Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Վիրաբուժական կամ մեխանիկական դեղնուկ. ներկայացնում է որովայնային վիրաբույժ, բ.գ.թ.  Իգոր Գևորգյանը

Վիրաբուժական կամ մեխանիկական դեղնուկ. ներկայացնում է որովայնային վիրաբույժ, բ.գ.թ. Իգոր Գևորգյանը

2021-06-07

       

Վիրաբուժական կամ մեխանիկական դեղնուկ. ներկայացնում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, դոցենտ՝ Իգոր  Գևորգյանը

  Վիրաբուժական դեղնուկը հաճախ հանդիպող հիվանդություն է, որի մասին մարդիկ շատ քիչ տեղեկատվություն գիտեն: Դա է պատճառը, որ   հիվադները շատ հաճախ վիրաբույժին դիմելու փոխարեն, դիմում են ինֆեկցիոնիստի, թերապևտի և  արյան փոխներարկման ինստուտի մասնագետների:

  Ի՞նչ է վիրաբուժական դեղնուկը, ի՞նչ կլինիկական ախտանշաններ է ունենում  և ինչպես է բուժվում, այս և այլ հարցերի  մասին  «Victoria health news»-ը զրուցել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, որովայնային վիրաբույժ, բ.գ.թ.  Իգոր Գևորգյանի հետ:  

Ի՞նչ է վիրաբուժական դեղնուկը և որո՞նք են առաջացման պատճառները

  - Դա հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է տարբեր էթիոգիայի մեխանիկական վիրաբուժական դեղնուկ:  Ամենից հաճախ հանդիպող դեղնուկը լինում է լեղաքարային հիվանդության ժամանակ, երբ  քարերն անցնում են լեղապարկից դեպի ընդհանուր լեղածորան և փակում  այն: Ստացվում  է մեխանիկական արգելք, ինչը թույլ չի տալիս, որ լեղին  իր ճանապարհով անցնի դեպի 12 մատնյա աղիք: Փոքր տրամաչափի քարերը շատ վտանգավոր են, որովհետև դեղնուկի պատճառ են դառնում:

  Բայց լինում են դեպքեր, երբ  հեռացված լեղապարկով մարդկանց մոտ՝ լեղածորանի մեջ  քարեր են առաջանում, որոնք հանգեցնում են դեղնուկի։ Օրինակ,   վիրահատությունից հետո՝ մինչև 1 տարի, եթե կրկին ցավեր են լինում, ասում են, որ դա մնացորդային ցավեր են: Այսինքն՝  կարող է մնացել են այդ քարերը: Եթե վիրահատությունից հետո 1 տարուց ավելի է անցնում  և ծորաններում ոչինչ չի հայտնաբերվում, դրանք լինում են նորաստեղծ քարեր, որոնք լինում են տարբեր չափսերի: Նշեմ, որ  լեղածորանը նորմայում լինում, է մինչև 0.6 -0.8 մմ, իսկ քարերի առկայության ժամանակ նրա տրամագիծը կարող է հասնել մինչև 2-3 սմ-ի, այն մեծանում է գրեթե 3-ից 4 անգամ:  

   Առաջացման պատճառներից  է ասկարիդների առկայությունը։ Վերջիններս անցնում են 12 մատնյա աղիքից և դառնում արգելք լեղու հոսքի համար:

  Կարող է լինել լյարդի տարբեր վնասվածքներից հետո. երբ  արյունը լցվում է ընդհանուր լեղածորանի մեջ (հեմոբիլիա), այդ ժամանակ  արյունը ծորանների մեջ մակարդվում է և հանգեցնում  դեղնուկի:

   Պատճառ կարող են լինել  հենց ծորանների ուռուցքները: Այդ ուռուցքները աճում են դեպի լուսանցք և կրկին արգելում լեղու հոսքը: Լյարդում կարող է լինել էխինոկոկ կամ աբսցես,  որը  բացվում է ոչ թե արտաքին ազատ որովայնի խոռոչ, այլ ծորանների մեջ՝  առաջացնելով  դեղնուկ:

