Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մանկական նյարդաբանական խանգարումներ. ներկայացնում է մանկական նյարդաբան Արծրուն Հակոբյանը

Մանկական նյարդաբանական խանգարումներ. ներկայացնում է մանկական նյարդաբան Արծրուն Հակոբյանը

2021-07-21

  0-ից 18 տարեկան երեխաների շրջանում հաճախ հանդիպող նյարդաբանական խնդիրների մասին  «Victoria health news»-ը զրուցել է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մանկական նյարդաբան Արծրուն Հակոբյանի հետ (ամբիոնի կլինիկական բազան տեղակայված է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում):

Որո՞նք են ամենից շատ  հանդիպող մանկական նյարդաբանական  խանգարումները

  -Նախ նշեմ, որ մանկական նյարդաբանության ոլորտը  զբաղվում է 0-ից մինչև 18 տարեկան երեխաների նյարդային համակարգի  հիվանդություններով, խանգարումներով և տարբեր ֆունկցիոնալ դրսևորումներով: Հիմնական խանգարումները կարելի է բաժանել 3 խմբի՝ հենաշարժողական խանգարումներ, մտավոր հետամնացություն, նոպայաձև խանգարումներ:

Մանկական ուղեղային պարալիզ

  - Հենաշարժողական խանգարումները հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում նյարդային համակարգի  տարբեր  վնասումների, հիմնականում թթվածնային քաղցի (հիպոքսիա) հետևանքով առաջացած շարժողական խանգարումներն են: Ամենածանր դրսևորումը մանկական ուղեղային պարալիզն է, իսկ ավելի թեթև դրսևորումը շարժողական զարգացման հապաղումն է (երեխան գլուխը ուշ է պահում, ուշ է նստում, ուշ է քայլում, շարժումները կորդինացված չեն, հաճախ է  ընկնում, նկատվում են ոտնաթաթերի տարբեր ախտաբանական դիրքեր): Այդ շարժողական խանգարումների մի մասը տարիքի հետ կարող է անցնել: Ավագ հասակում երեխաների մի մասը  ֆիզկուլտուրայից հետ է մնում, ակտիվ չէ խաղերում, շարժուձևի մեջ  խառնափնթոր է, ձեռագիրը դժվար ընթեռնելի է և այլն:

Մանկական ուղեղային պարալիզի հիմնական բուժօգնությունը

  -Այստեղ նյարդաբանի դերակատարումը այնքանով է, որ նա պետք է ճշգրիտ ախտորոշի հիվանդությունը, լիարժեք նկարագրի տուժած ֆունկցիաները և դրանց ծանրության աստիճանը:  Կլինիկական զննման հետ մեկտեղ կատարվում են  ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային  կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Նշեմ, որ  ծննդատներում իրականացվում են նորածնային սքրինինգներ, այդ թվում նյութափոխանակային (բնածին հիպոթիրեոզ, ֆենիլկետոնուրիա), կոնքազդրային հոդերի, լսողության և  տեսողության  հետ կապված:  Մինչև 1500 գրամ քաշով  ծնված երեխաների ռետինոպաթիան է ախտորոշվում, որպեսզի վաղ հասակում ավելի արդյունավետ բուժվի ակնաբույժների կողմից: Այսինքն՝ արդեն իսկ ծննդատանը  մեծ թվով սքրինինգներ են արվում, որոնք հնարավոր խանգարումների վաղ հայտնաբերման և մանկական հաշմանդամության կանխարգելման արդյունավետ միջոցառումներ են:

   Շարժողական խանգարումների բուժման հիմնական միջոցը նյարդազարգացողական բուժումն է՝ կինեզիթերապիան, ինչը նպաստում է մկանային տոնուսի կարգավորմանը, մարմնի և վերջույթների ախտաբանական դիրքերի շտկմանը, ինչպես նաև երեխայի շարժողական հմտությունների ձևավորմանը: Ակտիվ շարժումների ծավալի երկարատև սահմանափակումները հանգեցնում են երեխայի տարբեր հոդերում կոնտրակտուրաների առաջացմանը, որի դեպքում ցուցված է վիրահատական միջամտությունը:

   Նշեմ, որ հաշմանդամության կարգավիճակ ունեցողների մեծ մասը՝ մանկական ուղեղային պարալիզով  երեխաներն են:  

Մտավոր հետամնացություն

  -Երկրորդ մեծ խումբը, որը նույնպես հաշմանդամության է հանգեցնում, մտավոր հետամնացությունն է: Վաղ հասակում նկատվում է հոգեկան զարգացման հապաղում: Կան հոգեբանական թեստեր, որոնց միջոցով հոգեբաններն  արդեն 2 տարեկանից  գնահատում են երեխայի հոգեկան զարգացումը  և դրա շնորհիվ քանակական  գնահատական է տրվում երեխայի բոլոր ոլորտների զարգացմանը, այն է՝ սոցիալական շփում, խոսք (արտահայտչական,ընկալողական), և այդ բոլորը թույլ է տալիս, որ վերականգնողական միջոցառումներն ավելի հասցեական լինեն:

