Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ կապ կա տիպ 2 շաքարային դիաբետի և քնի միջև

Ի՞նչ կապ կա տիպ 2 շաքարային դիաբետի և քնի միջև

2021-06-10

  Հավանաբար լսել եք, որ որակյալ քունը առողջ մնալու կարևոր պայմաններից է, հատկապես, եթե ունեք տիպ 2 շաքարային դիաբետ: Սակայն ո՞րն է կապը քնի և դիաբետի միջև, և ինչու՞ է պետք է այն համարել առողջական վիճակը կառավարելու կարևորագույն գործոն:  

  Victoria Health News-ը ներկայացնում է everydayhealth. com ամերիկյան առողջապահական կայքում հրապարակված հոդվածը, որում հետազոտողները մանրամասն ներկայացնում են կապը տիպ 2 դիաբետի և քնի որակի միջև։

Քունը և ինսուլինակայունությունը

  «Քնի ընթացքում մարմինը հանգստանում և վերականգնվում է, և դրա յուրաքանչյուր փուլ շատ կարևոր է», - ասում է Միսիսիպիի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ, պրոֆեսոր Ջոսի Բիդվելը: Նա նշում է, որ քնի ընթացքում ուղեղը պահում է հիշողությունները, մկանները վերականգնվում են, սրտի զարկերը նվազում են, արյան ճնշումը իջնում ​​է: Վերջին երկուսը հատկապես կարևոր են, եթե ունեք տիպ 2 դիաբետ, քանի որ դրա առկայությունը կրկնապատկում է սրտային հիվանդություն ախտորոշելու հավանականությունը, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC):

  Բիդվելը նշում է, որ քունը կարևոր է նաև հորմոնալ ֆոնը կարգավորելու համար, իսկ ինսուլինը հորմոն է: Ընդհանուր առմամբ, վատ քունը մեծ դեր է խաղում ինսուլինակայունության հարցում․ երբ օրգանիզմը դժվարանում է օգտագործել ինսուլինը՝ արյան մեջ գլյուկոզան դեպի բջիջներ տեղափոխելու համար, սա կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: Եթե դժվարանում եք վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ուրեմն պետք է կարգավորեք քնի պրոցեսը:

  Յոթ ժամը քնելու համար լիովին բավարար է։ 2019 թվականի մայիսին Diabetes Care ամսագրում հրապարակված ուսումնասիրության ընթացքում հետազոտության են ենթարկվել մեծահասակներ․ նրանցից ոմանք գտնվում էին նախադիաբետային շրջանում, մյուսների մոտ ախտորոշվել էր դիաբետ, սակայն բուժում չէին ստացել։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գիշերվա ընթացքում հինգ ժամից պակաս կամ ութ ժամից ավելի տևող քունը հանգեցրել էր A1C-ի (A1C կամ գլիկոլիզաացված հեմոգլոբինը արյան հետազոտություն է, որն օգնում է դիաբետի ախտորոշմանը և դիաբետով հիվանդների մշտադիտարկմանը) մակարդակի բարձրացման, ի տարբերություն նրանց, ովքեր 7-8 ժամ էին քնում: Գիշերվա ընթացքում վեց ժամից պակաս քնելը հանգեցնում է նաև BMI-ի (մարմնի քաշի ինդեքս) մակարդակի բարձրացման, ինչը մեծացնում է տիպ 2 դիաբետի առաջացման ռիսկը և բարդացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը:

  «Թեև անհասկանալի է՝ ինչու է երկարատև քունը վնասակար առողջության համար, կան բազմաթիվ հնարավոր հորմոնալ փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս քնի կորստի հետևանքով, օրինակ, արտադրվում են բորբոքային նյութեր, ինչպիսիք են ցիտոկինները, որոնք կարող են մարդու մոտ ինսուլինի հանդեպ կայունություն առաջացնել», - նշում է Բիդվելը: Ավելին, դիաբետի բուժմանն ուղղված հետազոտության մեջ նշվում է, որ քնի պակասը ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է սթրեսի հանդեպ ռեակցիայի համար, կարող է նվազեցնել նաև ինսուլինի հանդեպ զգայունությունը: Այս հարցի շուրջ շարունակական հետազոտություններ  են անհրաժեշտ:

Ինչպե՞ս է չվերահսկվող գլյուկոզայի մակարդակը խանգարում քնի պրոցեսին

  Ֆիզիոլոգիական փոփոխություններին զուգահեռ, քնի պակասը դրդում է մարդկանց նաև կալորիական սնունդ օգտագործել և նվազեցնում է առողջ ապրելակերպ վարելու նրանց կարողությունը, ինչը կարող է դիաբետի պատճառ հանդիսանալ և բարձրացնել ճարպակալման ռիսկը, որն էլ իր հերթին դիաբետին նպաստող գործոն է, նշվում է 2016 թվականի նոյեմբերին Current Diabetes Reports ամսագրում հրապարակված հոդվածում։

