Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ըստ փորձագետների՝ «Sputnik V»-ն ամենաարդյունավետն ու անվտանգն է

Ըստ փորձագետների՝ «Sputnik V»-ն ամենաարդյունավետն ու անվտանգն է

2021-02-11

  Ըստ «Victoria health news»-ի,  ամերիկյան հեղինակավոր «The Lancet» գիտական ամսագիրը հրապարակել է հոդված, որում ներկայացնում է COVID-19-ի դեմ ստեղծված «Sputnik V» պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումների արդյունքները:

  Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել պաշտպանական ուժեղ ազդեցություն մասնակիցների բոլոր տարիքային խմբերի շրջանում:  Պատվաստանյութը, որը հայտնի է նաև որպես « Gam-COVID-Vac», ստեղծվել է ադենովիրուսային վեկտորի հիման վրա՝ օգտագործելով ադենովիրուս 26 (Ad26) և ադենովիրուս 5 (Ad5)։

  Աշխարհում ընդամենը երեք պատվաստանյութ կա, այդ թվում ՝ «Sputnik V», որոնք ունեն ավելի քան 90 տոկոս արդյունավետություն, ընդ որում  «Sputnik V» -ը գերազանցում է այս կատեգորիայի մյուս պատվաստանյութերին ՝ անվտանգության եւ պլատֆորմի ստուգվածության առումով:

  Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Sputnik V» -ը գրանցել է 2020 թվականի օգոստոսին։ Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում։ Սա COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին գրանցված դեղամիջոցն է:

  «Sputnik V»-ն արդեն գրանցված է աշխարհի  16 երկրում ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Սերբիայում, Արգենտինայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում եւ Հայաստանում: Պատվաստանյութի գրանցման գործընթացը նախաձեռնվել է նաև Եվրոպայի դեղգործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:

3-րդ փուլի արդյունքները

  Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Sputnik V»-ը ցույց տվեց արդյունավետության և անվտանգության բարձր ցուցանիշներ։

  Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս ՝ 19 866 կամավորի տվյալների վերլուծության հիման վրա, որոնք ստացել են պատվաստանյութի կամ պլացեբոյի առաջին եւ երկրորդ ներարկումը:

  Հետազոտության համար կարեւոր է դարձել 60-ից բարձր տարիքի կամավորների մասնակցությունը։  Տարեցների համար անվտանգության ցուցանիշները բարձր են եղել։ 60-ից բարձր տարիքի 2 144 կամավորի պատվաստման արդյունավետությունը կազմել է 91,8 տոկոս եւ վիճակագրորեն չի տարբերվում 18-60 տարեկան կամավորների խմբում ստացված տվյալներից:

   Հետազոտությունը ցույց է տվել, որ «Sputnik V» -ով պատվաստված կամավորների մոտ հակամարմինների մակարդակը 1,3-1,5 անգամ ավելի է, քան կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ:

«Sputnik V»-ի առավելությունները

«Sputnik V»-ն ունի մի շարք առավելություններ.

  1․ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված և բարձր արդյունավետության հարթակ, որի անվտանգությունը ապացուցված է տասնամյակների ընթացքում։

  2․ մատչելի գին, համեմատած այլ պատվաստանյութերի հետ (մեկ դեղաչափը՝ տասը դոլար, ինչը երկու-երեք անգամ ավելի մատչելի է, քան 90% արդյունավետությամբ այլ պատվաստանյութերը:

  3․ տրանսպորտային ավելի մեղմ պահանջներ՝ +2+8 C ջերմաստիճանային պայմաններ դեղամիջոցը տեղափոխելու համար, ինչը թույլ է տալիս այն հասցնել աշխարհի ավելի շատ  երկրներ։

  Մարդու ադենովիրուսների հիման վրա ստեղծված պատվաստանյութերի անվտանգությունը հաստատվել է ավելի քան 75 միջազգային հրապարակումներում եւ 250 կլինիկական հետազոտություններում, որոնք երկու տասնամյակ շարունակ անցկացրել են աշխարհի տարբեր երկրներում։

  Ադենովիրուսային վեկտորները սովորական հարբուխի գենետիկորեն ձեւափոխված վիրուսներ են, որոնք ի վիճակի չեն բազմանալ մարդու օրգանիզմում: «Sputnik V» պատվաստանյութի ներարկման ժամանակ կորոնավիրուսը օրգանիզմ չի ներթափանցում, պատվաստանյութը պարունակում է միայն նրա արտաքին սպիտակուցի մի մասի ՝ այսպես կոչված  «փշերի» մասին գենետիկ տեղեկատվություն, որոնք «թագ»- ի տեսք ունեն: Սա լիովին բացառում է պատվաստումների հետեւանքով վարակվելու հնարավորությունը, միաժամանակ թույլ տալով ձեւավորել կայուն իմունային պատասխան:

  Օգտագործելով երկու տարբեր վեկտոր, որոնք հիմնված են ad5 եւ Ad26 սերոտիպերի մարդկային ադենովիրուսի վրա, թույլ են տալիս ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովել կորոնավիրուսի դեմ, համեմատած այն պատվաստանյութերի, որոնք օգտագործում են միևնույն վեկտորը երկու ներարկումների համար: Երկու տարբեր վեկտորների օգտագործման շնորհիվ  «Sputnik V»  պատվաստանյութում հնարավոր չեզոքացնող ազդեցություն չի նկատվում, ինչը թույլ է տալիս ձևավորել ավելի երկարատև իմունային պատասխան։

Փորձագետները ողջունում են երրորդ փուլի արդյունքները

  Արեւմտյան երկրների փորձագետների մեծամասնությունը դրական  կարծիք է արտահայտել  պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության մասին: Օրինակ, ԱՄՆ-ի Վիստարի ինստիտուտի պատվաստանյութերի և իմունոթերապիայի կենտրոնի բժիշկ Հիլդեգունդ Էրթլը նշում է, որ «Sputnik V»-ի  նույնիսկ առաջին ներարկումից հետո հիվանդությունից պաշտպանվելու մակարդակը կազմել է 87,6 տոկոս: Այսպիսով, այն ավելի արդյունավետ է, քան «AstraZeneca»  կամ «Johnson&Johnson» ընկերությունների պատվաստանյութերը, քանի որ «Sputnik V»-ն, ի տարբերություն «Pfizer»-ի եւ «Moderna»-ի նույնքան արդյունավետ պատվաստանյութերի, հնարավոր է պահել սառնարանում, ինչը մեծ նշանակություն ունի COVID-19-ի գլոբալ համավարակի դեմ պայքարելու համար։ 


Բժշկական Նորություններ