Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նոր տվյալներ Pfizer և Moderna պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ

Նոր տվյալներ Pfizer և Moderna պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ

2021-06-16

  ԱՄՆ-ի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու Pfizer-BioNTech և Moderna պատվաստանյութերի իրական արդյունավետությունը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործում, ըստ Victoria Health News-ի, այս մասին գրում է ամերիկյան news-medical. net կայքը։

  ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հետազոտող  Մարկ Թոմսոնը և COVID-19-ի արձագանքման թիմի նրա գործընկերները պարզել են, որ պատվաստանյութերը բավական արդյունավետ են վիրուսին բնորոշ ախտանշանները և հիվանդության տևողությունը նվազեցնելու հարցում։  

  Մոտ 4000 մարդու մասնակցությամբ պրոսպեկտիվ ուսումնասիրությամբ պարզել է, որ երկու դեղաչափով ամբողջական պատվաստումը  արդյունավետ է SARS-CoV-2 վարակի կանխարգելման գործում 91% -ով, իսկ մեկ դեղաչափով մասնակի պատվաստումը՝ 81%-ով:

  Մասնակի կամ ամբողջական պատվաստում անցած մարդկանց մոտ դիտվել է վիրուսային ՌՆԹ-ի ցածր մակարդակ, վիրուսին բնորոշ ախտանշանների զարգացման ավելի ցածր ռիսկ, և հիվանդությունն ավելի կարճ է տևել՝  ի տարբերություն չպատվաստված մարդկանց:

Ի՞նչպես է անցել հետազոտությունը

  Թոմսոնը և նրա գործընկերները վերլուծել են ԱՄՆ ութ նահանգներից հավաքագրված առողջապահության ոլորտի թվով 3975 աշխատողների, շտապօգնության անձնակազմի, առաջնային օղակի այլ բուժաշխատողների տվյալները, ովքեր պատվաստվել էին SARS-CoV-2- դեմ 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում:

  Հետազոտողները գնահատել են մասնակի և ամբողջական պատվաստումների արդյունավետությունը SARS-CoV-2 վարակի կանխարգելման գործում՝ համեմատելով պատվաստված մարդկանց վիրուսային ՌՆԹ-ն պատվաստում չանցած, սակայն վարակված մասնակիցների ՌՆԹ-ի հետ: Թիմը նաև համեմատել է պատվաստված և չպատվաստված մարդկանց մոտ վիրուսին բնորոշ ախտանշանները և COVID-19-ի տևողությունը։

  Պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատվել է ամբողջական պատվաստումից (երկրորդ դեղաչափի ընդունումից 14 կամ ավելի օր հետո) և մասնակի պատվաստումից  (մեկ դեղաչափից հետո 14 կամ ավելի օր կամ երկրորդ դեղաչափից հետո մինչև 13 օր) հետո ստացված արդյունքների հիման վրա։

  Մասնակիցների մի խումբը ստացել էր Pfizer-BioNTech, մյուս խումբը՝ Moderna պատվաստանյութը, և դրանց արդյունավետությունը հաշվարկվել էր՝   ելնելով այդ մարդկանց գործունեությունից և ըստ տարածաշրջանի՝ վիրուսի տարածվածության աստիճանից։

  Ուսումնասիրության միջոցով պարզվել է, որ RT-PCR-ով հաստատված SARS-CoV-2 վարակակիրների թիվը 204 էր (5,1%), որոնցից 16-ը մասամբ կամ ամբողջությամբ պատվաստվել էին, իսկ 156-ը պատվաստված չէին:

  Պատվաստման արդյունքը դեռևս անորոշ էր թվով 32 անձանց համար (առաջին դեղաչափը ստանալուց հետո չէր անցել 14 օր)։

  SARS-CoV-2-ի դեմ պատվաստումների արդյունավետությունը գնահատվել է 91% ամբողջական պատվաստումների, և 81%՝ մասնակի պատվաստումների դեպքում:

  Վերլուծությունը ցույց է տվել, որ վիրուսային ՌՆԹ-ի թիվը 40.2%-ով նվազել է նույնիսկ մասնակի պատվաստումից հետո:

  Մասնակի պատվաստում անցած մարդկանց միայն 25% -ի մոտ է եղել COVID-19-ին բնորոշ բարձր ջերմություն, պատվաստում չանցած անձանց 63,1% -ի համեմատ, ինչը մարմնի բարձր ջերմության առաջացման ռիսկի 58% նվազում է համարվում առնվազն մեկ դեղաչափով պատվաստումից հետո:

   «Ստացված դրական արդյունքները հատկապես կարևոր են առաջնային օղակի բուժաշխատողների համար, քանի որ նրանց՝ Քովիդ 19-ով վարակվելու հավանականությունը շատ ավելի բարձր է․ պատվաստումները կօգնեն ժամանակին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար», - եզրակացնում է Թոմսոնը:


Բժշկական Նորություններ