  «Երբ արյան մեջ շաքարը նորմայից բարձր է, մարդը ավելի հաճախ է միզում: Այլ կերպ ասած, արյան մեջ շաքարի ավելցուկը մտնում է մեզի մեջ և դրա միջոցով դուրս է հանում ջուրը հյուսվածքներից»,- նշում է Բիդվելը:: Կարևոր է նաև նշել, որ եթե քնի ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակը շատ է ընկնում (70 մգ / դլ-ից ցածր, գիշերային հիպոգլիկեմիա), մարդը կարող է նաև անհանգիստ քնել, մղձավանջներ տեսնել և քրտնել, համաձայն Johns Hopkins Medicine-ի:

  Բացի այդ, այլ մարդկանց համեմատ դիաբետով հիվանդներն ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով, սակայն շատ քչերն են օգնության դիմում: Իսկ դեպրեսիան մեծացնում է անքնության ռիսկը, և հակառակը՝ անքնությունը կարող է մեծացնել դեպրեսիայի հավանականությունը:

  Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց տվեց, որ դիաբետով տառապող միջին տարիքի և տարեց ավելի քան 7000 մարդկանց քառորդ մասն ուներ քնի խանգարումներ: Մոտ 77 տոկոսը քնելու հետ կապված այնպիսի խնդիրներ են ունեցել, ինչպիսիք են քնելու դժվարությունը, շնչառության խանգարումը կամ ցերեկային քնկոտությունը: 

Ինչպե՞ս է քունը ազդում առողջ սննդակարգի և քաշի կորստի վրա

  Գոյություն ունեն սովի երկու հիմնական հորմոններ՝ ախորժակը փակող լեպտինը և ախորժակը խթանող գրելինը:

«Երբ լավ չեք քնում, լեպտինի մակարդակն ընկնում է, իսկ գրելինը՝ բարձրանում: Արդյունքում ՝ դուք դժգոհ եք ձեր ընդունած ուտելիքից, բայց միևնույն ժամանակ ավելի շատ եք ուտում, հատկապես քաղցր ուտելիքներ, որոնք կարող են արագ էներգիայի աղբյուր լինել ձեր օրգանիզմի և ուղեղի համար», - ասում է Բիդվելը:  

Ինչպե՞ս բարելավել քունը, եթե ձեզ մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ

  Հետազոտողները մի քանի կետեր են առանջնացրել, որոնք վերաբերում են բոլորին, հատկապես տիպ 2 դիաբետով հիվանդներին․

  • Ամենօրյա հստակ ժամեր սահմանեք քնելու և արթնանալու համար: Երբ հանգստյան օրերին երկար եք քնում, իսկ երկուշաբթի ավելի վաղ արթնանում, խանգարվում է օրգանիզմի ռիթմը։  Ուստի այդ ժամերը սահմանեք ամեն օրվա համար, քնի որակը բարելավելու և կառավարելու նպատակով։
  • Խուսափե՛ք քնելուց առաջ բջջային հեռախոսի էկրանը թերթելուց։ Երբ մտնում եք անկողին և հեռախոսը վերցնում ձեռքը, դրա կապույտ լույսը խանգարում է մելատոնինի՝ «քնի հորմոնի» սինթեզին։
  • Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն օգնում է բարելավել ինսուլինի հանդեպ զգայունությունը, այլև բարելավում է քնի որակը։
  • Պահպանե՛ք քնի հիգիենան: Ձեր ննջասենյակում գիշերային վարագույր ունեցե՛ք, քնելուց առաջ օդափոխե՛ք սենյակը։
  • Քնելուց առաջ ցնցուղ ընդունե՛ք, զբազվե՛ք մաշկի խնամքով, գիրք կարդացե՛ք։ Այս ամենը կօգնի ձեզ նվազեցնել քրոնիկ հիվանդությունների հետևանքով առաջացած անհանգստությունը։
  • Խուսափե՛ք կոֆեինից և ալկոհոլից քնելուց առնվազն 8 ժամ առաջ, քանի որ երկուսն էլ կարող են ազդել քնի որակի վրա:
  • Խուսափե՛ք ծանր կերակուրներից, հատկապես քնելուց առաջ, քանի որ դրանք կարող են բարձր պահել արյան մեջ շաքարի մակարդակը ամբողջ գիշեր, ինչը կազդի քնի որակի վրա:


Բժշկական Նորություններ