Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Servier»  դեղագործական ընկերությունը մեղավոր է ճանաչվել մահաբեր դիետիկ հաբերի արտադրության հարցով

«Servier» դեղագործական ընկերությունը մեղավոր է ճանաչվել մահաբեր դիետիկ հաբերի արտադրության հարցով

2021-03-30

Ֆրանսիայի պատմության ամենախոշոր բժշկական սկանդալը

  Ֆրանսիական «Servier» դեղագործական ընկերությունը մեղավոր է ճանաչվել «խաբեության» և «սպանության ու առողջությանը չկանխամտածված վնաս հասցնելու համար»՝ մինչև 2000 մարդու մահվան պատճառ դարձած դեղամիջոցի արտադրության հարցով: Այս մասին, ըստ «Victoria health news»-ի,  հայտնում է «pharmaceutical-technology.com» դեղագործական նորություններ ներկայացնող կայքը:

  ֆրանսիական դատարանի որոշմամբ՝  ընկերությունը տուգանվել է 2,7 միլիոն եվրոյով, քանի որ  թաքցրել է դիաբետի բուժման համար նախատեսված իր արտադրության Mediator անվամբ դեղամիջոցի կողմնակի վտանգավոր ազդեցությունները: Դեղամիջոցը լայն կիրառության մեջ է եղել որպես դիետիկ հաբեր:

  «Servier» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ֆիլիպ Սետան դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ չորս տարի ժամկետով: Ֆրանսիայի դեղերի և բժշկական սարքերի անվտանգության ազգային գործակալությունը (ANSM), որին ևս մեղադրանք էր առաջադրվել մեղմ լինելու և հիվանդների մահը և նրանց հասցված վնասները չկանխելու համար, տուգանվել է 303,000 եվրոյով:

  Դատավարությունը, որը սկսվել էր դեռևս 2019-ին, և որին մասնակցել են 21 մեղադրյալ  և ավելի քան 6500 հայցվոր, Ֆրանսիայի պատմության մեջ համարվում է ամենախոշոր բժշկական սկանդալներից մեկը:

Դեղահաբից մահացել է 2000 մարդ

  Համաձայն 2010 թ. ուսումնասիրության՝ Mediator-ը,  ֆրանսիական շուկայում գտնվելու 30 տարիների ընթացքում,  2000 մարդու մահվան  պատճառ է հանդիսացել, ովքեր օգտագործել են այն որպես ախորժակը ճնշող միջոց: Բժիշկներից մեկը, ով դեռևս 1998 թ.-ին անհանգստություն էր հայտնել դեղահաբի անվտանգության վերաբերյալ, վկայել է, որ ստիպված է եղել դատարանից հետ կանչել իր հայցը:

  Mediator-ի վտանգավորության մասին մտահոգությունն առաջին անգամ բարձրացվել է 2007 թ.-ին, երբ թոքաբան Իրեն Ֆրաչոնը նախազգուշացրեց այդ դեղորայքի ընդունման հետևանքով սրտին ու թոքերին հասցված լուրջ վնասների, հատկապես սրտի փականի հիվանդության մասին։ Չնայած Ֆրաչոնի նախազգուշացումներին, ինչպես նաև այն փաստին, որ «Servier» ընկերությունը 1997-2004 թվականներին դեղամիջոցը հանեց մի քանի երկրների շուկաներից, Ֆրանսիայում դեղամիջոցն արգելվեց միայն 2009 թվականին:

177.6 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում արդեն իսկ վճարվել է

  Դեղագործական ընկերության փաստաբանները պնդում էին, որ իրենք տեղեկացված չեն եղել դեղամիջոցի ընդունման հետ կապված ռիսկերի մասին մինչև 2009 թվականը, և ասում, որ ընկերությունը երբևէ չի նշել  դեղամիջոցի`  դիետիկ հաբ լինելու մասին:

  «Servier» ընկերության կայքի հաղորդմամբ, այս տարվա մարտի 1-ի դրությամբ՝ 3884 հիվանդ ստացել է 199.6 միլիոն եվրո ընդհանուր փոխհատուցման առաջարկ: Ընկերությունը պնդում է, որ դեղորայքին վերագրվող 177.6 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում արդեն իսկ վճարվել է:

  Նախագահող դատավոր Սիլվի Դաունիսը դատարանում ասել է, որ «Servier» ընկերությունը խաթարեց վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ.  «Չնայած այն հանգամանքին, որ «Servier» ընկերությունը տարիներ շարունակ տեղյակ է եղել ռիսկերի մասին, այնուամենայնիվ երբևէ անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկել»,-ասել է նա:


Բժշկական Նորություններ