Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքը Հայաստանում

Կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքը Հայաստանում

2021-05-13

   Մայիսի 10-ին մամուլը գրեց, որ Եվրոպան հրաժարվում է «ԱստրաԶենեկա»-ից: Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը «Ֆրանս ինտեր» ռադիոյին տված հարցազրույցում նշել էր, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է երկարաձգել բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը: Որոշման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված պատվաստանյութերի մատակարարմանն առնչվող պարտավորությունները և պատասխանատու է համարվում ԵՄ անդամ երկրներում պատվաստումների արշավները հետաձգելու համար:

  Հայաստանում  պատվաստումների մեկնարկը տրվեց ապրիլի 13-ին: Մինչ այդ,  մարտի 28-ին,  Հայաստան էր  ներկրվել  «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ,  իսկ ապրիլի 8-ին ներկրվել էր  «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։

   Ապրիլի 12-ին,  լրատվամիջոցների հետ հանդիպմանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, թե ռիսկային  որ խմբերի և տարիքային որ շեմի  համար է  նախատեսված  ձեռք բերված երկու պատվաստանյութը:  

   «ԱստրաԶենեկա»-ով կարող  են պատվաստվել բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձինք, իսկ «Սպուտնիկ-Վի»-ով   18-ից 54 տարեկանները: Ռիսկի խմբերն էլ   բուժաշխատողներն են,  քրոնիկ հիվանդները,  սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները:

   Այդ օրը նախարարը այդպես էլ հստակ չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչ սկզբունքով է արվել  նման տարբերակումը: Ընդամենը մի քանի օր անց հրապարակվեց նախարարի նոր՝ վերանայված  որոշումը, ըստ որի՝ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

   Թե արդյոք ինչ փոխվեց մի քանի օրվա ընթացքում, այդպես էլ պարզ չդարձավ:

   Նման որոշումը միայն նպաստեց նրան, որ մարդիկ սկսեցին վերապահումով ու կասկածանքով վերաբերվել պատվաստանյութին: Շատերը, իրավացիորեն, այդ փոփոխությունը  կապեցին այն հանգամանքի հետ, որ   «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ժամկետը լրանում է մայիսի 30-ին:  Հայտնի է, որ պատվաստումը կատարվում է  2 ներարկումով:   Սկզբում հայտարարվեց, որ  «ԱստրաԶենեկա»-ի դեպքում  2-րդ դեղաչափի ընդունումը պետք  է արվի  4 շաբաթ հետո, այնուհետև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  նախարարը հայտարարեց, թե որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է  2-րդ չափաբաժինը ստանալ  8-12 շաբաթ հետո:

   Հիմա  հավաքենք  խճանկարը.  գաղտնիք չի, որ «ԱստրաԶենեկա»-ի ժամկետը  լրանում է մայիսի 30-ին, հետևաբար պետք է հասցնել օգտագործել ներկրված խմբաքանակը:  Մյուս կողմից էլ, եթե  Եվրոպան է դադարեցնում  պայմանագիրը՝ պատճառաբանելով մատակարման ուշացումը (ընկերությունը պարզապես չի հասցնում ապահովել նման արտադրական ծավալ), ապա  մենք ինչպես վստահ լինենք, որ ժամանակին այստեղ կլինի 2-րդ չափաբաժինը:  Այն դեպքում երբ, ըստ ցուցման,  2-րդ չափաբաժինը նույնպես պետք է արվի  «ԱստրաԶենեկա»-ով:  Միգուցե նախարարությունը երակարաձգելով 2-րդ չափաբաժնի ընդունման միջակայքը՝  հույս ունի ժամանակ շահել, մինչ կստանա նոր խմբաքանակ: Իսկ եթե  չհասցնե՞ն: Թերևս մի ընթացիկ որոշում ևս կկայացնեն, կրկին առաջացնելով բազմաթիվ հարցեր:

   Նշենք նաև, որ այս ընթացքում սպառումն իրականացնելու համար, նախարարությունը դիմել է  մի շարք PR հնարքների.   տարբեր տրամաչափի պաշտոնյաներ սկսեցին հանրայնացնել իրենց պատվաստման ընթացքը, զուգահեռ բացվեցին  շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ, ասելով, թե ավելի են մոտենում քաղաքացուն. «Մեզ համար առաջնային խնդիր էր հնարավորինս մոտեցնել քաղաքացուն, քանի որ չկան հստակ արգելող ցուցումներ, այդ իսկ պատճառով շարժական տարբերակները արգելված չեն»- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է առողջապահության նախարարը:

   Այսքանից հետո, մայիսի 10-ի տվյալներով  պատվաստվել է մոտ 12 հազար մարդ:  Նախարարի խոսքով,  եթե նման տեմպով շարունակվի՝ կպահանջվի մեկ տարի, որ կովիդին հաջողություն ասենք:  

   Նշենք նաև, որ ապրլի 26-ին Հայաստան  ներկրվեց «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը), 2-րդ դեղաչափը Հայաստան հասավ մայիսի 12-ին: Մայիսի 1-ի գիշերը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին որպես նվիրատվություն տրամադրվեց   «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

   Ի դեպ, առողջապահության նախարարությունը  բանակցում է նաև ամերիկյան «Pfizer» և  «Moderna»  պատվաստանյութերը ձեռք բերելու համար:

   Իմիջայլոց, պատվաստվելուց հետո, դեռևս չի նշանակում, որ մարդն  այլևս չի վարակվում, պարզապես  կանխվում է  հիվանդության ծանր և ծայրահեղ ընթացքը: Իմունիտետը ձևավորվում է 2 շաբաթ հետո, իսկ այդ ընթացքում հնարավոր է վարակվել:  Պատվաստվում են նաև արդեն կորոնավիրուսով վարակված մարդիկ, որովհետև ամբողջական իմունիտետ՝ բջջային մակարդակում,   ձևավորվում է միայն պատվաստման դեպքում:

   Պատվաստումները գրանցվում են մեկ միասնական էլէկտրոնային համակարգում  և անձը՝ հաջորդ դեղաչափը ստանալու համար ծանուցվում է հաղորդագրության միջոցով:

   Առողջապահության նախարարը չի բացառել նաև,  որ շատ շուտով պատվաստումը կփոխարինի  ՊՇՌ թեստին  և ճամփորդելու համար մարդը պարտադրված է լինելու պատվաստվել: Ահա թե ինչպես պատվաստվելը   կդառնա պարտադիր:


Բժշկական Նորություններ