  Դեղնուկի պատճառ կարող են լինել մեծացած ավշային (լիմֆատիկ)  հանգուցները՝  թե՛ ուռուցքային, թե՛ բորբոքային գենեզի, մեծ ուռուցքի կամ լիմֆատիկ հանգույցների առկայությունը լյարդի դրունքի շրջանում։ Քարերից հետո ամենահաճախը լինում է Ֆատերյան պտկիկի ուռուցքները։ Ֆատերյան պտկիկը գտնվում է 12 մատնյա աղիքի մեջ, որտեղ բացվում է ընդհանուր լեղածորանը և ենթաստամքոսային գեղձի ծորանը: Այդ ուռուցքները շատ հաճախ լինում են չարորակ  և  կարող են  դեղնուկի առաջացման պատճառ դառնալ:

   Կան նաև մի խումբ պատճառներ, որոնք կոչվում են յատրոգեն լեղուղիների վնասվածքներ, այսինքն՝  վիրահատության ժամանակ բժիշկների կողմից վնասումներն են: Պատահում է, որ, օրինակ, ստամքոսի վիրահատության ժամանակ հիվանդը մի 2 օր անց  դեղնում է,  որը կապված է  Ֆատերյան պտկիկի վնասման հետ։  Առաջանում է նաև  լեղածորանների վիրահատության ժամանակ, երբ բորբոքված է լինում ընդհանուր լեղածորանը: Դրա համար նախապես պետք է տեսնել ընդհանուր լեղածորանը, նոր հեռացնել լեղապարկը:

 Դեղնուկի ժամանակ հիվանդի մոտ ի՞նչ կլինիկական ախտանշաններ են լինում

   -Ուռուցքների ժամանակ շատ դժվար է: Հիվանդը ընդհանուր գանգատներ ունի՝ թուլություն, ախորժակի բացակայություն, որոշ ժամանակ սկսում է նիհարել, ուտելիքի հանդեպ, հատկապես մսի,  զզվանք է ունենում և հետո սկսում է դեղնել:  Եթե ունեցել  եք  ուժեղ ցավային նոպա, որից 2-3 օր հետո դեղնում եք, խոսում է այն մասին,  որ լեղապարկում քար ունեք, որն ընկել է ընդհանուր լեղածորանի մեջ:

   Լյարդից  դուրս են գալիս աջ ու ձախ լյարդային ծորանները,  միանալով  դառնում են  ընդհանուր լյարդային ծորան, որին  միանում է լեղապարկի ծորանը և այդ ընդհանուրը, որը  բացվում է դեպի 12 մատնյա աղիք,   կոչվում է ընդհանուր լեղածորան  կամ խոլեդոխ: Բացի լեղապարկային ծորանից, մնացած բոլոր ծորանները երբ որ փակվում են՝ հանգեցնում են դեղնուկի: 

   Եթե տրավմա է և հիվանդը դեղնում է, պետք է մտածել, որ արյուն է լցվել այդ ծորանների մեջ:  Հայաստանում 10-15 տոկոս դեպքերում խոլեցիստիտները ուղեկցվում են  մեխանիկական դեղնուկով։

Ինչպե՞ ս կարելի  է հայտնաբերել  դեղնուկը վաղ շրջանում և ի՞նչ  հետազոտություններ են արվում

