Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՄՆ-ում քաղցկեղի դեպքերի 75.200-ը կապված են ալկոհոլի չարաշահման հետ

ԱՄՆ-ում քաղցկեղի դեպքերի 75.200-ը կապված են ալկոհոլի չարաշահման հետ

2021-02-03

   Ըստ «Victoria health news»-ի,  ԱՄՆ 50 նահանգում և Կոլումբիայի շրջանում ապրող չափահաս մարդկանց շրջանում քաղցկեղի դեպքերը և դրանից մահացության թվերը կապված են ալկոհոլի օգտագործման հետ,  այս մասին՝ «Cancer Epidemiology» ամսագիրն  իր վերջին համարում  հրապարակել է հետազոտություն:

   Չնայած այն հանգամանքին, որ քաղցկեղի տեսակները տարբեր են, և հաստատված դեպքերի քանակը տարբեր է երկրի տարբեր մասերում, հետազոտության հեղինակները՝ քաղցկեղի Ամերիկյան կազմակերպությունից և Չիկագոյի Իլինոյսի համալսարանից, առաջարկում են առողջապահական ծրագրեր, որոնք նախատեսված են հասարակությանը տեղեկացված պահելու քաղցկեղի և ալկոհոլի կապի մասին:

  Գաղտնիք չէ, որ ալկոհոլի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը: Հավաքագրելով գիտական ​​տվյալներ ամբողջ աշխարհից՝ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ինստիտուտը եզրակացրել է, որ գինի, գարեջուր և այլ տեսակի ոգելից խմիչքների օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի վեց տեսակի (հաստաղիքի, կրծքագեղձի, կերակրափողի, լյարդի, ստամոքսի և բերանի խոռոչի) զարգացման ռիսկը:

   Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունը, որը տևել է շուրջ երեք տարի (2013-2016թթ.), տվյալներ է հավաքել ԱՄՆ-ի Քաղցկեղի վիճակագրության տվյալների շտեմարանից՝ հիվանդության և մահվան դեպքերն ըստ մարզերի և նահանգների բաժանելու համար:

   Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱՄՆ-ում քաղցկեղի դեպքերի 75.200-ը (4.8%), կապված է ալկոհոլի չարաշահման հետ, ինչպես նաև դրա հետևանքով ամեն տարի 18.950 (3.2%) մարդ է մահանում: Ավելի շատ դեպքեր գրանցվել են Նոր Անգլիայում և Արևմտյան նահանգներում, իսկ միջինարևմտյան և հարավային նահանգներում վիճակագրական թվերն ավելի ցածր են եղել: 

   Այս ուսումնասիրության մեկ այլ կարևոր բացահայտումն այն է, որ տղամարդիկ ունեցել են ալկոհոլի հետևանքով զարգացած քաղցկեղի և դրանից մահացության ավելի բարձր մակարդակ, և հետազոտության հեղինակները կարծում են, որ դա մասամբ պայմանավորված է նրանց կողմից ալկոհոլի ավելի մեծ սպառմամբ:

  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) նշում է, որ «Ամերիկացիների սննդակարգի 2020-2025 թվականների ուղեցույցներում» խորհուրդ է տրվում ալկոհոլի չափավոր օգտագործում  և տղամարդկանց համար սահմանվում է օրական երկու բաժին խմիչքի օգտագործում, իսկ կանանց համար՝ մեկ:

   Քաղցկեղի ամերիկյան կազմակերպությունը համաձայն է այս ուղեցույցների հետ և խորհուրդ է տալիս ընդհանրապես խուսափել ալկոհոլից: Նրանց նպատակն է խրախուսել կառավարություններին առաջնահերթություն տալ քաղցկեղի կանխարգելման արշավներին:

  «Հանրային առողջապահական ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ու  մասնագետները կարող են բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այս հարցի շուրջ, համապատասխան ծրագրեր իրականացնելով», - ասված է հետազոտության հեղինակների մամուլի հաղորդագրության մեջ:


Բժշկական Նորություններ