Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Գլխուղեղի քաղցկեղը և դրա ախտանշանները

Գլխուղեղի քաղցկեղը և դրա ախտանշանները

2021-01-25

  Գլխուղեղի քաղցկեղի՝ հաճախակի կրկնվող և հազվագյուտ հանդիպող ախտանշանների, բարդությունների,  բուժման ընթացքի  կողմնակի ազդեցությունների մասին  հոդված է հրապարակել  «verywellhealth» ամերիկյան բժշկական կայքը:

   «Victoria health news»-ը ստորև ներկայացնում է  ամբողջական հոդվածը, որը կհետաքրքրի ինչպես մասնագետներին, այնպես էլ ՝ ոչ մասնագետներին:

   Գլխուղեղի քաղցկեղը առաջացնում է ոչ միայն տարբեր նյարդաբանական ախտանշաններ, այլև օրգանիզմի վրա համակարգային ազդեցություն կարող է ունենալ: Գլխուղեղի քաղցկեղը կարող է զարգանալ աստիճանաբար, առանց  նկատելի ախտանշանների և ունենալ ծանր, արագ զարգացող հետևանքներ: Գլխուղեղի ուռուցքի ախտանշանները հաճախ համապատասխանում են գլխուղեղում դրա տեղադիրքին։ 

   Եթե ​​կան նյարդաբանական ախտանշաններ, շատ կարևոր է դիմել բժշկին: Եվ եթե արդեն ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ, ապա պետք է ծանոթ լինել այն ախտանշաններին, որոնք կարող են զարգանալ դրա ընթացքում, որպեսզի հնարավոր լինի արագ բժշկական օգնություն և բուժում ստանալ:

Հաճախակի կրկնվող ախտանշանները

    Գլխուղեղի քաղցկեղի ամենատարածված ախտանշանը գլխուղեղում փքվածության և սեղմվածության զգացողությունն է: Երբեմն դեպի գլխուղեղ արյան նորմալ հոսքի արգելափակման պատճառով կարող է առաջանալ ներգանգային ճնշման բարձրացում: Այս ­ազդեցությունները սովորաբար առաջացնում են ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են հոգնածությունը, գլխացավը և գիտակցության փոփոխությունը:

   Հաճախ գլխուղեղի քաղցկեղի հատուկ նյարդաբանական ազդեցությունները (օրինակ, մարմնի մի կողմի թուլությունը) կարող են կապված լինել գլխուղեղում ուռուցքի տեղադիրքի կամ որոշակի տարածքում սեղմվածության զգացողության հետ:

  Գլխուղեղի քաղցկեղի ախտանշանները միշտ չէ, որ համընկնում են ուռուցքի տեղակայման հետ: Գլխուղեղի ուռուցքը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել գլխուղեղի այլ կետերում։

   Գլխուղեղի քաղցկեղի ընդհանուր ախտանշանները ներառում են`

Գլխացավեր և (կամ)  պարանոցի ցավեր, որոնք երբեմն կարող են փոփոխվել՝ կախված մարմնի դիրքից

Գլխապտույտ

Հոգնածություն կամ թուլություն

Կենտրոնանալու դժվարություն

Թուլություն կամ զգայական փոփոխություններ մարմնի և (կամ) դեմքի մի կողմում

Կծկտուր խոսք

Սնունդը կուլ տալու խնդիրներ

Սրտխառնոց և փսխում

Տեսողության փոփոխություններ

Շփոթվածություն

Դողէրոցք

Ցնցումներ

   Հնարավոր է այս ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայություն, որոնք  կարող են հանկարծակի ի հայտ գալ։ Նման դեպքերում պետք է պարտադիր դիմել բժշկին։

   Երեխաների մոտ նույնպես կարող են լինել նույն ախտանշանները, ինչ մեծահասակների մոտ, ինչպես նաև միզարձակության, քնի խնդիրներ, ախորժակի կորուստ, դյուրագրգիռ վիճակ: Իսկ շատ փոքր երեխաների մոտ ներգանգային ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել գլխի չափերի մեծացման:

 Հազվագյուտ հանդիպող ախտանշաններ

   Գլխուղեղի քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպիսիք են հիպոֆիզի ուռուցքները և նեյրոֆիբրոման, կապված են հատուկ ախտանշանների հետ, որոնք սովորաբար չեն հանդիպում գլխուղեղի ուռուցքների մեծամասնության ընթացքում։

