Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«AstraZeneca»-ով պատվաստումները Երևանում կմեկնարկի ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից

«AstraZeneca»-ով պատվաստումները Երևանում կմեկնարկի ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից

2021-04-12

   Այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե որ փուլում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ձեռքբերման և կիրառման գործընթացը:

   Այս պահին Հայաստանում առկա է 2 պատվաստանյութ՝ «AstraZeneca»  և «Sputnik V»:  Առողջապահության  նախարարի խոսքով, չի բացառվում,  որ առաջիկայում Հայաստանը ձեռք կբերի նաև այլ ընկերությունների պատվաստանյութեր, մասնավորապես չինական «SinoVac»-ը:  

   Ապրիլի 8-ին Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի  15 000 դեղաչափ՝ 7500 անձի համար:

   Հիշեցնենք, որ վերջերս «COVAX FACILITY»  նախաձեռնության միջոցով  ներկրվել է նաև  «AstraZeneca»  ընկերության պատվաստանյութը՝ 24 000 դեղաչափ:

   Ըստ նախարարի, ընտրվել են այն թիրախային խմբերը, որոնք կպատվաստվեն առաջին փուլում:  Ռիսկի այդ խմբերում են բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:

   «AstraZeneca» -ով կպատվաստվեն 55-ից բարձր տարիքի անձինք

   Հաշվի առնելով Եվրոպական դեղերի գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից  «AstraZeneca»  պատվաստանյութի վերաբերյալ տարածված հայտարարությունը՝ պատվաստանյութի և թրոմբոէմբոլիկ բարդությունների միջև հավանական կապի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ ներկրված «Sputnik V»  պատվաստանյութի սահմանափակ քանակությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել ռիսկի խմբերում դրանց կիրառման տարիքային որոշակի սահմանափակումներ:

   Ռիսկի խմբերի շրջանում պատվաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար, «AstraZeneca»  պատվաստանյութը կիրառվելու է  հետևյալ ռիսկի խմբերի շրջանում.

65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

Բուժաշխատողներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք,

Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք,

Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք

«Sputnik V» -ով պատվաստվելու են 18-54 տարեկան  անձինք

«Sputnik V»  պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետևյալ ռիսկի խմբերի շրջանում.

Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք (ներառյալ)

Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք (ներառյալ)

Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք (ներառյալ)

 «AstraZeneca»-ով պատվաստումները կմեկնարկի ապրիլի 13-ից

   «AstraZeneca»  պատվաստանյութն այսօրվանից  բաշխվելու է  բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող կազմակերպություններին, իսկ մարզերի բժշկական կազմակերպություններին՝ ապրիլի 12-13-ը:

   «Sputnik V»  պատվաստանյութի հետ կապված դեռևս իրականացվում են փաստաթղթային ձևակերպումներ, նախատեսվում է այն ավարտել մինչև շաբաթվա վերջ, իսկ բաշխումը կսկսվի մյուս շաբաթվա առաջին օրերին:

  «AstraZeneca»-ով պատվաստումները Երևանում կմեկնարկի ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից:

  Պատվաստումներն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում  և բացառապես կամավորության սկզբունքով:


Բժշկական Նորություններ