   -Առաջինը անամնեզն է: Ճիշտ ախտորոշման  30-40 տոկոսը՝  հիվանդի պատմության մանրամասն  հավաքագրումն է:  Հիմա կան տարբեր թեստեր, որոնք վերցնում են  չարորակ և բարորակ ուռուցքների համար, որոնց միջոցով որոշվում է կա ուռուցք, թե՝ ոչ: Որոշվում է  բիլիռուբինի քանակը արյան և  մեզի մեջ: Կան բիոքիմիական  տարբեր հետազոտություններ:  Բայց հիմա մեզ շատ  օգնում  են  սոնոգրաֆիկ հետազոտությունները: Սոնոգրաֆիայի ժամանակ կարելի է որոշել  լեղածորաններում կա՞ արգելք,  թե՝  ոչ։ Կարևոր է  համակարգչային շերտագրումը, էնդոսկոպիկ գաստրոդուոդենոսկոպիան, անհրաժեշտության դեպքում ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան։

Ինչպե՞ս են  բուժում դեղնուկը

   -Պարզ է, որ վիրահատական ճանապարհով: Եթե մեկ քար է, շատ մեծ չի կամ թարախային խոլանգիտ է, էնդոսկոպիստները կարող են բացել լեղու ճանապարհը հեռացնելով քարը: Այս ձևը կոչվում է ներքին դրենավորում: Արդեն երկար տարիներ է, որ  էնդոսկոպիստները կատարում են  էնդոսկոպիկ վիրահատություններ, եթե ծորանում կա խցանող  քար:  Նախկինում վիրաբույժները բաց վիրահատությամբ էին անում, իսկ հիմա էնդոսկոպիստները  հիվանդին  քնեցնում են 15 րոպե, կատարում են կտրվածք Ֆատերյան պտկիկի վրա և  հեռացնում քարը, հոսք տալիս թարախին, էխինոկոկին, հեռացնում  ասկարիդները: 

Դեղնուկը մեծ հասակում հանգեցնում է լյարդ-երիկամային  անբավարարության, որովհետև լյարդը այլևս ինքնուրույն չի կարողանում ֆիլտրել:

   Կա վիրահատության մի տեսակ՝ բիլիոդիգեստիվ անաստամոզի ձևավորում (լեղուղիների և աղիների միջև բերանակցում): Այս ձևն հաճախ կիրառում ենք  ուռուցքների ժամանակ կամ  ընդհանուր լեղածորանի շատ լայնացման ժամանակ:

   Եթե Ֆատերյան պտկիկում առկա է ուռուցք, շրջանցելով արգելքը , լեղու արտահոսքը ապահովելու նպատակով կատարվում է այդ վիրահատությունը։   

   Ուռուցքների դեպքում կատարվում են նաև ռադիկալ վիրահատություններ՝ պանկրեատոդուոդենալ մասնահատում:

   Լապարասկոպիկ վիրահատությունները  ոչ միշտ են կատարվում: Խստագույնս հետևում ենք ցուցումներին և հակացուցումներին:

Հետվիրահատական շրջանը

   -Դեղնուկների ժամանակ  կարելի է անել պլազմոֆերեզ, արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում։   

   Հիմա շատ կան  դեղամիջոցներ, որոնք օգնում են հիվանդներին շուտ ապաքինվել դեղնուկների ժամանակ: Այսօրվա բժշկությունը տարեցտարի է զարգանում, հատկապես վիրաբուժությունը:

   Ավարտելով, կուզեմ ընդգծել, որ վիրաբուժական դեղնուկը անբուժելի հիվանդություն չի, պարզապես այս խնդրի լուծման համար մարդիկ պետք է ժամանակին դիմեն համապատասխան մասնագետի:

   Նշենք նաև, որ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի վիրաբուժական կլինիկայի կազմի մեջ  մտնում  է 8  առանձին վիրաբուժական բաժանմունք՝  ընդհանուր վիրաբուժական, վիրաբուժական-անոթային, պրոկտոլոգիական, դիաբետիկ ոտնաթաթի և անոթային վիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության, գինեկոլոգիական, վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և  դիմածնոտային: Վիրաբուժական կլինիկայում կատարվում են բոլոր մեծ և փոքր ծավալի վիրահատությունները:


Հարցազրույցներ