համար որոշ կերակրատեսակներ կարող են սրել թոքաբորբին բնորոշ ախտանշանները, ուստի խորհուրդ է տրվում խուսափել հետևյալ մթերքներից

Աղի մեծ չափաբաժիններ

   Կերակուրների մեջ աղի չափավոր օգտագործումը անհրաժեշտ է ուտելիքին համ հաղորդելու համար, սակայն դրա չարաշահումը կարող է վտանգավոր լինելաղն օժտված է օրգանիզմում  ջուր կուտակելու հատկությամբ, իսկ ջրի ավելորդ պաշարը կարող է շնչառության հետ կապված խնդիրներ առաջացնել: Աղի փոխարեն փորձե՛ք օգտագործել խոտաբույսեր և համեմունքներ՝ սննդին համ հաղորդելու համար:

Սառեցված սնունդ կամ մսամթերք

 Սառեցված միսը վտանգավոր է առողջության համար: Սառեցված մսամթերքների մեծամասնությունը՝ խոզի, տավարի միսը, ապխտած մսի տեսականիները և հոթ դոգերը, պարունակում են նիտրատներ կոչվող հավելումներ: Թոքաբորբով հիվանդ ժամանակ խուսափե՛ք այս մթերքներից։

Կաթնամթերք

   Թոքաբորբով հիվանդ ժամանակ խուսափե՛ք կաթնամթերքից, քանի որ դրանք կարող են սրել հիվանդության ախտանշանները: Չնայած կաթը շատ սննդարար է և հարուստ է կալցիումով, սակայն պարունակում է կազոմորֆին (կաթի տարրալուծման մասնիկներ), որը բարձրացնում է աղիներում լորձի քանակը:

Խուսափե՛ք տապակած կերակուրներից

   Տապակած կերակուրների չարաշահումը ժամանակի ընթացքում կարող է քաշի ավելցուկ առաջացնել, որի հետևանքով կարող է մեծանալ ճնշումը թոքերի վրա: Տապակած կերակուրները կարող են փքվածություն առաջացնել և անհանգստություն պատճառել՝ թոքերի վրա ճնշում գործադրելով և դժվարացնելով շնչառությունը։

   Բոլորս սիրում ենք համեղ սնվել, սակայն այնպիսի խրոնիկական վիճակի դեպքում, ինչպիսին է թոքաբորբը, առողջ սննդակարգը չափազանց կարևոր է: Թե՛ առողջ սննդակարգը և թե՛առողջ ապրելակերպը կարող են օգնել պայքարելու ոչ միայն թոքաբորբի, այլ ցանկացած հիվանդության դեմ:


Բժշկական Նորություններ