Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Դիֆթերիան կրկին կարող է դառնալ գլոբալ առողջապահական սպառնալիք

Դիֆթերիան կրկին կարող է դառնալ գլոբալ առողջապահական սպառնալիք

2021-03-18

  Դիֆթերիան սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Corynebacterium diphtheriae բակտերիաների՝ տոքսիններ արտադրող շտամներից: Սովորաբար ինֆեկցիան վնասում է քթի և կոկորդի լորձաթաղանթը, ինչն առաջացնում է բարձր ջերմություն և կոկորդի ցավ,  կարող է հանգեցնել մի շարք բարդությունների՝ սրտամկանի բորբոքման, նյարդերի բորբոքման, երիկամային խնդիրների, արյունահոսության և չբուժելու դեպքում կարող է մահացու լինել:

  Տարածված պատվաստանյութերի շնորհիվ ժամանակակից բժշկությանը հաջողվել է վերջին տասնամյակների ընթացքում ճնշել այս հիվանդությունը: 2016 թ-ին ամբողջ աշխարհում պաշտոնապես հաստատվել է հիվանդության 7.097 դեպք, ինչը զգալի նվազել է 1980 թ-ին գրանցված մոտ 100000-ից: Այնուամենայնիվ, գիտնականները սկսել են անհանգստանալ, որ այս հիվանդությունը կրկին գլուխ կբարձրացնի:

  «Victoria health news»-ը ներկայացնում է ամերիկյան «IFLS» կայքում հրապարակված հոդվածն այն մասին, որ դիֆթերիան կարող է դառնալ գլոբալ առողջապահական խնդիր:

  Չնայած դիֆթերիան հեշտությամբ կարելի է կանխել պատվաստանյութերի միջոցով, հետազոտական որոշ նմուշներ ցույց են տալիս, որ մանրէները զարգանում են` դառնալով հակաբիոտիկների մի շարք դասերի հանդեպ դիմացկուն և մոտ ապագայում կարող են հաղթել պատվաստանյութերին: Բացի այդ, COVID-19-ի համավարակը խափանեց դիֆթերիայի դեմ պատվաստումների գլոբալ փորձերը:

Դիֆթերիայի բակտերիալ գենոմներում հայտնաբերվել են մի շարք տագնապալի միտումներ

  Վերջերս Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետազոտողները ահազանգ են հնչեցրել «Nature Communications» ամսագրում: Նրանք վերլուծել են վերջին 122 տարվա ընթացքում 16 երկրից և աշխարհագրական այլ տարածքից ստացված ավելի քան 500 C. դիֆթերիայի իզոլատների գենոմը: Հետազոտությունը ներառել է նաև Հնդկաստանից ստացված տվյալները, որտեղ 2018 թ-ին գրանցվել է ողջ աշխարհում հիվանդության դեպքերի կեսից ավելին:

  Վերլուծության ընթացքում նկատվել են գենետիկ որոշ տագնապալի փոփոխություններ: Դիֆթերիայի պատճառը C. diphtheriae- ի արտադրած տոքսինն է: Այս տոքսինը կոդավորվում է տոքսիկ գենի կողմից, և հենց այս բաղադրիչն է թիրախավորում պատվաստանյութերը: Ուսումնասիրությամբ հայտնաբերվել է տոքսիկ գենի 18 տարբեր տեսակ, որոնցից շատերը կարող են փոփոխել տոքսինի կառուցվածքը: Եթե ​​այս փոփոխությունները շարունակվեն, տոքսինի կառուցվածքը կարող է փոխվել այնքանով, որ այն կարող է չենթարկվել պատվաստանյութին:

  «Չնայած մեր տվյալները չեն ենթադրում, որ ներկայումս օգտագործվող պատվաստանյութն արդյունավետ չէ, այն փաստը, որ մենք տեսնում ենք տոքսինի տեսակների անընդհատ աճող բազմազանություն, վկայում է այն մասին, որ տոքսինի դեմ ուղղված պատվաստանյութերն ու բուժման մեթոդները պետք է պարբերաբար ուսումնասիրվեն», - նշել է Քեմբրիջի թերապևտիկ իմունոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի (CITIID) պրոֆեսոր, ուսումնասիրության հեղինակ գորդոն Դուգանը։

COVID-19-ի համավարակը կարող է խթանել դիֆթերիայի տարածումը

  Դիֆթերիան հնարավոր է բուժել տարբեր հակաբիոտիկներով: Ցավոք, այս մանրէի գենոմում նկատվող փոփոխությունները ենթադրում են, որ բուժումը կարող է խնդրահարույց դառնալ մոտ ապագայում: Վերլուծությունը ցույց է տվել, որ հակամանրէային դիմադրության գեները ավելի տարածված են C. diphtheriae- ի շրջանում: Վերջին տասնամյակում՝ 2010-2019թթ, ինֆեկցիաներից իզոլացված բակտերիաների գենոմները ցույց են տվել հակամանրէային կայունության գեների ամենամեծ քանակը մեկ գենոմի համար ՝ միջինը գրեթե չորս անգամ ավելի, քան 1990-ականներին։

  «Այս կայունությունը առաջանում է այն հակաբիոտիկների նկատմամբ, որոնք նույնիսկ կլինիկորեն չեն կիրառվում դիֆթերիայի բուժման ժամանակ: Պետք է լինեն նաև այլ գործոններ, ինչպիսիք են անախտանիշ վարակը և մի շարք հակաբիոտիկների ազդեցությունը, որոնք նախատեսված են դիֆթերիայի բուժման համար», - նշել է հետազոտության գլխավոր հեղինակ և CITIID- ի ասպիրանտ Ռոբերտ Ուիլլը:

  Հետազոտողները ասում են, որ այս երկու մտահոգիչ միտումների հետ մեկտեղ, նաև COVID-19-ի համավարակը կարող է խթանել դիֆթերիայի տարածումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` COVID-19-ի պատճառով ամբողջ աշխարհում 117 միլիոն մարդ չի անցնի հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումները, ինչպիսին է կարմրուկը: Քանի որ դիֆթերիայի դեպքերը արդեն իսկ սկսել են աճել, 2018 թ-ին, 22 տարվա կտրվածքով, գրանցվել է այս հիվանդության ամենաբարձր ցուցանիշը։ Համավարակի հետևանքները կարող են լուրջ խոչընդոտ լինել հիվանդության դեմ պայքարում:


Բժշկական Նորություններ