Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ է գլյուտենը․ մեկնաբանում է սննդաբանը

Ի՞նչ է գլյուտենը․ մեկնաբանում է սննդաբանը

2021-06-04

   Գլյուտենի թեման շատ ակտուալ է, բոլորին հետաքրքրում է՝ արդյո՞ք գլյուտենից հրաժարվելը ճիշտ է, թե՞ դա պարզապես քմահաճույք է: Եկեք հասկանանք այս ամենը: Ի՞նչ է գլյուտենը, ինչու՞ է անհրաժեշտ այն հանել սննդակարգից և տարածված ինչպիսի սխալներից խուսափել, եթե որոշել եք հրաժարվել գլյուտենից: Victoria Health News-ը ներկայացնում է ամերիկյան www.health. com կայքում հրապարակված հոդվածը  սննդաբան Սինտիա Սասսի մեկնաբանությամբ։

Ի՞նչ է գլյուտենը

   Գլյուտենը սպիտակուցի տեսակ է, որը հանդիպում է հացազգիների մեջ: Այնուամենայնիվ, որպես հավելանյութ, այն հանդիսանում է թանձրացնող միջոց սնունդ պատրաստելու ընթացքում, և հանդիպում է տարբեր սննդատեսակներում՝ սկսած աղցանների սոուսից մինչև վիտամիններ: Այն կարող է հանդիպել նույնիսկ շրթունքի բալզամների մեջ:

Արդյո՞ք գլյուտենը վնասակար է

   Կան հաստատված բժշկական փաստեր, որոնց պատճառով մարդիկ խուսափում են գլյուտենից: Ամենատարածվածը սելիակի հիվանդությունն է։ Դա աուտոիմուն հիվանդություն է, որի ընթացքում գլյուտենի ընդունումը վնասում է բարակ աղին։

   Ոմանք կարծում են, որ գլյուտենը վնասակար է բոլորի համար, և դրանից պետք է խուսափել ամբողջութամբ: Մինչ այժմ, չկան այս փաստը հաստատող բավականաչափ ուսումնասիրություններ: 2017-ին BMJ-ում հրապարակվել է հոդված մի ուսումնասիրության մասին, որի ընթացքում 26 տարի շարունակ մասնագետները հետևել են ավելի քան 100,000 մարդու, ովքեր սելիակի հիվանդություն չեն ունեցել: Հետազոտողները ոչ մի կապ չեն գտել սննդի միջոցով գլյուտենի երկարատև ընդունման և սրտի հիվանդության ռիսկի միջև, ինչը անհանգստացնում էր բժշկական համայնքից դուրս գտնվողներին:

    American Journal of Gastroenterology-ում 2019 թվականին տպագրված մեկ այլ ուսումնասիրությամբ հետազոտել են ավելի քան 160,000 կանայք, ովքեր ևս չեն ունեցել սելիակի հիվանդություն: Հետազոտողները եզրակացրել են, որ չափահաս տարիքում սննդային գլյուտենի ընդունումը կապված չէ միկրոսկոպիկ կոլիտի, այսինքն` հաստ աղու լորձաթաղանթի բորբոքման ռիսկի հետ, ինչը ևս մեկ այլ հավանական ախտանշան էր:

  Այնուամենայնիվ, ոմանք կարող են խուսափել գլյուտենի ընդունումից, նույնիսկ եթե չունեն դրա ընդունումը խոչընդոտող որևէ խնդիր։ Որպես սննդաբան, ես համամիտ եմ, որ հաճախորդը կարող է գլյուտենից հրաժարվել , եթե օգտագործում է բազմատեսակ սնունդ։

Ինչու՞ են մարդիկ առանց գլյուտենի սնունդ ընդունում

   Գլյուտենը առկա է շատ սննդամթերքներում, ուստի այն ամբողջությամբ բացառելը գրեթե ահնհար է, սակայն կան բժշկական ցուցումներ, որոնք խստորեն պահանջում են բացառել գլյուտենը: Սելիակի հիվանդություն ունեցող անձը ստիպված է ամբողջությամբ հանել գլյուտենն իր սննդակարգից: Դա պայմանավորված է նրանով, որ նույնիսկ փոքր քանակությամբ գլյուտենի օգտագործումը կարող է լուրջ ախտանշաններ առաջացնել, այդ թվում՝ ստամոքսի ցավ և վքնածություն: Սակայն այս հիվանդության առկայությունը միակ պայմանը չէ, որ պահանջում է գլյուտենազուրկ դիետա: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս այլ աուտոիմուն հիվանդություններով (աղիների բորբոքային հիվանդությունը, Հաշիմոտոյի թիրեոիդիտը, պսորիազը, կարմիր գայլախտը և ռևմատոիդ արթրիտը) տառապող մարդկանց խուսափել գլյուտենից:

