Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Երեք տեսակի ըմպելիք՝  քնի որակը բարելավելու համար

Երեք տեսակի ըմպելիք՝ քնի որակը բարելավելու համար

2021-02-26

   Քունն առողջության համար շատ կարևոր է: Քնի ցածր որակը կամ դրա պակասը կարող են բացասաբար ազդել տրամադրության, ճանաչողական ֆունկցիայի և իմունային համակարգի վրա: Սթրեսը բացասական ազդեցություն ունի քնի պրոցեսների վրա, և COVID-19-ի համավարակի ֆոնին այս խնդիրը շատերի մոտ խորացել է։

   «Victoria health news»-ը ներկայացնում է «MedicalXpress» կայքում հրապարակված հոդվածը՝ քնի որակը բարելավելու մասին:

   Մենք նաև գիտենք, որ սթրեսը կարող է լինել սխալ սնվելու հետևանք։ Սթրեսային և հոգնած մարդիկ ավելի շատ էներգետիկ և կոֆեին պարունակող ըմպելիքներ են օգտագործում։ Սակայն կոֆեինի, ինչպես նաև շաքարով հագեցած էներգետիկ ըմպելիքների մեծ քանակությամբ օգտագործումը կարող է մարդուն արթուն պահել: Այս ամենը ստեղծում է արատավոր շրջան։ Նույն կերպ, սթրեսային վիճակում գտնվող մարդիկ կարող են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել: Իսկ քնելուց առաջ ալկոհոլը, հատկապես դրա չարաշահումը, նույնպես բացասաբար է ազդում քնի պրոցեսի վրա։

    Ի՞նչ կարելի է ըմպել քնի որակը բարելավելու համար

   Երիցուկ

   Երիցուկի թեյը դարեր շարունակ կիրառվել է ավանդական բժշկության մեջ անքնությունը բուժելու համար: Բույսի քաղվածքը պարունակում է ապիգենին կոչվող քիմիական տարր, որն ունի հանգստացնող էֆեկտ և կապվում է ուղեղի նույն ընկալիչների հետ, ինչ բենզոդիազեպինները, որոնք օգտագործվում են անհանգստության և անքնության բուժման համար։

   Հետազոտությունները ցույց են տվել, որ երիցուկը մզվածքի կամ թեյի տեսքով կիրառելու դեպքում զգալիորեն բարելավում է քնի որակը:

   Կաթ

   Արևմտյան մշակույթներում քնելուց առաջ կովի տաք կաթի մեկ բաժակը շատ սիրված է հատկապես երեխաների կողմից։ Կաթը պարունակում է բնական տրիպտոֆան ամինաթթու, որն անփոխարինելի է օրգանիզմի համար և անհրաժեշտ է գլխուղեղում քիմիական միացություններ ստեղծելու համար, այդ թվում ՝ սերոտոնին և մելատոնին: Այս միացությունները մասնակցում են քուն-արթնության պրոցեսին, ինչով էլ  բացատրվում է կաթի օգտակարությունը քնելուց առաջ։

   Կակաո

  Տաք կակաոն (հիմնականում կաթում լուծված վիճակում) նույնպես համարվում է քունը կարգավորող ըմպելիք: Կակաոյի հատիկները օգտակար քիմիական նյութերի հարուստ աղբյուր են հանդիսանում, այդ թվում ՝ ֆլավոնոիդ կոչվող միացությունների:

  Ֆլավոնոիդները հագեցած են առողջության համար օգտակար մի շարք նյութերով և կարող են կիրառվել նեյրոդեգեներատիվ մի քանի տեսակի խանգարումների բուժման համար: Քնի որակի վրա կակաոյի դրական ազդեցության վերաբերյալ սահմանափակ հետազոտություններ կան: Սակայն փորձամկների վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնական կակաոն կարող է բուժել սթրեսի հետևանքով առաջացած անքնությունը:

  Մարդկանց մոտ կակաոյի օգտագործումը կարգավորում է արյան ճնշումը և կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ՝ այդպիսով կարգավորելով քունը։

  Օրվա վերջում կենսակերպի մի քանի գործոններ կարող են ազդել քնի որակի վրա, ներառյալ ֆիզիկական ակտիվ վարժությունները, սթրեսը և դիետան, և չնայած այն հանգամանքին, որ վերոհիշյալ ըմպելիքները բնական են,  անվնաս և կյանքի որոշակի փուլերում օգնում են կարգավորելու քնի պրոցեսները, սակայն դրանց վերաբերյալ ուսումնասիրությունները դեռևս լիարժեք չեն, և հետևաբար քնի լուրջ խանգարումների դեպքում պետք է դիմել բժշկի և անցնել բուժում։


Բժշկական Նորություններ