Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Վազքուղու վրա դանդաղ քայլելը կարող է կանխել լյարդի քաղցկեղի զարգացումը

Վազքուղու վրա դանդաղ քայլելը կարող է կանխել լյարդի քաղցկեղի զարգացումը

2021-02-19

   Նոր հետազոտությամբ պարզվել է, որ վազքուղու վրա քայլելու կանոնավոր վարժությունները կարող են բարելավել լյարդի վիճակը և կանխել քաղցկեղի առաջացումը, ըստ Victoria health news-ի, այս մասին ասվում է «The Journal of Inflammation» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, որը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի կողմից:

   Նյուքասլի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ փորձամկների մոտ նման վարժությունները նվազեցրել են լյարդի՝ տարիքի հետ զարգացող բորբոքային պրոցեսների մակարդակը, բարելավել են լյարդի վիճակը և կանխել ուռուցքների առաջացումը։ Վարժություններին մասնակցած փորձամկների խմբում միայն մեկի մոտ է զարգացել լյարդի ուռուցք:

  Հետագա ուսումնասիրությունները կարող են օգնել պարզելու, թե արդյոք այս կանոնավոր, թեթև վարժությունը կօգնի նաև մարդկանց մոտ լյարդի քաղցկեղի ռիսկը նվազեցնելուն:

Քաղցկեղի զարգացումը

  Տարիքի հետ մեր օրգանիզմը կորցնում է իմունային համակարգի հանդեպ վերահսկողությունը, ինչը հանգեցնում է բորբոքային պրոցեսների ոչ նորմալ, բարձր մակարդակի։ Նորմայում, նման վիճակ դիտվում է սովորաբար այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը վերականգնվում է կամ պայքարում է վարակի դեմ: Սակայն երբ այդ երևույթը տևական ժամանակ պահպանվում է, կարող է վնասել հյուսվածքները և քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ:  

  Վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիայում լյարդի քաղցկեղի դեպքերը աճել են երեք հինգերորդով. ամեն օր 17 նոր դեպք է գրանցվում, և կանխատեսվում է, որ թվերը կշարունակեն աճել: Հետազոտողները փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր կանխարգելել այս դեպքերից գոնե մի քանիսը, որպեսզի հնարավոր լինի օգնել քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի գոտում գտնվող մարդկանց:

  Նյուքասլի համալսարանի գիտնականների նախորդ աշխատանքը ցույց է տվել, որ օրգանիզմում երկարատև կամ քրոնիկ բորբոքային պրոցես ունեցող փորձամկների մոտ, ի տարբերություն տարեց այլ մկների, նկատվում են ծերացման պրոցեսների արագացած նշաններ, ինչպիսիք են բարակած մաշկը և պակաս ճարպկությունը։

  Երկարատև բորբոքային  պրոցեսը նաև առաջացնում է տելոմերների՝ քրոմոսոմների եզրերին տեղակայված պաշտպանիչ կառուցվածքների կրճատում, ինչը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը, և հատկապես լյարդն է ենթակա այդ փոփոխություններին:

  Հետազոտության համահեղինակ, Նյուքասլի համալսարանի քաղցկեղի կենտրոնի պրոֆեսոր Դերեկ Մաննը նշում է. «Երիտասարդ տարիքում իմունային համակարգը ի վիճակի է հզոր պատասխան տալ օրգանիզմում տեղի ունեցող բացասական պրոցեսներին, սակայն տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է»:

  Մաննը ասում է նաև, որ իրենք ցանկանում էին տեսնել, թե արդյո՞ք փորձամկների վրա կիրառվող մեղմ ռեժիմով այս վարժությունը իրագործելի կլինի նաև մարդկանց պարագայում և կօգնի ամրապնդել իմունիտետն ու նվազեցնել լյարդի ուռուցքների առաջացման ռիսկը: Այդ նպատակով հետազոտողների իրենց թիմը քրոնիկ բորբոքում ունեցող ծեր փորձամկներին բաժանեց երկու խմբի՝ վարժությունների խմբի (թվով 16 մկներ) և նստակյաց խմբի (թվով 13 մկներ)։   

  Հետազոտողների կողմից ստուգվել է երկու խմբերի բոլոր մկների օրգանիզմի վիճակը և մարմնի քաշը, իսկ վարժությունների խմբի մկները շաբաթը երեք անգամ 30 րոպեով տեղադրվել են վազքուղիների մեջ։ Պարզեց, որ թեթև ֆիզիկական վարժությունները նվազեցրել են լյարդի բորբոքային պրոցեսները և բարելավել տարեց մկների նյութափոխանակությունը` ի տարբերություն նրանց նստակյաց ընկերների։

Վարժությունն ունի նաև այլ առավելություններ

  Ուսումնասիրությամբ պարզվեց, որ բացի լյարդի ուռուցքների զարգացման ռիսկը նվազեցնելուց, կան նաև այլ առավելություններ ․ վարժություններին մասնակցած փորձամկների մոտ նվազել է լյարդի ճարպակալումը, և ​​տելոմերներն ավելի քիչ են վնասվել:

  Հետազոտողները պարզել են նաև, որ վարժված մկները, չնայած իրենց մեծ տարիքին, ֆիզիկապես առավել ակտիվ էին, ինչն այդ տարիքի համար շատ լավ ցուցանիշ է, իսկ նստակյաց խմբի մկները ֆիզիկապես ավելի թույլ էին, և նրանց ակտիվությունը նկատելի անկում էր ապրել:

  Հետազոտության հեղինակները եզրակացրեցին, որ կանոնավոր, սակայն մեղմ վարժությունները կանխում են առողջության ընդհանուր վատթարացման պրոցեսը և լավացնում են մկների ինքնազգացողությունը, ինչպես նաև պաշտպանում են դրանց լյարդի զարգացող ուռուցքներից:

  Ինչպես նշում է Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գործադիր տնօրեն Միշել Միտչելը, փորձամկների վրա անցկացված այս ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ ֆիզիկական ակտիվությունը մեծ նշանակություն ունի օրգանիզմի առողջության պահպանման հարցում և իսկապես նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկերը։

  «Մենք անհամբեր սպասում ենք հետագա ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք ցույց կտան, թէ արդյոք չափավոր վարժությունների ծրագիրը կարող է օգնել նվազեցնելու լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկը նաև մարդկանց, հատկապես տարեցների և թույլ իմունիտետ ունեցողների մոտ»,- ասում է Միտչելը։


Բժշկական Նորություններ