Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ո՞րն է վիրաբուժական և N95 դիմակների միջև տարբերությունը

Ո՞րն է վիրաբուժական և N95 դիմակների միջև տարբերությունը

2021-02-09

   Ի՞նչ տարբերություններ կան վիրաբուժական դիմակի և շնչառական N95 դիմակի միջև: Այս հարցը 2020 թ-ից մինչ այսօր շատ արդիական է։  Չնայած այն հանգամանքին, որ երկու պաշտպանիչ միջոցն էլ կոչվում է «դիմակ», սակայն դրանք օգտագործվում են տարբեր գործառույթների համար: Վիրաբուժական ​​դիմակները և N95 շնչառական միջոցները տարբեր տեսակի դիմակներ են և տարբերվում են իրարից նույնիսկ նրանով, թե ինչպես են դրանք համապատասխանեցվում այն կրողի դեմքին:

   «Victoria health news»-ը ներկայացնում է «Occupational health & safety» ամերիկյան կայքում  հրապարակված հոդվածը, որտեղ ներկայացվում է, թե որ դիմակը ինչի համար է նախատեսված:

Վիրաբուժական դիմակներ

   ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի տեսչությունը (FDA)- ն նշում է. «Վիրաբուժական դիմակը դեմքին ազատ նստող, մեկանգամյա օգտագործման դիմակ է, որը ֆիզիկական խոչընդոտ է ստեղծում այն կրողի բերանի, քթի և միջավայրի պոտենցիալ աղտոտիչների միջև»: Վիրաբուժական դիմակը կարված է այնպես, որպեսզի կանխի օրգանիզմից հեղուկ մասնիկների (արյուն, խորխ) արտանետումը։ FDA- ն հավելում է սակայն, որ այն չի զտում և չի խոչընդոտում օդում գտնվող շատ այլ փոքր մասնիկների փոխանցումը մարդուն հազի, փռշտոցի կամ որոշակի այլ միջոցներով։

   Վիրաբուժական դիմակները նախատեսված են բերանը և քիթը ծածկելու համար և արտադրվում են ստանդարտ չափսերով: Վիրաբուժական դիմակի և N95 ֆիլտրող դիմակի հիմնական տարբերություններից մեկն այն է, որ վիրաբուժական դիմակները նախատեսված չեն շնչառական պաշտպանություն ապահովելու համար, քանի որ դրանք արդյունավետ կերպով չեն զտում օդի փոքր մասնիկները: Բացի այդ, վիրաբուժական դիմակները չեն համապատասխանում N95 կամ ավելի բարձրորակ շնչառական միջոցների ստանդարտներին: Ընդհանուր առմամբ, վիրաբուժական դիմակները նախատեսված չեն այն կրողին օդում գտնվող մանր մասնիկներից պաշտպանելու համար, այլ ավելի շուտ պաշտպանում են վիրահատական տարածքի օդի մաքրությունը շնչառության միջոցով փոխանցվող մասնիկներից։

   Պետք է նշել, որ վիրաբուժական դիմակները չպետք է շփոթել այլ տեսակի կտորից կարված դիմակների հետ, որոնք լայն տարածում են գտել COVID-19 համավարակի ֆոնին։ Դրանք չեն պահանջում FDA-ի կողմից հաստատում և չեն ապահովում նույն տեսակի պաշտպանություն:

N95 շնչառական միջոցներ

   N95 շնչառական միջոցները նախատեսված են օդով փոխանցվող մասնիկների՝ արդյունավետ կերպով զտում կատարելու համար դրանց՝  դեմքի հետ շատ սերտ շփման հաշվին: Ճիշտ կիրառելու դեպքում N95 շնչառական դիմակը զգալիորեն կնվազեցնի այն կրող մարդու շնչուղիներ ներթափանցող փոքր մասնիկների քանակը` ի տարբերություն վիրաբուժական դիմակի: Ֆիլտրման արդյունավետությունը կազմում է 95% -ից մինչև 99,97%, կախված օդում գտնվող վտանգավոր մասնիկների չափսերից և դիմակը ճիշտ կրելու ձևից:

   Գոյություն ունեն N95 դիմակների երկու հիմնական տեսակներ՝ վիրաբուժական և արդյունաբերական: Թե՛ N95 վիրաբուժական շնչառական միջոցները և թե՛ N95 արդյունաբերական շնչառական միջոցները ապահովում են տարբեր տեսակի պաշտպանություն` ըստ նախատեսվածի։

Վիրաբուժական շնչառական N95

   N95 վիրաբուժական շնչառական միջոցները նախատեսված են առողջապահական հաստատություններում կիրառելու համար և նախատեսված են ոչ միայն մարդուն օդակաթիլային կենսաբանական աղտոտիչներից պաշտպանելու համար, այլ նաև լրացուցիչ պաշտպանություն են ապահովում օդով փոխանցվող այլ հեղուկ մասնիկներից։

   Վիրաբուժական N95-ի և արդյունաբերական N95-ի միջև կա երկու հիմնական տարբերություն: Նախ, վիրաբուժական N95 դիմակները պետք է հաստատված լինեն FDA- ի կողմից և երկրորդ, վիրաբուժական N95 դիմակները անցնում են ստուգման փուլեր, որպեսզի հաստատվի, որ դրանք չեն առաջացնում մաշկի գրգռում կամ ալերգիա:

 Արդյունաբերական շնչառական N95

   N95 արդյունաբերական շնչառական միջոցները նախատեսված են մետաղամշակման, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում օգտագործելու համար և FDA հաստատում չեն պահանջում։ Ինպես N95 վիրաբուժական  շնչառական դիմակները, արդյունաբերական N95 շնչառական միջոցները ևս պետք է ամուր դիպչեն այն կրողի դեմքին, առավել արդյունավետ պաշտպանության համար:

   Չնայած N95 վիրաբուժական և N95 արդյունաբերական շնչառական միջոցների կիրառության ոլորտները տարբեր են, սակայն COVID-19-ի համավարակի ընթացքում N95 արդյունաբերական շնչառական միջոցները հաստատվել են պոլիկլինիկաներում օգտագործելու համար:

   Իհարկե, բարդ է գտնել բժշկական ​​դիմակների և N95 շնչառական միջոցների միջև տարբերություն, սակայն  եթե հասկանանք դրանցից յուրաքանչյուրի հիմնական առանձնահատկությունները, կկարողանանք կիրառել դրանք ըստ նշանակության։


Բժշկական Նորություններ