Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Վահանաձև գեղձի հիվանդությունները և ախտանշանները

Վահանաձև գեղձի հիվանդությունները և ախտանշանները

2021-01-27

    Վահանաձև գեղձը մեծ թիթեռանման գեղձ է, տեղակայված է պարանոցի հիմքում։ Այն կարգավորում է նյութափոխանակությունը՝ արյան մեջ հորմոններ արձակելով: Վահանաձև գեղձի հիվանդության տեսակներն ընդհանուր առմամբ բաժանվում են երեք կատեգորիայի.

  • Հիպոթիրեոզ. երբ վահանաձև գեղձը արտադրում է քիչ քանակով թիրոքսին
  • Հիպերթիրեոզ. առաջանում է վահանագեղձի կողմից հորմոնների գերարտադրության պատճառով
  • Վահանագեղձի հանգույցների հիվանդություն կամ քաղցկեղ

   Երբ այս կարևոր գեղձի ֆունկցիան խանգարվում է, օրգանիզմի շատ գործառույթներ սկսում են դանդաղել, ինչն ազդում է մարդու կյանքի որակի վրա: Բարեբախտաբար, բուժման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք կարող են օգնել կառավարել վահանաձեւ գեղձի վիճակը:

   Ըստ  «Victoria health news»-ի, «Microsoft News»-ի առողջապահական բաժինը դիտարկել է վահանաձեւ գեղձի հիվանդության ամենատարածված ախտանշանները: Չնայած դրանցից ոչ մեկը վահանագեղձի խանգարման վերջնական ախտանշանները չեն, սակայն դրանց ավելի վաղ հայտնաբերումը կօգնի ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

Նյարդային վիճակ

   Ըստ վահանագեղձի հիվանդությունների բրիտանական ասոցիացիայի՝ վահանաձեւ գեղձի գերակտիվության կամ հիպերթիրեոզի հիմնական պատճառներից մեկը նյարդային գերլարված վիճակն է կամ անհանգստությունը: Ասոցիացիան նշում է, որ վահանաձեւ գեղձում կատարվող փոփոխությունները կարող են մարդու մոտ տրամադրության փոփոխություններ առաջացնել: Այդ պատճառով ախտորոշումը ի սկզբանե կարող է սխալ լինել և նշվել որպես տագնապային խանգարում: Եթե կա նյարդային գերլարվածություն, ապա պետք է դիմել բժշկին։

Տրամադրության տատանումներ

   Վահանաձեւ գեղձի գերակտիվության հետևանքով հնարավոր է լինեն տրամադրության փոփոխություններ: Ինչպես նշեցինք, վահանաձեւ գեղձը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու հուզական աշխարհի վրա: Նման դեպքերում խորհրդակցեք մասնագետի հետ: Գուցե տրամադրության նման փոփոխության ավելի խորը պատճառներ կան:

Ձեռքերի դող

   Ըստ վերջին ուսումնասիրությունների, ձեռքերի դողը հաճախ կապված է Հաշիմոտոյի էնցեֆալոպաթիայի հետ, որը վահանաձեւ գեղձի հիվանդության հազվագյուտ տեսակ է: Ֆիզիկական վիճակի հետ կապ չունեցող ձեռքերի ցնցումների դեպքում արժե այցելել բժշկի և ախտորոշել: Չնայած այս ախտանշանը կարող է ունենալ բազմաթիվ այլ պատճառներ, հնարավոր պատճառներից մեկը վահանաձեւ գեղձի խանգարումն է:

Քաշի անսպասելի կորուստ

    Ըստ վահանագեղձի հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայի, մարմնի քաշը, օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսները անմիջական կապ ունեն վահանաձև գեղձի հետ։ Մասնագետների կարծիքով, վահանաձեւ գեղձի գերակտիվությամբ տառապող մարդիկ հաճախ ունենում են քաշի անսպասելի կորուստ՝ առանց սննդակարգի կամ ֆիզիկական վարժությունների ռեժիմը փոխելու։

Քաշի անսպասելի ավելացում

   Մյուս կողմից, քաշի անսպասելի ավելացման դեպքում ևս վահանաձեւ գեղձը կարող է դեր խաղալ: Վահանագեղձի հիվանդությունների բրիտանական ասոցիացիան նշում է, որ վահանագեղձի թերֆունկցիան, որը հայտնի է որպես հիպոթիրեոզ, հաճախ կապված է քաշի որոշակի ավելացման հետ ՝ մոտ երկուսից չորս կիլոգրամ: Քաշի անսպասելի ավելացման դեպքում դիմեք բժշկին:

Մարսողական համակարգի խնդիրներ

   Գաստրոէնտերոլոգիայի համաշխարհային ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, մարսողական խնդիրները կարող են կապված լինել վահանաձեւ գեղձի հիվանդությունների հետ, ինչպիսիք են Հաշիմոտոյի թիրեոիդիտը (որի դեպքում վահանաձև գեղձը աստիճանաբար դեստրուկցիայի է ենթարկվում) և Գրեյվսի հիվանդությունը (բնորոշվում է վահանաձև գեղձի գերակտիվությամբ): Եթե որոշ տեսակի կերակուրներ ուտելուց հետո նկատում եք ստամոքսի ցավ կամ սպազմ, դիմեք բժշկին։

