Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

2021-06-25

  Հունիսի 26-ը թմրանյութերից կախվածության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Այս տարվա կարգախոսն է՝  «Կիսվիր փաստերով, փրկիր կյանքեր»:

  «Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ-ն ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի  և  ԱՍՀՆ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր՝  «Ավելի շատ իմացություն ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողով:

  «Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Կարոլինա Սահակյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թ-ին: Գործունեության ուղղությունները վեբինարներն են և տարբեր թեմատիկ միջոցառումները: Նպատակը՝ հասարակության իրազեկման բարձրացումն է՝  թմրամիջոցների վնասկար և կործանարար հետևանքների հետ կապված: Դա անում են  կրթական, մշակութային, սպորտային և առողջապահական ծրագրերի միջոցով:

 «Այս 2 տարվա մեջ իրականցրել ենք 10 մասնագիտական վեբինար, որին  մասնակցել են 500 հոգի: Այս տարի եռօրյա ծրագիր է:  Առաջիկայում, նախնական համաձայնությամբ իրականցնելու ենք 2 ծրագիր, մեկը քաղաքապետարանի հետ համատեղ՝ Երևանի կամարանցումներում թեմատիկ իրազեկման գրաֆիտիներ ենք անելու և  2-րդը՝  ավագ դպրոցների  երեխաների ծնողների համար առաջին օգնության իրազեկման ծրագրեր»,-նշեց նա:

  Հաշվառված թմրամիջոց օգտագործողների քանակն այս պահի դրությամբ Հայաստանում կազմում է մոտ 7500 հոգի, որից 150-ը կին է: Տարիքային խմբերը  գերազանցապես կազմում են 30-ից մինչև 50 տարեկան անձինք:

  «Պետք է հաշվի  առնենք այն հանգամանքը, որ թմրամիջոց օգտագործողների պաշտոնական թիվը ամբողջությամբ չի արտահայտում իրական պատկերը, որովհետև մարդիկ խուսափում են և չեն դիմում բժշկական հաստատություններ՝ հաշվառման նպատակով»-, ասաց ԱՆ թմրաբանության գծով խորհրդատու, ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:

   Կախվածություն ունեցող անձանց բուժումը,   թմրամիջոցներից թե այլ հոգեմետ միջոցներից,  ՀՀ քաղաքացիների համար  իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում:

  «Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ բուժման արդյունավետությունը և որակը հնարավորինս բարձր  մակարդակի վրա լինի: Ինչի համար վերջին տարիներին ներդրել ենք սոցիալ-հոգեբանական ծառայություն, որը միջազգայնորեն ընդունված, ԱՀԿ-ի կողմից առաջարկվող  մոտեցում է: Այսինքն՝ դեղորքայքային բուժմանը զուգահեռ՝ պացիենտներին, երբեմն էլ  նաև նրանց ընտանիքի անդամներին, տրվում է  ուժեղ և ինտեսիվ  սոցիալ-հոգեբանական աջակցություն»,-  նշեց Սուրեն Նազինյանը:

  Թմրանյութային կախվածությունը շատ հաճախ պատճառ է դառնում  ընտանիքներից՝  երեխաների բաժանման  ու մեկուսացման։

  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը տրամադրում է սոցիալ-հոգեբանական աջակցություն  թմրանյութերից կախվածություն ունեցող և թմրանյութ օգտագործող դեռահասներին, ինչպես նաև թմրանյութ օգտագործող ծնողներին:

  «Կարևորում ենք  այս գիտաժողովին մասնակցությունը, որովհետև մեր կենտրոնի կարևորագույն նպատակներից է նաև երեխաների և ընտանիքների վերամիավորումը», ասաց ՀՀ ԱՍՀՆ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Սիրանույշ Անտոնյանը:

  «Ուրախալի է, որ թեման ինքնին դարձել է բաց և քննարկելի: Փոխվել է վերաբերմունքը   թմրանյութեր օգտագործող մարդկանց նկատմամբ: Եթե առաջ նրանք ընկալվում էին որպես հակահասարակական անուղղելի էակներ, հիմա թմրանյութային կախվածություն ունեցող անձանց ավելի շատ ընկալում են մարդիկ, որոնք ունեն սոցիալական, բժշկական, հոգեբանական աջակցության կարիք և նրանք կարող են փոխվել,  հաղթահարել այդ ճանապարհը և լիարժեք սոցիալականացվել»,- ընդգծեց Սիրանույշ Անտոնյանը:

  Նա նշեց նաև, որ նկատելի է մարդկանց դիմելիության դրական տեղաշարժ, որը կապված է աջակցող կառույցների նկատմամբ օրեցօր աճող վստահությամբ: 

Նշենք, որ գիտաժողովին ներկայացվեց 20 զեկույց:


Բժշկական Նորություններ