Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Արյան անալիզները կարող են փոխարինել մամոգրաֆիայի մեթոդին

Արյան անալիզները կարող են փոխարինել մամոգրաֆիայի մեթոդին

2021-09-23

  Բրիտանացի հետազոտողների կողմից իրականացված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մամոգրաֆիայի փոխարեն պարզ արյան անալիզի միջոցով կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել 5 տարի ավելի շուտ, ինչի շնորհիվ բուժումը կարելի է սկսել ավելի վաղ, այս մասին, ըստ Victoria health news-ի, գրում է ամերիկյան Newsbreak. Com կայքը։

  Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնականները մշակել են արյան անալիզի նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր կլինի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդին ախտորոշել՝ նրա մոտ ախտանշանների ի հայտ գալուց հինգ տարի առաջ: Քանի որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է, և ամեն տարի մոտավորապես  55 հազար կնոջ մոտ ախտորոշվում է այս հիվանդությունն ու թվով 11 հազար 500 կին մահանում է դրանից, արյան անալիզի նոր մեթոդի շնորհիվ հնարավոր կլինի հազարավոր կյանքեր փրկել։

  Հետազոտության համար գիտնականները վերցրել են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ 90 կանանց արյան նմուշները և դրանք համեմատել են կրծքագեղձի քաղցկեղ չունեցող 90 կանանց արյան նմուշների հետ:

  Նրանք կիրառել են սկրինինգային տեխնոլոգիա` կրծքագեղձի քաղցկեղի աուտոհակամարմինների առկայությունը հայտնաբերելու համար:

  Թեստի միջոցով հնարավոր է եղել կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշել հետազոտությանը մասնակցող կանանց 37% -ի մոտ և բացառել մյուս 79% -ի մոտ դրա առկայությունը:

  Փորձագետները արյան անալիզի արդյունքներն անվանել են «խոստումնալից» և նշել, որ այն կկիրառվի կանանց հետազոտելու համար, հնարավոր է, որ կփոխարինի մամոգրաֆիայի մեթոդին և հնարավորություն կտա սկսել կրծքագեղձի քաղցկեղի բուժումը ավելի վաղ փուլերում։

  Նոր հետազոտությունը ներկայացվել է Անգլիայի Գլազգո քաղաքի քաղցկեղի հետազոտությունների ազգային ինստիտուտում (NCRI։ Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են ավելի մեծ քանակությամբ փորձարկումներ արյան այս տեսակի անալիզի ճշգրտությունը հաստատելու համար, և ակնկալում են, որ այս մեթոդը հասանելի կդառնա հինգ տարվա ընթացքում:


Բժշկական Նորություններ