   Եթե մտավոր զարգացման խանգարումը կայուն է մնում՝ տրվում է մտավոր հետամնացություն ախտորոշումը: Մինչև դպրոցական տարիքը այդ ախտորոշումը պետք է լինի: Թեթևները գնում են ընդհանուր դպրոց, չափավորները՝ ներառական, իսկ ծանր դեպքերը՝ գտնվում են տանը կամ խնամքի կենտրոններում, որտեղ նրանց սովորեցնում են որոշակի հմտություններ՝ ինքնասպասարկում, խնամք, տեղաշարժվելու որոշակի հմտություններ:

Հոգեկան զարգացման խանգարումներից է աուտիզմը կամ աուտիստիկ տիրույթի խանգարումները:

  Պետք է նկատել, որ աուտիզմի ախտորոշումն ավելի կատարելագործվել է, հոգեբույժներն ավելի հմտացել են և վերջին տասնամյակներում ավելի ճշգրիտ է իրականցվում դիագնոստիկան, որոնց արդյունքում վերջին տարիներին նկատվում է դեպքերի բավական մեծ աճ:

  Աուտիզմի ժամանակ խանգարվում է  սոցիալիզացիան. առաջին հերթին պակասում կամ բացակայում է  հայացքով շփումը ընտանիքի անդամների և շրջապատի անձանց հետ:  Ծնողները դա կարող են նկատել մինչև երեխայի քայլելը, կամ ավելի ուշ՝ վաղ մանկական հասակում:  Երբեմն ուշ են տանում նյարդաբանի կամ մանկական հոգեբույժի մոտ՝ մտածելով, որ երեխան  պարզապես չի սիրում շփվել:  Եվ քանի որ երեխան չի շփվում, իսկ շփման միջոցը խոսքն է, հետևաբար խոսքը չի ձևավորվում, եթե խոսքը չի ձևավորվում, ապա հետագա տարիներին տուժում է գիտելիքների ձևավորումը:  

  Աուտիզմով երեխաներն ունեն լավ լսողություն, տեսողություն, իդեալական տեսք, չկան ոչ մի գենետիկ խանգարման նշաններ, ուղղակի բացակայում է սոցիալական կոնտակտը: Մենք իրենց համար կարծես թե առարկաներ լինենք, ունեն ստերիոտիպեր, ավելորդ ավտոմատ կրկնվող  շարժումներ,  սիրում են պտտվել իրենց առանցքի կամ շրջապատի առարկաների շուրջը:

Աուտիզմը դարի հիվանդություն է համարվում, որովհետև խանգարված է սոցիալիզացիան, ուստի և  նրանք ավելի խոցելի են համարվում:

Նոպայաձև խանգարումներ

  -Մյուս մեծ խումբը  նոպայաձև խանգարումներն են: Նոպայաձև խանգարումների  հիմնական կորիզը  էպիլեպսիան է, բայց կարող է լինել նոպայաձև խանգարում՝ առանց էպիլեպտիկ երանգի, որը լուրջ և երկարատև բուժում չի պահանջում:

  Էպիլեպսիան երկարատև, կանխարգելիչ դեղորքայքային բուժում (խմելու ձևով տրվող) պահանջող խանգարում է:

  Նոպայաձև խանգարումները կարող են սկսվել նորածնային շրջանից. քնի մեջ երեխան դեմքը ծամածռում է, վեր է թռնում,  ոտքը ձգում է, ճչում է, վախի նոպաներից արթնանում է, ավելի մեծերը՝  քնի մեջ խոսում են,  ատամներն են կրճտացնում, լուսնոտությունը՝  այս բոլորը նոպայաձև են և կարող են լինել ինչպես էպիլեպտիկ, այնպես էլ ոչ էպիլեպտիկ բնույթի:

  Դրա համար կա հստակ հետազոտություն՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆիա  (Էլեկտրաուղեղագրություն): Հստակ ախոտորոշում  տալը շատ կարևոր է, ինչից կախված են նաև դեղի ընտրությունը և դրա քանակի որոշումը: Անչափ կարևոր է նաև երեխայի ծնողի կրթումը, ով կազմերպում է երեխայի խնամքը, այդ թվում դեղի կանոնավոր ընդունումը:

  Եթե 2-4 տարվա ընթացքում (կախված էպիլեպսիայի համախտանիշից) երեխան էպիլեպտիկ նոպա չի ունենում և ախտաբանական էլեկտրաուղեղագիրը դառնում է նորմալ, դեղի քանակն աստիճանաբար նվազեցվում է, իսկ ավելի ուշ՝ հանվում:

  Ոչ էպիլեպտիկ նոպայաձև խանգարման օրինակ է՝ լացելիս երեխան պահում է շունչը և կապտում կամ գունատվում: Այն տարիքի հետ  անցնում է:  6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մոտ լինում է ջերմային ցնցում, որը հակաէպիլեպտիկ երկարատև բուժում չի պահանջում:

  Նախադպրոցական տարիքում  և տարրական դասարաններում սովորող և նյարդային համակարգի ախտահարում չունեցող երեխաների մոտ առաջացած էպիլեպսիայի դեպքերի մեծ մասը հաջողությամբ բուժվում է, իսկ այդ երեխաները մեկընդմիշտ կարող են ազատվել նոպաներից:


Հարցազրույցներ