Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Սրտային անբավարարություն և ինսուլտի աճ մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում

Սրտային անբավարարություն և ինսուլտի աճ մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում

2021-04-20

   Սրտային անբավարարությունը և ինսուլտը երիտասարդների շրջանում հազվադեպ հանդիպող ախտորոշում է: Սակայն ներկայումս, ըստ   Գյոտեբորգի համալսարանի հետազոտության, դրանց դեպքերի ակնհայտ աճ է նկատվում մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում: Գիտնականներն այս ամենը կապում են ճարպակալման և ֆիզիկական վատ պատրաստվածության հետ:

   «Victoria health news»-ը  ներկայացնում է «Journal of Internal Medicine»- ում հրապարակված ուսումնասիրությունը:  Ըստ այդ ուսումնասիրության,   ներառված  է թվով 1 258 432 տղամարդու տվյալ, ում միջին տարիքը 18,3 տարեկանն է, և ովքեր 1971-1995 թվականներին բանակային ծառայություն են անցել Շվեդիայում:

   Զինվորական ծառայության անցած տղամարդկանց քաշի, հասակի և ծառայության համար պիտանիության մասին տվյալները զուգակցվել են Հիվանդների ազգային ռեգիստրի ու Առողջապահության և առողջության ազգային խորհրդի՝ մահվան պատճառների ռեգիստրի տվյալների հետ` 1991-2016  թվականների ժամանակահատվածի համար: Այսպիսով, զինվորական ծառայություն անցնելու պահից տղամարդիկ հսկողության տակ են եղել 20 տարուց ավելի ժամանակահատվածով:

  Զորակոչի պահին ավելորդ քաշ ունեցող, այսինքն՝ մարմնի զանգվածի 25-30 ինդեքս ունեցող (BMI) մասնակիցների մարմնի քաշը  1971-1995 թվականներն ընկած ժամանակահատվածում աճել է 6,6-ից մինչև 11,2 տոկոս, մինչդեռ ճարպակալման տեսակարար կշիռը (BMI 30-ից բարձր) 1.0-ից աճել է մինչև 2.6 տոկոս: Նույն ժամանակահատվածում փոքր-ինչ նվազել է նաև մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը զորակոչի պահի համեմատ:

  «Այս գործոնները, այսինքն՝ ավելորդ քաշը, գիրությունը և թույլ ֆիզիկական պատրաստվածությունը, մասամբ բացատրում են սրտի անբավարարության և ինսուլտի դեպքերի զգալի աճի պատճառները, որոնք մենք տեսնում ենք ուսումնասիրության մեջ», - ասում է Գյոտեբորգի համալսարանին կից Սալգրենսկի ակադեմիայի պրոֆեսոր և Սալգրենսկի համալսարանական հիվանդանոցի բժիշկ, ուսումնասիրության գլխավոր հեղինակ Դեյվիդ Օբերը:

Ուսումնասիրության համաձայն, 21 տարվա ընթացքում սրտի անբավարարության դեպքերն աճել են 69 տոկոսով 

  Կաթվածի դեպքերը` գլխուղեղի ինսուլտը և գլխուղեղային արյունազեղումը ևս ցույց են տվել աճի միտում: Գլխուղեղի ինսուլտի դեպքերի աճը կազմել է 32%, գլխուղեղային արյունազեղման դեպքերի աճը կազմել է 20% ։

  Ի հեճուկս այս փաստերի, զորակոչից հետո 21 տարվա ընթացքում սրտի կաթվածի դեպքերը  նվազել են 43 տոկոսով։ Սրտանոթային բոլոր հիվանդությունների հետևանքով մահացությունների թվի տեսակարար կշիռը նույնպես նվազել է 50 տոկոսով։

  Այն փաստը, որ սրտանոթային հիվանդությունների զարգացման միտումները ժամանակի ընթացքում փոխվում են, հուշում է, որ այդ պրոցեսներում ներգրավված են նաև այլ, անհայտ գործոններ: Քաշի խնդիրը կարող է լինել այդպիսի գործոններից մեկը, սակայն, ըստ հետազոտողների, սթրեսը և թմրանյութերի օգտագործումը ևս կարող են դեր խաղալ:


Բժշկական Նորություններ