Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Դիաբետի բուժման համար կիրառվող այս դեղամիջոցը կարող է դանդաղեցնել ճանաչողական ֆունկցիայի անկման պրոցեսը

Դիաբետի բուժման համար կիրառվող այս դեղամիջոցը կարող է դանդաղեցնել ճանաչողական ֆունկցիայի անկման պրոցեսը

2021-01-22

   Տիպ 2 դիաբետ զարգանում է այն ​​ժամանակ, երբ օրգանիզմն այլևս չի կարող արտադրել բավարար քանակությամբ ինսուլին՝  իր կարիքները բավարարելու համար, ինչի արդյունքում մարդը չի կարող պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում: Սա կարող է հանգեցնել երկարաժամկետ առողջական խնդիրների, ներառյալ ճանաչողական ֆունկցիայի անկման:

    «Victoria health news»- ը ներկայացնում է  «Diabetes Care» ամսագրում հրապարակված հետազոտությունը՝ ճանաչողական ֆունկցիայի վրա մետֆորմինի ազդեցության մասին, որի  հեղինակներից մեկը պրոֆեսոր Քեթրին Սամարասն է:

   Մետֆորմինը տիպ 2 դիաբետի բուժման համար նախատեսված առաջին շարքի դեղամիջոցներից է և լայն կիրառություն ունի բժիշկների կողմից ողջ աշխարհումմիլիոնավոր մարդիկ օգտագործում են այն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը  նորմայի սահմաններում պահելու համար։

   Սիդնեյի համալսարանի հետազոտողների կողմից վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մետֆորմին օգտագործող տիպ 2 դիաբետով տառապող մարդկանց մոտ  ճանաչողական ֆունկցիայի անկման պրոցեսներն ավելի դանդաղ են ընթացել՝ դեմենցիայի ցածր տեմպերով, քան նրանց մոտ, ովքեր չեն ընդունել մետֆորմին։

   Այս նոր փաստերը հույս են ներշնչում, որ հնարավոր կլինի նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը տիպ 2 դիաբետով տառապող մարդկանց մոտ և, հնարավոր է, նաև դիաբետ չունեցողների մոտ, որոնց թիվն աշխարհում կազմում է գրեթե 47 միլիոն մարդ:

   Ուսումնասիրության համար թիմը վերլուծել է տիպ 2 դիաբետով տառապող թվով 123 հիվանդների տվյալները: Նրանցից 67-ը ստացել են մետֆորմին` արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազեցնելու համար:

   Նրանք պարզել են, որ մետֆորմին ստացած  տիպ 2 դիաբետով տառապող մարդկանց մոտ շատ ավելի դանդաղ են ընթացել ճանաչողական ֆունկցիայի անկման պրոցեսները և գրանցվել է դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկ` մետֆորմին չընդունած հիվանդների հետ համեմատած։

   Թիմը նշում է, որ մետֆորմինն արդեն 60 տարի շարունակ անվտանգ կիրառվում է տիպ 2 դիաբետի բուժման համար:

   Մետֆորմինը նվազեցնում է լյարդից դեպի արյուն արտազատվող գլյուկոզայի քանակը և թույլ է տալիս օրգանիզմի բջիջներին ավելի լավ արձագանքել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին:

  Վերջին տասնամյակում կատարված հետազոտությունների շնորհիվ ապացուցվել են նաև մետֆորմինի առավելությունները քաղցկեղի, սրտային հիվանդությունների, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի բուժման և քաշի նվազեցման համար:


Բժշկական Նորություններ