Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նոր ուսումնասիրություն. ո՞ւմից մարդը կարող է վարակվել  COVID-19-ով

Նոր ուսումնասիրություն. ո՞ւմից մարդը կարող է վարակվել COVID-19-ով

2021-01-20

   «Victoria health news»-ը ներկայացնում է  հետազոտողների՝ COVID-19-ի հետ կապված  վերջին բացահայտումները:  

   Մինչ համավարակը շարունակվում է, մենք ամեն օր նոր փաստեր ենք իմանում կորոնավիրուսի մասին: Հետազոտողները վերջերս հայտնաբերել են միաժամանակ թե՛ դրական և թե՛ բացասական փաստեր: Պարզվել է, որ մարդիկ, որոնք հիվանդացել  են COVID-19-ով, իրենց օրգանիզմում արտադրված հակամարմինների շնորհիվ առավել երկար ժամանակով են վիրուսից պաշտպանված, քան նախկինում կարծում էին: Ուսումնասիրությամբ նաև պարզ է դարձել, որ չնայած նշված ժամանակահատվածում այս մարդիկ պաշտպանված են վիրուսից, սակայն նրանք դեռ կարող են վարակակիր լինել և վարակել դիմացինին:

Հակամարմիններ ունեցող մարդիկ դեռևս կարող են COVID-19-ի տարածող լինել

    Հունվար ամսին Անգլիայի հանրային առողջության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը, որը ստացել է Siren Study անվանումը, պարզել է, որ հակամարմիններ ունեցող մարդիկ դեռևս կարող են վիրուսը կրել իրենց քթի և կոկորդի մեջ և շրջապատի մարդկանց վարակել:

   Էդինբուրգի համալսարանի իմունաբանության և վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Էլէանոր Ռայլին «Ռոյթերսին» հայտնել է, որ ներկայումս բոլոր մարդիկ մեկը մյուսի համար վարակի պոտենցիալ աղբյուր են  և պետք է պահպանեն համավարակի կանոնները:

   Հետազոտության համաձայն՝ COVID-19-ի նկատմամբ իմունիտետի որոշակի մակարդակը պահպանվում է վիրուսով վարակվելուց հետո առնվազն հինգ ամիս։ Այս  պաշտպանությունը լիարժեք չէ, ինչը նշանակում է, որ քիչ, բայց հավանական է, որ այդ հինգ ամսվա ընթացքում դուք կրկին կվարակվեք:

   Հետազոտողները նախազգուշացնում եննրանք, ովքեր առաջին ալիքի ժամանակ վարակվել են COVID-19-ով, հինգ ամիս անց կարող են կրկին խոցելի լինել:

COVID-19-ով վարակվելուց հետո պաշտպանվածության մակարդակը 83 տոկոս է

    Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ COVID-19-ով վարակվելուց հետո կրկնավարակից օրգանիզմի պաշտպանվածությունը 83 տոկոս է կազմում, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր դեռևս չեն հիվանդացել: Իսկ վերջին պատվաստանյութերի շնորհիվ պաշտպանվածության մակարդակը հասնում է մինչև 94-95  տոկոսի։ 

   «Մենք այժմ գիտենք, որ վիրուսակիրներից և պատվաստանյութերի միջոցով հակամարմիններ ստացած մարդկանցից շատերը պաշտպանված են կրկնավարակից, սակայն դեռ չգիտենք, թե որքան է տևում պաշտպանությունը», - նշում է հետազոտության գլխավոր ղեկավար Սյուզան Հոփքինսը։

   Այդ տոկոսային թիվը ստանալու համար հետազոտողները հունիսի 18-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել են թվով 6,614 COVID-19-ով հիվանդի և հայտնաբերել կրկնավարակի 44 հավանական դեպք:  Երկու հիվանդ, որոնց մոտ «հավանական» կրկնավարակ էր գրանցվել, նշում էին, որ ախտանշանները ավելի թույլ են արտահայտված եղել, քան առաջին անգամ COVID-19-ով վարակվելու ընթացքում:

   Այս բացահայտումները հաստատում են նախազգուշական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,  նույնիսկ նրանք, ովքեր արդեն իսկ վարակվել են COVID-19-ով:

   Շատ կարևոր է, որ վիրուսի հանդեպ իմունիտետ ունեցող մարդիկ շարունակեն անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ուրիշներին չվարակելու համար:

   Մի՛ մոռացեք պարբերաբար լվանալ ձեռքերը, կրել դիմակ  և պահպանել սոցիալական հեռավորությունը՝ վիրուսի փոխանցման հավանականությունը նվազեցնելու համար:


Բժշկական Նորություններ