Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Լավագույն լուծումը  կանխարգելումն է

Լավագույն լուծումը կանխարգելումն է

2021-07-06

  «Ակնաբուժությունը Հայաստանում համարվում է բավականին զարգացած ճյուղ: Հայաստանում արվում են ժամանակակից գրեթե բոլոր վիրահատությունները և բավականին բարձր մակարդակով: Սակայն ինչպես բժշկության  մյուս ճյուղերը, ակնաբուժությունն էլ  ունի իր խնդիրները»,- «Victoria health news»-ի հետ զրույցում ասաց ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը:

  «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի   Ակնաբուժական կլինիկայի  աչքի անոթային բաժանմունքի վարիչ Գևորգ Բարաղամյանը,  օրական կատարելով մեծաքանակ վիրահատություններ, առնչվելով ակնաբուժական տարբեր խնդիրներ ունեցող  բազմաթիվ բուժառուների հետ, կարծում է, որ հնարավոր է ազգաբնակչության շրջանում նվազեցնել բարդացման փուլի հասած ակնաբուժական մի շարք հիվանդություններ՝ զարգացնելով առաջնային օղակն ու  ներդնելով գործող մեխանիզմներ:

  Նրա խոսքով,  Հայաստանում մարդիկ բժշկի են դիմում այն ժամանակ, երբ արդեն հիվանդությունը գտնվում է ծանր փուլում, որի ժամանակ բուժօգնությունն անգամ անօգուտ է դառնում, որովհետև հնարավոր չի լինում բարձրացնել հիվանդի կյանքի որակը:

  «Մեզանում, սովորաբար, մարդը դիմում է բժշկի, երբ արդեն ունի գանգատ: Օրինակ, վատ տեսողությունը, հաճախ, մարդիկ վերագրում են տարիքին՝ համարելով, որ նորմալ երևույթ է, այն ինչ նրանց մոտ կարող է հայտանբերվել ուշացած գլաուկոմա կամ հատակի այլ խնդիր, կամ էլ դիաբետի հետ կապված ինչ-ինչ բարդություններ: Իսկ նման դեպքերում, ուղղակի հնարավոր չի լինում լիարժեք օգնություն ցուցաբերել»-ասաց  Գևորգ Բարաղամյանը:

   Գլաուկոման այն  հիվանդությունն է, որի գոյության մասին  մարդն իմանում է այն ժամանակ, երբ հիվանդությունը գտնվում է  արդեն  3-րդ փուլում, քանի որ մինչ այդ հիվանդությունն իրեն զգացնել չի տալիս:

   Ըստ նրա, աշխարհում արդեն իսկ կան արդյունավետ մեթոդներ, որոնք կարող են  կիրառվել Հայաստանում. «Եվրոպական երկրներում, օրինակ, բոլորն ունեն բժշկական ապահովագրություն և նրանք տարեկան  գոնե 1 անգամ պետք է անցնեն պարտադիր բուժզննում: Կամ եթե յուրաքանչյուր 6 ամիսը մեկ թոշակառուն չի դիմում  ակնաբույժի՝ զրկվում է վարորդական իրավունքից: Դրա լավն այն է, որ հիվանդությունն հայտնաբերվում է  վաղ փուլում և հնարավոր է լինում կանխարգելել այն: Դրա շնորհիվ է, որ    հաշմանդամության  կամ բարդացած դեպքերը այնտեղ քիչ են»:

  Գևորգ Բարաղամյանի կարծիքով,  այս խնդիրը լուծելի է, պարզապես պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ և  ներդրվեն հատուկ մեխանիզմներ. «Պետք է ամրացնենք առաջնային օղակը, որը, համոզված եմ, կկարողանա ցուցաբերել որակյալ բուժօգնություն և միայն անհրաժեշտության դեպքում հիվանդները կուղղորդվեն նեղ մասնագետների մոտ»,-եզրափակեց նա:


Հարցազրույցներ