Փորլուծություն

   Ստանդարտաբանության համաշխարհային ամսագրում հրապարակված տեղեկատվության համաձայն, փորլուծությունը կարող է լինել վահանաձեւ գեղձի գերակտիվության նշան: Այս ախտանշանը խոսում է մարսողական խնդիրների մասին: Նման դեպքերում միշտ առաջարկվում է բժշկական օգնություն:

Վահանագեղձի չափերի մեծացում

   Վահանաձեւ գեղձի հիվանդության ամենաակնհայտ ախտանշաններից մեկը հենց վահանաձեւ գեղձի մեծացումն է: Այն կարող է առաջացնել լրացուցիչ խնդիրներ, ինչպիսին հազն է: Նման դեպքերում անհրաժեշտ է լիարժեք ախտորոշում:

Սնունդը կուլ տալու դժվարություն

   Սա կարող է վահանաձեւ գեղձի մեծացման նշան լինել, ինչը նշանակում է, որ վահանաձեւ գեղձը չի գործում ինչպես հարկն է: Այս խնդիրը նկատելիս պետք է դիմել բժշկին:

Ձայնի խռպոտություն

   Ձայնի անսպասելի փոփոխությունները կարող են վահանաձեւ գեղձի մեծացման նշան լինել: Եթե ​​նկատում եք ձայնի խռպոտություն, ինչի համար այլ պատճառ չկա, օրինակ ՝ սովորական մրսածությունը, դիմեք բժշկին:

Դուրս ցցված ակնագնդեր

   Այս ախտանշանը կարող է տարածվել մեկ կամ երկու աչքի վրա և հաճախ կապված է վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման հետ: Այս դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկին։

Քնելու դժվարություն

   Քնի հետ կապված խնդիրները կարող են բազմաթիվ պատճառներ ունենալ, սակայն դա կարող է լինել նաև վահանաձեւ գեղձի գերակտիվ աշխատանքի հետևանք։

Հոգնածություն

   Վահանաձև գեղձի թերֆունկցիան հաճախակի քնկոտության և հոգնածության պատճառ կարող է դառնալ:

Քրտնարտադրություն

   «Informed Health.org»- ի հրապարակած հետազոտության համաձայն՝ վահանաձեւ գեղձի գերակտիվ աշխատանքի հիմնական նշաններից մեկը մարդու մոտ ավելորդ քրտնարտադրությունն է: Չնայած շոգ եղանակին կամ ֆիզիկական վարժություններ կատարելու ժամանակ քրտնելը նորմալ երևույթ է, սակայն եթե քրտնարտադրություն սկսվում է առանց ակնհայտ պատճառի, պետք է դիմել բժշկին:

Սրտի արագ աշխատանք

   Վահանաձեւ գեղձի գերակտիվ աշխատանքի հիմնական նշաններից մեկը սրտի արագ աշխատանքն է. երբ դա տեղի է ունենում առանց որևէ պատճառի։

Դեպրեսիա

   Ըստ վահանաձև գեղձի հիվանդությունների բրիտանական ասոցիացիայի, դեպրեսիան կարող է լինել վահանաձև գեղձի թերֆունկցիայի նշան: Իհարկե, դեպրեսիան կարող է ունենալ նաև այլ պատճառներ, սակայն կարևոր է պարզել պատճառը և բուժում ստանալ։

Մաշկի և մազերի չորություն

   Եթե մազերն ու մաշկը սովորականից ավելի չոր են, դա կարող է լինել վահանաձև գեղձի թերֆունկցիայի նշան: Իհարկե, ծերացման պրոցեսը և սննդակարգի փոփոխությունները նույնպես կարող են իրենց ազդեցությունն ունենալ։ Այս դեպքում ևս պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Մրսելու մշտական զգացում

   Դա կարող է պայմանավորված լինել վահանագեղձի հետ կապված խնդիրներով: Մասնագետները ենթադրում են, որ մարմնի ցածր ջերմաստիճանը կարող է լինել հիպոթիրեոզի նշան:

Մկանային թուլություն

   Վահանաձեւ գեղձի թերֆունկցիայով տառապող մարդկանց մոտ 79% -ը տառապում է նաև հիպոթիրոիդ միոպաթիայով, որն առաջացնում է մկանային թուլություն և չբուժելու դեպքում կարող է հանգեցնել հետագա այլ խնդիրների, ինչպիսին է մկանների հիվանդությունը:

Մոռացկոտություն

   Վահանաձեւ գեղձի թերֆունկցիան կամ հիպոթիրեոզը կարող է մոռացկոտության պատճառ դառնալ, ասվում է «Clinical Thyroidology» ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Եթե հիշողության հետ կապված խնդիրներ եք նկատում ձեզ մոտ, անպայման դիմեք բժշկին:


Բժշկական Նորություններ