Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նոր պատվաստանյութը բուժումից հետո մինչև չորս տարի կառավարում է քաղցկեղի բջիջները

Նոր պատվաստանյութը բուժումից հետո մինչև չորս տարի կառավարում է քաղցկեղի բջիջները

2021-01-29

   Բոլորս ենք խուսափում արտասանել քաղցկեղ բառը: Դրա ուղղակի հիշատակումից մենք փշաքաղվում ենք, և չնայած այն հանգամանքին, որ անդադար այդ հիվանդության բուժման նոր մեթոդներ են հայտնաբերվում, այն կարծես թե էլ ավելի մեծ թափով է զարգանում։

  Ըստ «Victoria health news»-ի,   ամերիկյան «NewsBreak.com» կայքը փոխանցում է, որ Դանա-Ֆարբերի անվան քաղցկեղի ինստիտուտի, Բոսթոնում Բրիգամի և կանանց հիվանդանոցի, ինչպես նաև Քեմբրիջում MIT- ի և Հարվարդի Բրոդ ինստիտուտի հետազոտողները մշակել են նոր պատվաստանյութ` Neovax անվամբ, որը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի դեմ պայքարում: Նոր պատվաստանյութի շնորհիվ հաջողվել է զսպել մելանոմայով հիվանդների մոտ ուռուցքի աճը:

  Պատվաստանյութի ուսումնասիրության արդյունքները առցանց հրապարակվել են «Nature Medicine» ամսագրում, որտեղ երևում է դրա արդյունավետությունը կիրառումից չորս տարի անց:

   «Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նոր անտիգեն պատվաստանյութը (անտիգեն անվանվում են այն բոլոր նյութերը, անկախ քիմիական բնույթից, որոնք օրգանիզմ ներթափանցելու դեպքում օրգանիզմի իմուն համակարգի կողմից ճանաչվում են որպես օտար և ինդուկցում են իմուն պատասխանի ձևավորում) կարող է խթանել երկարատև իմունային պատասխանը մելանոմայով հիվանդների մոտ», - ասում է Դանա-Ֆարբերի, Բրիգամի և կանանց հիվանդանոցի, Բրոդ ինստիտուտի բժիշկ Քեթրին Վուն,- «Ակնհայտ էր, որ մեկնարկային, նպատակաուղղված իմունային պատասխանը տարիների ընթացքում ընդլայնվել է՝ ապահովելով երկարատև պաշտպանություն հիվանդություններից»:

   Հետազոտությանը մասնակցել է  զարգացած մելանոմայի դեմ վիրահատված ութ հիվանդ, որոնք գտնվել են հիվանդության կրկնվելու բարձր ռիսկի գոտում: Neovax-ով բուժում ստանալուց չորս տարի անց բոլոր հիվանդները ողջ և առողջ էին, ընդ որում նրանցից վեցի մոտ հիվանդության ակտիվ նշաններ չեն գրանցվել:

   Նոր պատվաստանյութն իսկապես խոստումնալից է, սակայն որպեսզի դրա արդյունավետությունը  հաստատվի, անհրաժեշտ կլինի ավելի շատ թվով հետազոտություններ իրականացնել՝ հիվանդների ավելի մեծ խմբեր ընդգրկելով: Առայժմ, սակայն, ըստ հետազոտողների, ուսումնասիրության արդյունքները «ամուր հիմք» են, որպեսզի պատվաստանյութերի անհատական դեղաչափերի կիրառման միջոցով հնարավոր լինի վերահսկել մետաստատիկ ուռուցքների զարգացումը:


Բժշկական Նորություններ