   Կա նաև ոչ սելիակային գլյուտենազգայունություն, որով տառապող մարդկանց համար գլյուտենի սպառումը հանգեցնում է տհաճ կողմնակի բարդությունների` առաջացնելով բորբոքային պրոցեսներ: Ախտանշաններն են՝ գրիպանման երևույթները, վքնածությունը և ստամոքսաղիքային համակարգի այլ խնդիրները, մտավոր ցրվածությունը և հոգնածությունը: Միակ օգնող միջոցը գլյուտենից խուսափելն է:

   Մյուս հետևանքը մաշկաբորբն է (dermatitis herpetiformis (DH), որը ևս առաջանում է գլյուտեն ընդունելու արդյունքում: Չնայած սելիակով տառապող մարդիկ կարող են ունենալ նաև մաշկաբորբ, սակայն գլյուտենով պայմանավորված մաշկաբորբը կարող է զարգանալ նաև առանց սելիակի հիվանդության:

   Եվ վերջապես, եթե ալերգիկ եք, պետք է խուսափեք գլյուտեն պարունակող որոշակի սննդատեսակներից, օրինակ՝ ցորենից, քանի որ դրա մեջ պարունակվող ցանկացած տեսակի սպիտակուցից կարող է սրվել ալերգիան։ Եթե ​​ցորենի հանդեպ ալերգիկ եք, ցորենը պետք է բացառեք ձեր սննդակարգից, սակայն գուցե կարիք չլինի խուսափել գլյուտեն պարունակող ոչ ցորենային հատիկեղենի գործածումից: Բերանի կամ կոկորդի այտուցվածությունը կամ քորը, եղնջացանը, ծանր շնչառությունը, ստամոքսաղիքային խնդիրները, իսկ ծանր դեպքերում`անաֆիլաքսիան ցորենային ալերգիայի հնարավոր ախտանշաններ են:

   Անգամ եթե առկա է այս ախտանշաններից որևէ մեկը, գլյուտենից հրաժարվելը կարող է բարելավել առողջական վիճակը և քաշի կառավարումը։

Առողջարա՞ր է արդյոք առանց գլյուտենի սնունդը

   Առանց գլյուտենի սննդատեսակները կարող են առողջարար լինել, սակայն կարող են նաև լինել չափազանց վերամշակված և օգտակար սննդանյութերի պակաս ունենալ: Գլյուտեն չպարունակող ամբողջական ձավարեղենը՝ բրինձը և քվինոան, հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և մանրաթելերով և ունեն գիտականորեն ապացուցված առողջության համար օգտակար հատկություններ: Գլյուտեն չպարունակող և ածխաջրերով հարուստ այլ սննդատեսակները, ներառյալ քաղցր կարտոֆիլն ու մրգերը, նույնպես հարուստ են սննդարար և առողջության համար օգտակար նյութերով:

   Ցավոք, գլյուտեն չպարունակող սննդի հանդեպ մոլուցքը հանգեցրել է խիստ վերամշակված սննդամթերքի արտադրության կտրուկ աճին։ Այն փաստը, որ արտադրանքը գլյուտեն չի պարունակում, դեռ չի նշանակում, որ այն առողջարար է, այլ պարզապես ընդունելի է նրանց համար, ովքեր խուսափում են գլյուտենից:

Տեղեկացված եղեք գլյուտենի մասին առասպելներին

   Ոմանք կարծում են, որ գլյուտեն պարունակվում է ցանկացած տեսակի հատիկեղենի մեջ: Իրականում կա բնականից գլյուտեն չպարունակող մի քանի տեսակի հատիկեղեն, այդ թվում ՝ բրինձը, եգիպտացորենը, քվինոան, ամարանտը, հնդկացորենը, կորեկը և վարսակը, քանի դեռ դրանք վերամշակման ընթացքում «չեն աղտոտվել» գլյուտեն պարունակող այլ հատիկեղենով: Ահա թե ինչու որոշ տեսակի վարսակի ալյուրների տուփերի վրա հատուկ նշված է gluten free:

   Մյուսները կարծում են, որ ածխաջրերով հարուստ բոլոր տեսակի սննդամթերքները պարունակում են գլյուտեն, ինչը պատճառ է դառնում, որ այդ մարդիկ հրաժարվում են հատկեղենից, կարտոֆիլից կամ նույնիսկ ածխաջրեր պարունակող մրգերից։

Եվ վերջում

   Գլյուտենից ամբողջապես խուսափել պետք չէ: Որոշ մարդիկ պետք է բացառեն այն, որպեսզի լավ զգան իրենց: Մյուսները կարող են գլյուտենը բացառել, նախուտեստների փոխարեն մրգեր և ընկուզեղեն ընտրելով: Իսկ եթե ձեզ անհատական խորհուրդներ են հարկավոր` գլյուտենից զուրկ սննդակարգի միջոցով ձեր օրգանիզմի սննդանյութերի պահանջը բավարարելու կամ քրոնիկ հիվանդությունները կառավարելու համար, ավելի լավ է դիմեք որակավորված դիետոլոգի։


Բժշկական Նորություններ