Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Միայն  պատվաստումները չեն կարող կանխել COVID-19-ի դելտա տարբերակի տարածումը

Միայն պատվաստումները չեն կարող կանխել COVID-19-ի դելտա տարբերակի տարածումը

2021-09-01

  Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստումները միայն առաջին քայլն են կորոնավիրուսի նոր շտամների դեմ պայքարում, անհրաժեշտ է  նաև դիմակ դնել և սոցիալական հեռավորություն պահպանել: 

  «Victoria health news»-ը ներկայացնում է «Nature Scientific Reports»  ամսագրում վերջերս հրապարակված զեկույցը:  Ըստ այդ զեկույցի, հետազոտողները  համակարծիք են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նորացված ուղեցույցների հետ, որոնցում բնակչությանը խորհուրդ է տրվում կրել դիմակ   փակ տարածքներում և մարդաշատ վայրերում, անգամ եթե նրանք պատվաստված են COVID 19-ի դեմ, իսկ չպատվաստված մարդկանց խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ պատվաստվել դիմացկուն շտամի  տարածումը նվազեցնելու համար։

  Հետազոտողները նշել են, որ հակառակ սպասելիքներին, երբ բնակչության զգալի մասը պատվաստվեց, և ոչ դեղորայքային կանխարգելիչ միջոցառումները (կրել դիմակ  և պահպանել սոցիալական հեռավորություն), թուլացան, դիմացկուն շտամի տարածման հավանականությունը զգալիորեն աճեց։ Այս փաստը հաստատում է նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC)։

  Ըստ գիտնականների,  պատվաստանյութերը կանխում են հիվանդության ծանր ընթացքը 90 տոկոս դեպքերում, սակայն կարող են պակաս արդյունավետ լինել վարակի տարածումը և դրա փոխանցումը կանխարգելելու հարցում:

  Ավստրիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Սայմոն Ռելլան, ով մասնակցել է հետազոտությանը, լրագրողներին ասել է, որ պատվաստանյութերի հանդեպ կայուն շտամը «առավելություն» ունի դասական շտամի նկատմամբ,  ինչը նշանակում է, որ այն ավելի արագ է տարածվում բնակչության շրջանում այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը պատվաստվում է:

  Իր հերթին, նույն ինստիտուտի գիտաշխատող Ֆյոդոր Կոնդրաշովը բացատրել է, թե ինչպես են պատվաստանյութերի հանդեպ կայուն շտամները դառնում ավելի վարակիչ, քան դրանց նախորդող տեսակները.

  «Որպես կանոն, որքան շատ մարդիկ վարակվեն, այնքան ավելի մեծ են պատվաստանյութի նկատմամբ դիմադրողականության զարգացման հնարավորությունները: Որքան ավելի վարակիչ է Դելտա շտամը, այնքան ավելի շատ պետք է մտահոգվել: Դելտա շտամի տարածումը կանխելու համար կա երկու գործիք՝ պատվաստանյութերն ու  դիմակները»:

  Ֆ. Կոնդրաշովը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ամբողջ աշխարհում հնարավորինս արագ պատվաստել հնարավորինս շատ մարդկանց:

  Հետազոտողները հորդորում են օրենսդիր մարմիններին դեռևս չհանել համաճարակի վերաբերյալ բոլոր սահմանափակումները:

 


Բժշկական Նորություններ