Հիպոֆիզի քաղցկեղ

   Կարող է առաջացնել տեսողության խնդիրներ, հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են երեխաների աճի պրոցեսի, դաշտանային, ցիկլի, մարմնի քաշի, մարմնի ջերմաստիճանի, միզարձակման պրոցեսի և օրգանիզմի այլ ֆունկցիաների վրա: Հիպոֆիզի քաղցկեղը գուցե պետք լինի բուժել վիրահատական միջամտությամբ:

Նեյրոֆիբրոմատոզ

   1-ին և 2-րդ տիպի նեյրոֆիբրոմատոզները բնութագրվում են գլխուղեղում բազմաթիվ ուռուցքներով, որոնց մեծ մասը բարորակ են, իսկ որոշները կարող են չարորակ դառնալ:

   Ականջներում կարող են առաջացնել  աղմուկ, լսողության կորուստ և դեմքի մկանների թուլություն, ինչը բնութագրվում է մաշկի վրա մուգ բծերի առաջացմամբ:

Լսողական նյարդի նևրինոմա

   Լսողական նյարդի նևրինոման գլխուղեղի ուռուցքի հազվագյուտ տեսակ է, որը սովորաբար բարորակ է, սակայն կարող է նաև չարորակ դառնալ: Այն զարգանում է ականջի մոտ գտնվող լսողական նյարդից և կարող է առաջացնել ականջի հատվածում ծանրության զգացողություն, ականջներում աղմուկ, գլխապտույտ և  (կամ) լսողության կորուստ:

Կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմա

   Կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոման գլխուղեղի քաղցկեղի տեսակ է, որը կարող է զարգանալ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ, և որի ժամանակ կարող են առաջանալ վարքագծային փոփոխություններ, գլխացավեր, շաքարային դիաբետ և գլխուղեղի քաղցկեղին բնորոշ այլ ախտանշաններ:

Բարդություններ

Քաշի կորուստ

Մեջքի, կողոսկրերի կամ գանգում ցավ

Որովայնի փքվածություն

Ծանր շնչառություն

Գլխի և (կամ) դեմքի ձևափոխություն

Բուժման ընթացքի կողմնակի ազդեցությունները

    Ռադիոճառագայթային թերապիան, քիմիաթերապիան, իմունոթերապիան և նպատակային թերապիան կարող են օգնել մեղմել հիվանդությունը, սակայն դրանք ունեն նաև մի շարք կողմնակի բարդություններ:

Լեպտոմենինգիալ մետաստազներ

   Լեպտոմենինգիալ մետաստազների ժամանակ կարող են առաջանալ ջերմություն, թմրածություն պարանոցի շրջանում, լեթարգիա, նոպաներ և (կամ) գիտակցության կորուստ:

Ե՞րբ պետք է դիմել բժշկին

Եթե ​​առկա են նյարդաբանական ախտանշաններ, պետք է դիմել բժշկին

Շարունակական փսխումներ

Զարգացող գլխացավեր

Սուր գլխապտույտներ կամ հավասարակշռության հետ կապված խնդիրներ

Դժվար կամ արագ շնչառություն

Կրծքավանդակի ցավ

Նյարդաբանական ախտանշանների վատթարացում` թուլություն, զգայական համակարգի փոփոխություններ, խոսելու դժվարություն կամ տեսողության փոփոխություններ

Գիտակցության փոփոխություններ

Մարմնի ցանկացած հատվածում այտուցվածություն

Նոր նոպաներ կամ  նոպաների վատթարացում

    Գլխուղեղի քաղցկեղի շատ տեսակներ կան, և յուրաքանչյուրի հետևանքները տարբեր են: Պետք է այցելել  բժշկի, եթե նոր ախտանշաններ են ի հայտ եկել։

   Գլխուղեղի քաղցկեղը հաճախ բուժվում է և պետք է տեղեկացված լինել այն վտանգավոր ախտանշանների մասին, որոնք կարող են զարգանալ, անհրաժեշտության դեպքում ժամանակին բժշկական օգնություն ստանալու համար: Արագ ախտորոշումը դրական արդյունքի հասնելու գրավականն է։

 


Բժշկական Նորություններ